Լրահոս

08.07.2009 16:27


Արկադի Ղուկասյան. «Ալիևն, ըստ էության, խափանում է բանակցային գործընթացը»

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով «ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հարցին, մեկնաբանել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանում արած հերթական կոշտ հայտարարությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գոյատևման հնարավորություն չի տեսնում իր սահմաններից դուրս և նրա կարգավիճակի մասին հարցն այսօր չի քննարկվում: Արկադի Ղուկասյանը մասնավորապես նշել է.

«Ալիև կրտսերը, ժառանգություն ստանալով Ադրբեջանը, ձևացնում է, թե շատ բան չի տեսնում, չի հիշում ու չի լսում:

Նա չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանության բարձունքից նա առավել ևս չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները, չի տեսնում հարյուր հազարավոր հայ փախստականներին Ադրբեջանից և ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին հաջողվել էր իրականացնել էթնիկ զտումներ:

Ալիևը չի հիշում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Նա չի հիշում Ադրբեջանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու ...) իրականացված հայերի ջարդերը: Չի հիշում, որ, միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ: Չի հիշում, թե Ադրբեջանի համար որքան անփառունակ վախճան ունեցավ ուժային այդ արկածախնդրությունը և ում հետ, վերջիվերջո, նա ստիպված եղավ 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել:  

Ալիևը չի լսում միջազգային հանրության կոչերը՝ վերջ տալու ռազմաշունչ հռետորաբանությանը, շփման գոտուց դուրս բերելու դիպուկահարներին, դադարեցնելու թշնամական քարոզչությունը: Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խոսել փորձում է միջնորդների, Հայաստանի, և որ ամենացինիկն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի շահերի դիտակետից:

Անգամ խաղաղության մասին խոսելիս, Ալիևը սպառնում է պատերազմով: Մեկ անգամ Ադրբեջանն արդեն պատերազմ սանձնազերծել է: Ու տրամաբանական կլիներ, եթե այսօրվա չափից ավելի ռազմատենչ Ալիևը հարցներ ինքը իր երեկվա եսին, թե որտե՞ղ էր ինքը թաքնված այն տարիներին, երբ իր հասակակիցներին որպես թնդանոթային միս ուղարկում էին ռազմաճակատ:

Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հավաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը: Ապրելով պատրանքների աշխարհում, Ալիևն, ըստ էության, խափանում է բանակցային գործընթացը»:

Այս խորագրի վերջին նյութերը