Մեկնաբանություն

30.05.2013 00:30


Տիգրան Սարգսյանի թղթաբանությունը

Տիգրան Սարգսյանի թղթաբանությունը

Մտածողության հեղափոխությունից, համեստ ապրելակերպից, բարեպաշտությունից, իշխանության և բիզնեսի տարանջատումից, ստվերի դեմ պայքարից ու նմանատիպ այլ բաներից խոսող Տիգրան Սարգսյանը, ըստ «hetq.am» կայքի հրապարակած տեղեկատվության, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից է։

Կայքը տեղեկացնում է նաև, որ նշյալ ընկերությունում վարչապետի հետ համաբաժնետերեր են Նավասարդ Կճոյանը և ոմն Աշոտ Սուքիասյան։

Ի դեպ, Աշոտ Սուքիասյանն այն մարդն է, ով 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին, այդ թվում՝ այն կազմակերպությանը, որի բաժնետերեր են վարչապետը, Կճոյանն ու Սուքիասյանը (մանրամասները տե՛ս http://hetq.am/arm/news/26891/ovqer-en-paylak-hayrapetyani-unezrkman-hexinaknery-ofshorayin-eryaky.html

Հաշվի առնելով Փայլակ Հայրապետյանի պատմածը՝ կարող ենք եզրակացնել, որ նրան Աշոտ Սուքիասյանը «քցել» է ՀՀ բարձրաստիճան իշխանավորներ վարչապետի, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորական Նավասարդ Կճոյանի հովանավորությունից օգտվելով։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք բանկ–կառավարություն–«քցող» եռամիասնության հետ։ Անհասկանալի է միայն Կճոյանի դերն այս գործում, քանզի ֆորմալ առումով նա չի տեղավորվում սխեմայի մեջ։ «Բենթլի Սամոն», թերևս, տասանորդ է վերցրել գործարքից՝ աղոթելով վարչապետի ու մյուս «օֆշորակիրների» հոգու փրկության համար։ Թե ինչն ինչոց է իրականում, ցույց կտա «հերձումը»։ Միայն իշխանափոխությունից հետո ամբողջությամբ պարզ կդառնա, թե սրանք որտեղ ինչ մատնահետք են թողել և ինչ վնաս հասցրել Հայաստանին։

Վարչապետի մամլո խոսնակը «hetq.am»–ի հրապարակման կապակցությամբ նշել է, որ վարչապետը օֆշորային այդ ընկերության սեփականատերը չէ։ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ փաստաթղթին իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով (տե՛ս http://hetq.am/arm/news/26898/varchapety-dimelu-e-datakhazutyun.html

Վարչապետի քայլը կանխատեսելի էր։ Բա հո չէ՞ր ընդունելու, որ օֆշորում կազմակերպություն է գրանցել։ Նման դեպքերում Տիգրանը միշտ Աստծո անունն է տալիս։

Եվ այսպես, Տիգրան Սարգսյանն «ատկազ» է կանգնում, որ ինքը օֆշորային ընկերության սեփականատեր է։ Թե ինչ կպարզի դատախազությունն այդ առումով, կարելի է կռահել։ Աղվան Հովսեփյանի կանտոռայից հանրությանը, ամենայն հավանականությամբ, կտեղեկացնեն, որ Տիգրանի մոտ թղթով ամեն ինչ կարգին է։ Այսինքն՝ թղթաբանությունը «OK» է։ Գործն այդպիսով կփակվի։

Եթե մենք նորմալ պետություն և լեգիտիմ նախագահ ունենայինք, ապա Բաղրամյան 26–ից պետք է հետաքրքրվեին, թե ի՞նչ կարգավիճակով է Նավասարդ Կճոյանը, ով շատ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի հետ և ով ֆորմալ առումով հոգևորական է, մասնակցել Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած բիզնես քննարկմանը։

ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ–ն աշխարհիկ պետություն է, այլ ոչ թե թեոկրատիկ։ Հետևաբար՝ տերտերն ի՞նչ գործ ունի պետություն–բիզնես հարաբերությունների մեջ, այն էլ՝ ադամանդի հարցով քննարկման ժամանակ։ Քննարկում, որի հետևանքով 10 մլն դոլարի «քցոցի» է տեղի ունեցել, և Կճոյանն էլ «քցողի» հետ համաբաժնետեր է դուրս եկել օֆշորային կազմակերպությունում։

Իրավական պետություն ունենալու դեպքում դատախազությունը պետք է պարզեր, թե ինչպե՞ս է ստացվել, որ այս իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող «Ամերիա» բանկը միլիոնավոր դոլարների հատկացումներ է արել՝ չհետաքրքրվելով, թե ինչ է կատարվում գումարի հետ։

Իսկ հայ ժողովրդին այս պատմության հետ կապված այլ հարց պետք է հետաքրքրի։ Այն 10 մլն դոլարը, որը կորել է օֆշորներում ու ֆիկտիվ կազմակերպություններում, եղել է Ռուսաստանից վերցրած վարկային միջոցներից։ Խոսքս 500 մլն դոլարի մասին է։ Այն 500 մլնի, որը փակելու համար Տիգրան Սարգսյանն այժմ ուզում է նոր պարտք վերցնել՝ միջազգային շուկայում պետական պարտատոմսեր հանելով վաճառքի։ Ասել է թե՝ վարչապետը սերունդներին ու բյուջեին ուզում է դնել նոր պարտավորության տակ։

Եթե հիշում եք, մեզ հավաստիացնում էին, թե դրսից բերվող վարկերն ուղղվելու են բիզնեսի զարգացմանը։ Հիմա արդեն ակնհայտ է, թե ինչպիսի բիզնես է զարգացվել վարկերի հաշվին, և ինչպես են օգտագործվել ֆինանսական միջոցները։

Տեղեկացնենք, որ 2008թ. հետո Հայաստանն իր արտաքին պարտքն ավելացրել է 3 անգամ՝ նույնիսկ այդ պարագայում արձանագրելով տնտեսության հետընթաց։ Իսկ դա նշանակում է, որ վարկային միջոցները կա՛մ անարդյունավետ են կառավարվել, կա՛մ մսխվել են։ Փայլակ Հայրապետյանի հետ կապված պատմությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ գործ ունենք մսխման և բառիս բուն իմաստով թալանի հետ։

Դատախազությունը կարող է մեր այս հոդվածն ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և գործ հարուցել 500 մլն դոլար վարկի օգտագործման մասով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակում է վարչապետի աթոռին պահել բոլոր առումներով ձախողված Տիգրան Սարգսյանին, ապա դա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ վերջինս հաջողել է այն ոլորտներում, որոնք ավելի կարևոր են ՀՀԿ ղեկավարի համար։ Իսկ թե որոնք են այդ ոլորտները, կիմանանք այն ժամանակ, երբ իշխանափոխություն լինի։

Վրաստանում հիմա իրենց «Տիգրան Սարգսյանին»՝ նախկին վարչապետին են դատում՝ պետական մակարդակով կազմակերպած ռեկետի համար։ Ուկրաինան նույնպես անցավ այդ փուլով։ Տարոսը մեզ։

Այս խորագրի վերջին նյութերը