Մեկնաբանություն

28.05.2013 23:00


Արտոնված «հայրենասիրություն»

Արտոնված «հայրենասիրություն»

Նախագահական նստավայրին կցված հաստիքային ու արտահաստիքային «հայրենասերների» երկու խոշոր խումբ կա։ Կախված օրվա կուրսից՝ մի մասը «հայրենասիրությամբ» է զբաղվում Ռուսաստանին քծնելով, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանին հայհոյելով։

Հայաստանի շահ, բնականաբար, այդ խմբերի համար գոյություն չունի։ Կա պատվիրատուի շահ և «հայրենասիրական» պաթոս։

Գազի թանկացումից հետո շատ մոդայիկ է դարձել հակառուսական հիստերիան։ Իսկ դա նշանակում է, որ սովետահայ մտավորականությունն այժմ պարապուրդի է մատնված։ «Կպել» է «արևմտամետ» հաճախորդների գործը։

Բաղրամյան 26–ից այլոց շուրթերով ամենաշատը տարածվող բառն այժմ դարձել է «դեմարշը»։ Զգացվում է շրջաբերականի առկայությունը։

Եթե հավատալու լինենք հակառուսական հռետորաբանությամբ «հայրենասերների» ասածներին, ապա Սերժ Սարգսյանը, չմասնակցելով ՀԱՊԿ գագաթնաժողովին, դեմարշ է անում Վլադիմիր Պուտինի դեմ։ Այդպիսով քարոզիչներն ուզում են ասել, թե գազի գնի հետ կապված՝ Սերժից մի բողոքեք, քանզի ինքն անում է՝ ինչ կարողանում անում է. հրե՛ն, «դեմարշ» արեց։

Իրականությունը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանը վաղուց է համաձայնել գազի թանկացմանը, սակայն խնդրել է, որ Կրեմլն այդ մասին չբարձրաձայնի մինչև ընտրական գործընթացների ավարտը։ Ռուսներն ընդառաջ են գնացել այդ խնդրանքին, ու հիմա անհասկանալի է, թե ինչո՞ւ է Սերժը հետին թվով սուր ճոճում։ Ընդ որում՝ դա անելով ուրիշների միջոցով։

Եթե Սերժը, իրոք, ասելիք ունի, ապա թող ելույթով հանդես գա։

Ուշադրությո՛ւն դարձրեք. գազի գնի մասով Սերժ Սարգսյանի միակ խոսքը եղել է այն, որ դրա գինը չի բարձրանալու։ Նա այդ մասին հայտարարեց փակ ասուլիսի ժամանակ։ Դրանից հետո Սերժը որևէ կերպ չի արտահայտվել գազային թեմայով։

Դե եթե չի խոսում, ուրեմն լռությունը համաձայնության նշան է։ Այսինքն՝ նա համաձայնել է ռուսների պայմաններին, բայց ներքին ու արևմտյան լսարանների համար «հակառուս» է խաղում ուրիշների միջոցով։ Մի խոսքով՝ թամաշա է անում։ Իսկ Բիշքեկ չմեկնեց, քանզի ռուսները կարող էին բարձրաձայնել վաղուց համաձայնեցված կետերի մասին ու հայաստանյան լսարանի մոտ Սերժին «քաշել»։

Ինչ վերաբերում է գազի թանկացմանը, ապա երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ ՌԴ–ն իրեն ռազմավարական գործընկերոջ պես չի պահում՝ Հայաստանին մատակարարվող ռազմավարական նշանակության այդ ապրանքի գինը բարձրացնելով, սակայն հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» պատճառով ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները վատացել են։ «Անկախ» մամուլն այդ վիճակը փորձում է ներկայացնել, թե իբր դա տեղի է ունեցել Արևմուտքի հետ մեր ջերմ հարաբերությունների հաստատման պատճառով, բայց նման բան չկա։ Ցո՛ւյց տվեք մեկ իրական ապացույց, որ 2008–ից հետո ՀՀ–Արևմուտք հարաբերությունները որակական փոփոխության են ենթարկվել։ Եթե փոփոխություն էլ կա, ապա դեպի վատը։ Ո՛չ արևմտյան ներդրումներն են ավելացել (դրանք զգալիորեն նվազել են), ո՛չ արևմուտքի ճնշմամբ հայ–թուրքական սահմանն է բացվել, ո՛չ Ղարաբաղի հարցում ենք արևմտյան աջակցություն ստացել, ո՛չ Ցեղասպանության ճանաչումն է շարունակվել (Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ 2012թ. ընտրությունների ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական խոստումների մեջ շրջանցեցին Հայոց ցեղասպանության հարցը, իսկ եվրոպական երկրներում «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո ցեղասպանության ճանաչման հարցը սառեցվել է), ո՛չ էլ Հայաստանն է ավելի մոտեցել արևմտյան արժեքներին։

Մենք կորցրել ենք Ռուսաստանին և միաժամանակ չենք գտել Արևմուտքին։ Սա՛ է իրականությունը։ Բացի այդ՝ ո՞վ է ասել, որ Հայաստանը պետք է ԵՄ–ին ինտեգրվի ՌԴ–ի հետ հարաբերությունների վատացման գնով։ «Կամ–կամ»–ն այստեղ սխալ է։

Ո՞վ է նաև հավատում այն բլեֆին, թե իբր Սերժի արևմտամետությունն է պատճառը ՌԴ–ի կողմից իրականացվող գազային քաղաքականության։ Սերժին արևմտամետ ներկայացնելը նույնն է, թե տողերիս հեղինակին տիեզերագնաց համարես։

ՀՀԿ ղեկավարը չունի կայուն գաղափարներ, սկզբունքներ և տեսակետներ։ Հետևաբար՝ նրան «մետության» մեջ մեղադրելը կամ գովաբանելը միայն քմծիծաղ է առաջացնում։ Այնպես որ, արտոնված «հայրենասիրությունը» ոչ մի օգուտ չի կարող տալ։ Քանի՞ հավի ուղեղ ունեցողի է հնարավոր համոզել, թե իբր Սերժն առաջադեմ հայացքներ ունի, և դրա համար է Պուտինն ուզում նրան պատժել։

Ռուսաստանի համար ավելի հնազանդ ու կամակատար իշխանություն Հայաստանն իր անկախության 22 տարում չի ունեցել։ Եվ թող պարադոքսալ չթվա՝ ռուսների հետ հարաբերությունների վատացումը հենց այդ պատճառով է արձանագրվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը