Մեկնաբանություն

29.05.2013 15:55


Սերժ Սարգսյանը՝ գաղջ մթնոլորտի պատվիրատու

Սերժ Սարգսյանը՝ գաղջ մթնոլորտի պատվիրատու

Երբ որևէ պետության մեջ որևէ իշխանություն սկսում է ներքին ու արտաքին թշնամիների փնտրտուք, ուրեմն՝

ա) այդ պետության գործերը լավ չեն, տնտեսությունն անկում է ապրում, և առկա է սոցիալական ծանր վիճակ,

բ) փորձ է արվում ապաշնորհ կառավարման խնդիրներից շեղել հանրային ուշադրությունը։

Ներքին ու արտաքին թշնամիներ, որպես կանոն, փնտրում են ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմները։ Վառ օրինակներ են հիտլերյան Գերմանիան և ստալինյան ՍՍՀՄ–ը։

Գերմանիայի վատ վիճակի համար նացիստները մեղադրում էին ամբողջ Եվրոպային, իսկ ծանր սոցիալ–տնտեսական պայմանների համար՝ հրեաներին։ Թե ինչպիսի դժբախտության պատճառ դարձավ ֆաշիզմը գերմանացիների ու մյուս ազգերի համար, հիշեցնելու կարիք չկա։

Բոլշևիկյան քաղաքական համակարգը ևս միլիոնավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձավ։ Տոտալիտար հասարակարգ կառուցելու ճանապարհին Ռուսաստանը սովի մատնվեց։ Ստալինյան պրոպագանդան այդ ամենի համար մեղադրում էին տրոցկիստներին, բուրժուական Արևմուտքի գործակալներին, հրեաներին, կուլակներին, մենշևիկներին, ցարականներին և այլոց։ Որքան շատ էին նրանք կուլակաթափության կոչը խրախուսում և թալանում մարդկանց ունեցվածքը, այնքան ժողովրդի վիճակն ավելի էր վատանում։ Որքան շատ էին կուլակաթափ անում, այնքան սովածների թիվը մեծանում էր։ Ի վերջո՝ ստի, կեղծիքի, թալանի ու մարդատյացության վրա հիմնված ՍՍՀՄ–ը փլուզվեց։

Նկատենք, որ ներքին ու արտաքին թշնամիների կերպարներ ստեղծող իշխանությունները արթնացնում են մարդկանց ստորին բնազդները։ Նրանց հենարանը բոմժերն ու անգրագետ զանգվածներն են, որոնք ամենաշատն են տուժել ապաշնորհ իշխանության վարած քաղաքականությունից, բայց որոնք դառնում են կեղեքիչ իշխանության հենարանը։

Ցավալի է արձանագրել, որ հայաստանյան իշխանությունները որդեգրել են ներքին ու արտաքին թշնամու կերպարներ ստեղծելու քաղաքականությունը։

Տապալվելով ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը որոշել է թշնամու կերպարներով շեղել հանրային ուշադրությունը բուն խնդիրներից և «տակից» առաջ մղել սեփական ծրագրերը։ Բաղրամյան 26–ի տակ աշխատող գեբելսյան քարոզչամեքենան, ըստ այդմ, ձևավորում է գաղջ մթնոլորտ, որից այնքան դժգոհում էր Սերժն ինքնաասուլիսի ժամանակ։

Նախագահական նստավայրի կողմից թշնամիներ են հայտարարված Ռուսաստանը, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, օլիգարխ կոչվածները, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և բոլոր նրանք, ովքեր խանգարում են Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելուն։

Թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել փոքրիկ Հայաստանի համար Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի նեոբոլշևիկյան քաղաքականությունը, դժվար չէ կռահել։

Ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունները հուշում են, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կա՛մ պետությունն ենք կորցնելու, կա՛մ ճգնաժամից դուրս ենք գալու շատ դաժան ցնցումների միջոցով։ Սերժ Սարգսյանը համառորեն վերացնում է երրորդ՝ առանց ցնցումների փոփոխության տարբերակը։ Մեղքն իր վիզը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը