Մեկնաբանություն

30.05.2013 13:25


Մտածողության հեղափոխություն օֆշորային գոտում

Մտածողության հեղափոխություն օֆշորային գոտում

«hetq.am»–ի մեր գործընկերները պարզել են, որ գործարար Փայլակ Հայրապետյանին սնանկացման հասցրած Աշոտ Սուքիասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի և տխրահռչակ Նավասարդ Կճոյանի հետ համաբաժնետեր է Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպությունում։ Այդ կազմակերպությանն են փոխանցվել միլոնավոր դոլարներ, որոնքիբրնախատեսված են եղել ադամանդագործության համար։

Փայլակը երևի չի պատկերացրել, որ ի դեմս վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի՝ գործ ունի Օստապբենդերների հետ և արդյունքում հայտնվել է տհաճ պատմության մեջ։

Նավասարդ Կճոյանից դեռ ձայն չկա։ Նա ոչ հերքել, ոչ հաստատել է «hetq.am»–ի տարածած տեղեկատվությունը։ Երևի բարձրյալի հետ է հաղորդակցվում և մեղքերի թողություն խնդրում։

Իսկ ահա Նավասարդի հետ բավական մտերիմ հարաբերություններ և «ուրույն» շփումներ ունեցող վարչապետը շտապել է իր մամլո խոսնակի միջոցով հայտարարել, թե իրենք դիմելու են դատախազություն, քանզի համոզված են, որ վարչապետի անվան տակ ինչ–որ մեկը օֆշորում սեփականություն է գրանցել։ Վարչապետի շրջապատում այս ամենն ուզում են ներկայացնել որպես դավադրություն բյուրեղյա մաքրության տեր Տիգրան Սարգսյանի նկատմամբ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Տեսնես այդ ի՞նչ բարի քեռիներ են հայտնվել, ովքեր Տիգրանի անունով օֆշորում սեփականություն են գրանցել ու մի քանի միլիոն դոլար փոխանցել։ Այստեղ են ասել՝ բախտի տերը թաղեմ, մեկը չեղավ՝ իմ անունով սեփականություն գրանցեր ու մի քանի միլիոն դոլար փոխանցեր իմ անունով բացված օֆշորային կազմակերպության հաշվի համարին։ Ինչևէ։

Աշոտ Սուքիասյանը շտապել է հերքել, որ ինքը համաբաժնետեր է վարչապետի ու Կճոյանի հետ։ Սուքիասյանն անհանգստացած է Տիգրանի ու Նավասարդի բարի համբավով և ցավում է, որ չի կարողացել հաջող բիզնես կազմակերպել, քանզի դրա հետևանքով Հայաստանում օրիորդաց դպրոց էր կառուցվելու։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի բարքեր էին տիրելու վարչապետի ու Նավասարդի հետ ընկերություն անող Աշոտի հիմնած օրիորդաց դպրոցում, և փառք Աստծո, որ այն չի բացվել, քանզի հաշվի առնելով իշխանության ներսում առկա այլասերված հարաբերությունները՝ օրիորդաց դպրոցը շատ արագ կվերածվեր այլ նշանակության կառույցի։ Ի վերջո պետք չէ մոռանալ, որ վարչապետի խորհրդական էր աշխատում մեկը, ով մանկապղծությամբ էր զբաղվել տարիներ շարունակ։ Թե ինչ խորհուրդներ էր տալիս պեդոֆիլը Տիգրանին, միայն երկուսով կիմանան։ Թողնենք, սակայն, այս հարցը և վերադառնանք օֆշորի թեմային։

Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու տնօրենը (այլ կերպ հնարավոր չէ ձևակերպել Կճոյանի ֆունկցիոնալ նշանակությունը) խառնված է ադամանդագործության մեջ։ Սա այն նույն Կճոյանն է, ով ՀՀԿ–ական գրեթե բոլոր միջոցառումների պարտադիր «ատրիբուտներից» է և «հոգևոր» բաղադրիչը։ Փաստորեն, մեզանում սողացող տարբերակով կղերապետություն է ստեղծվում։ Տերտերները մտել են բիզնեսի ու քաղաքականության մեջ՝ տոկոս «խփող» իշխանության հետ համատեղ սրբազան ավազակաորջի վերածելով պետական կառավարման համակարգը։

Գործարար Փայլակ Հայրապետյանը, վերհիշելով իր գլխին եկած դժբախտության նախապատմությունը, պատմում է, որ ՀՀ էկոնոմիակյի նախարարությունում տեղի ունեցած բիզնես–քննարկման ժամանակ Նավասարդ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը նստած են եղել Գյումրին «ծովափնյա» քաղաք դարձրած Ներսես Երիցյանի կողքին։ Իսկ դա նշանակում է, որ «քցոցին» պետական բարձրաստիճան այրերի միջոցով է եղել, կամ առնվազն նրանց լուռ համաձայնությամբ, կամ էլ՝ պաշտոնյաների հանցավոր անփութության։ Թե որ տարբերակի հետ գործ ունենք, պետք է պարզի դատախազությունը։ Չնայած՝ ամեն ինչ արդեն պարզ է։ Պատահական չէ, որ վարչապետի շրջապատում սկսել են խոսել դավադրություններից ու ինչ–որ «մութ ուժերից»։ Դա «քոքված» գրպանահատի վարքագիծ է՝ անմեղ տեսք ընդունել և խոսել «գլխին սարքոցիից»։

Տիգրան Սարգսյանը, ըստ ամենայնի, «մտածողության հեղափոխություն» անելու կոչով հանդես գալիս նկատի է ունեցել պետական պաշտոնյաների կողմից օֆշորային գոտիներում բիզնես գրանցելը և Հայաստանի ներսում իշխանության ու բիզնեսի տարանջատման համար պայքարելը։

Դատելով ամենից՝ Տիգրանը, իրոք, կողմ է բիզնեսի և իշխանության տարանջատմանը։ Նրա բիզնեսը հեռավոր օֆշորային գոտիներում է, իսկ իշխանությունը՝ Հայաստանում։ Ավելի լավ ձևով բիզնեսն ու իշխանությունը տարանջատել հնարավոր չէ։ Այսքանից հետո ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանն իր կողքից հեռացնել Տիգրան Սարգսյանին։ Բա ապահով Հայաստանն ո՞ւմ միջոցով կառուցի Րաֆֆի Հովհաննիսյանի սիրելի «ազատամարտի ռահվիրան»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը