Լրահոս

01.06.2013 12:42


Այսօր Երևանի կենդանաբանական այգու մինչև 16 տարեկան բոլոր այցելուների մուտքը կլինի անվճար

Այսօր Երևանի կենդանաբանական այգու մինչև 16 տարեկան բոլոր այցելուների մուտքը կլինի անվճար

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար կազմակերպել է մի շարք անակնկալներ:

Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, երգ ու պար, խաղ-մրցույթներ և մանկական համերգ` տարբեր երաժշտական խմբերի ու մանկական համույթների մասնակցությամբ: Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին: Կենդանաբանական այգին իր այցելուներին կներկայանա նոր կենդանատեսակներով` պավիան համադրիլների նոր ընտանիքով և այդքան շատ սպասված սավաննայի վագրաձիով (զեբր):

Նույն օրը տեղի կունենա պտավոր բորենու նոր, ընդարձակ, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) չափանիշներին համապատասխանող ազատավանդակի պաշտոնական բացման արարողությունը, որի կառուցմանը աջակցել է HSBC Բանկ Հայաստան նախկին տնօրեն տիկին Ասթրիդ Քլիֆորդը:

Երևանի կենդաբանական այգու տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու այգու «Զու» մանկական ամսագրին, կենդանիների խնամակալության ծրագրին, ինչպես նաև այգու այլ նորություններին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տաղավարում այգու փոքրիկ այցելուները կմասնակցեն տարաբնույթ խաղ-մրցույթների, իսկ հաղթողները կարժանան խրախուսական մրցանակների:

Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մինչև 16 տարեկան բոլոր այցելուների մուտքը կլինի անվճար:

www.yerevanzoo.am

Այս խորագրի վերջին նյութերը