Լրահոս

01.06.2013 00:31


Բնօրրանային խնդիրներն իբրեւ հակաքայլ հատուցման պահանջներին

Բնօրրանային խնդիրներն իբրեւ հակաքայլ հատուցման պահանջներին

Թուրքական www.kultur.gov.tr կայքը «Հայկական պնդումներ եւ իրողություններ. Արեւելյան Անատոլիան հայերի հայրենի՞քն է» խորագրով հոդված է հրապարակել, որը դիտարժան մի քանի կարեւոր կետ է հաւաքել.

Նախ կայքը պաշտոնական-պետական բնույթ ունի, հետեւաբար պետական քաղաքականության համահունչ հրապարակում է։ Հոդվածի հրապարակման շարժառիթը, այնտեղ հայտնված մտքերը, շեշտադրումներն ու եզրակացությունը ըստ այնմ պետք է դիտարկել, փորձել հասկանալու համար, թե Անկարան հայկական հարցի այս թղթածրարի ուղղությամբ ի՞նչ նախապատրաստության մեջ է։

Հայ ժողովրդի բնօրրանի հետ կապված տեսությունները նոր չէ, որ արծարծվում են թուրքական պաշտոնական շրջանակների կողմից։ Այստեղ հստակ է տրամաբանությունը. պարզեցված ձեւով շեշտել, որ Արեւմտահայաստանը հայ ժողովրդի պատմական հայրենիքը չի եղել։ Մնացյալը վարկածային ոլորապտույտների մեջ առաջնորդելն է ընթերցողին։

Ժխտողականության յուրահատուկ մարտավարական քայլ են առնում Անկարայի համապատասխան բաժանմունքի վարիչները ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը։

Սա իհարկե նման չէ ցեղասպանությունը ժխտելու դասական մոտեցմանը։ Նման վարկածների առաջ քաշումը միտում ունի ձեւաւորել այն համոզումը, որ ի սկզբանե Արեւմտահայաստանը հայերի հայրենիքը չի եղել։

Թե ինչո՜ւ հիմա նման ծագումնաբանական խնդիր պետական մակարդակով է արծարծվում, արժի մտածել։ Առաջին մտածումը գնում է հակաքայլ առնելու մարտավարական դիրքորոշման ուղղությամբ։ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, երբ հետզհետե զարգանում են ճանաչումից հատուցում կամ պատմական իրաւունքների վերականգնման հրամայականները, Անկարայի մղձաւանջը ինքն իրեն վերադարձնում է բարձրաձայնելու համար, որ ի սկզբանե հայկական հողամասերը չի կարելի համարել այն տարածքները, որոնց հատուցման պատրաստության համար իրաւական թղթածրարի առաջադրանք է հայտարարում հայ ժողովուրդը՝ միաժամանակ թե՜ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՜ Սփյուռքում։

Այս մեկը ուրեմն թուրքական անհանգստության տեղի տվող լուրջ ահազանգ է, որի համար պետք է պատրաստվել եւ պատրաստել հանրային կարծիքը։ Անկարան, թվում է, որ իր գիտահետազոտական բաժանմունքներին ազդանշան է տվել այս հարցով զբաղվելու եւ ողողելու լրատվադաշտն ու գիտական աշխարհը։

Փորձենք շարունակել Անկարայի պետական քաղաքականության տրամաբանությունը։ Նման վարկածների ընդունմամբ ցեղասպանության թղթածրարը սահմանափակել սոսկ ճանաչումով։ Ահա այստեղ ընդունում-ճանաչում-ներողությունը կարող է աշխատել, եթե միջազգային ընտանիքը համոզվի տարածքների ոչ հայապատկանելիությանը։ Գործադրված ցեղասպանության համար ներողությունից անդին նույնիսկ նյութական հատուցում եւ….վերջ։

Մղձաւանջը բնօրրանային խնդրի վրա է եւ այդ իսկ պատճառով ծագումնաբանական, բնիկ թե եկվոր լինելու վրա է կենտրոնացնելու ամբողջ քարոզչաքաղաքական տեսաբանությունը։ Ճիշտ այստեղ է ուրեմն, որ հայկական կողմը պատմահետազոտական իր որոնումներում զգույշ պիտի լինի բնիկ-եկվորի ներհայկական բանավեճեր չսարքելու առումով։ Որովհետեւ, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքի այս հոդվածը իր ներածականում խոսում է հայերի պատմական հայրենիքի վերաբերյալ հայ պատմաբանների իրար հակասող տեսակետների մասին։

Հետաքրքիր է, որ բնօրրանային այս խնդիրը չի վերաբերում միայն Արեւմտահայաստանին, ինչպես հոդվածի խորագիրը հուշում էր։ Աւարտին, խոսւում է հայ ժողովրդի հարաւային կոկվասյան ցեղ լինելու հաւանականության մասին, եզրակացնելու համար, որ հայերը կովկասյան ցեղերի հետ որեւէ աղերս չունեն։

Այս վերջին տեսակետը ծառայել է Բաքվի հաշիւներին։ «Հաքին ազ» կայքն արքայազն Չարլզի Հայաստան այցելությունը մեկնաբանելով գրել է. "... Միևնույն ժամանակ հուսանք, որ, որ արքայազն Չարլզը ուշադրություն կդարձնի Հայաստանի միատարր բնակչային վիճակի վրա, որ բնականաբար հարցեր կառաջացնի բնիկ ժողովրդի մասին, որին բռնի ուժով քշել են այդտեղից..."

«Բնիկը» այստեղ ադրբեջանցիների նախնիններն են։ Հարցը պատմական անհեթեթության մասին չէ, որքան թուրք-ադրբեջանական քարոզչաքաղաքական միացյալ մեքենայի նոր արտադրության շուկայացման։

Հայկական կողմը զգոնությամբ պիտի չներքաշվի թելադրված խաղի այս նոր կանոնների մեջ։ Հայկական գիտահետազոտությունը պահանջատիրության եւ հատուցման իրաւականացման վրա պիտի կենտրոնացնի իր ներուժը։ Ճանաչմանը հաջորդող հանգրվանը հատուցումն է եւ ոչ թէ բնօրրանային խնդիրները, ինչպես որ ուզում են օրակարգի վերածել Անկարան եւ Բաքուն։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը