Մեկնաբանություն

01.06.2013 15:31


Օսկանյանի «գործը» ու Սարգսյանի «օֆշորը»

Օսկանյանի «գործը» ու Սարգսյանի «օֆշորը»

Երբ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ–ն հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, դրա հաջորդ օրը ԱԱԾ–ն փողերի լվացման մեղադրանքով գործ հարուցեց «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ։

ԲՀԿ–ական Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով խորհրդարանին դիմած գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քննարկումների ժամանակ հայտարարում էր, թե իբր պետությունն ուզում է Վարդան Օսկանյանից պաշտպանել «Սիվիլիթասի» աշխատակիցների ու «Սիվիլիթասին» փող փոխանցած Հանթսմանի շահերը։

Զավեշտականն այն է, որ Հանթսմանը հայտարարում է, թե ինքը որևէ բողոք չունի Օսկանյանից և փողերի լվացման խնդիր չի տեսնում, իսկ «Սիվիլիթասի» աշխատակիցներն էլ պայքարում են Օսկանյանի վրա գործ սարքողների դեմ, բայց իրավապահ համակարգի ներկայացուցիչները համառորեն ուզում են պաշտպանել նրանց ... Օսկանյանից։

Օրերս մի հետաքրքիր բան պարզվեց։ Որքան հետևողական են իշխանությունները Օսկանյանի դեմ ակնհայտ քաղաքական ենթատեքստով գործ սարքելու հարցում, նույնքան անտարբեր՝ փողերի լվացման բացահայտ հանցակազմ պարունակող փաստի նկատմամբ։ Բանն այն է, որ նույն ԱԱԾ–ն ու դատախազությունը որևէ կերպ չեն արձագանքում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված փողերի լվացման սկանդալային պատմությանը։

Ինչպես հայտնի է, կա փաստաթուղթ, ըստ որի՝ Տիգրան Սարգսյանը համաբաժնետեր է Կիպրոսի օֆշորում գրանցված այն կազմակերպությունում, որը 30 մլն դոլարի գույքի գրավադրման դիմաց «քցել» է գործարար Փայլակ Հայրապետյանին։ Տվյալ դեպքում կա տուժող կողմ (Փ. Հայրապետյանը), կա փաստաթուղթ, որն ապացուցում է վարչապետի կապը առանձնապես խոշոր չափերի հասնող փողերի լվացման հետ, և կա իրավապահ մարմիններին դիմող կողմ (գործարարը և «Հետք»–ի ղեկավարը, ով հայտարարել է, որ իրենց հրապարակած փաստաթուղթը դատախազությունը կարող է ընդունել որպես հանցագործության մասին հայտարարություն), բայց արի ու տես, որ դատախազությունը չի զբաղվում այդ հարցով, իսկ ԱԱԾ–ից էլ չեն ուզում այդ թեմայի շուրջը ծավալվել։

Փաստորեն, Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք է ներկայացվում այն դեպքում, երբ չկա ենթադրյալ տուժող կողմի դիմում–բողոքը (ճիշտ հակառակը՝ «տուժողները» պաշտպանում են Օսկանյանին) և հանցագործության ապացույցը, իսկ ահա Տիգրան Սարգսյանի պարագայում գործ չի հարուցվում, երբ կա տուժող կողմի բողոքը և փողերի լվացման փաստը հաստատող ապացույցը։ Սա, իրոք, մեզանում տեղի ունեցող մտածողության հեղափոխություն է, որը բոլորիս կտանի դեպի ապահով Հայաստան։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ փողերի լվացման պատմության վերաբերյալ քար լռություն է տիրում ոչ միայն «անկախ» մամուլի, այլև «քաղաքացիական» դաշտում։ Օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով կոկորդ պատռող որոշ իրավապաշտպաններ չնկատելու են տալիս վարչապետի «օֆշորը»։ Լուռ են նաև իշխանության «ողջախոհ» թևի մոլի երկրպագուներն ու հակաօլիգարխիկ պայքարի ռահվիրաները։ Իսկ դա նշանակում է, որ բողոքն արտոնված չէ, և Տիգրան Սարգսյանի «օֆշորի» շուրջը «ազգային համաձայնություն» է ձեռք է բերվել։

Այս խորագրի վերջին նյութերը