Մեկնաբանություն

01.06.2013 19:25


Սերժ Սարգսյանի «դեմարշը»

Սերժ Սարգսյանի «դեմարշը»

Երբ Սերժ Սարգսյանը չմասնակցեց Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցները, «անկախ» վերլուծաբանները և դավիթշահնազարյանները տարածեցին, թե բա չեք ասի, խիստ արևմտամետ և առաջադեմ Սերժ Սարգսյանը «դեմարշ» է արել Վլադիմիր Պուտինի դեմ։

Իրենք իրենց ու հավի ուղեղ ունեցողներին ուզում էին համոզել, որ ռուսական հատուկ ծառայություններից շնորհակալական մեդալ ստացած, ՌԴ ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգած և վերջին երկու նախագահական ընտրություններից հետո Պուտինից անհարմարության ստիճանի հասնող շնորհակալություն հայտնած Սերժ Սարգսյանը խիստ վրդովվել է գազի գնի, Մաքսային միության և այլ «մոմենտներով» ու դեմարշ է անում։

Նկատենք, սակայն, որ արտաքին քաղաքական ասպարեզում դեմարշի ընդունակ է դիմել այն նախագահը, ով չունի ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտ։ ՀՀԿ ղեկավարն այդպիսին չէ, հետևաբար՝ ծիծաղելի են այն գնահատականները, որոնք տրվում են ՀԱՊԿ գագաթնաժողովին մեկնել–չմեկնելու հետ կապված։

Խնդիրն այն չէ, որ Պուտինը դեմարշի արժանի է կամ արժանի չէ։ Խնդիրն այն է, որ Սերժի դեմարշը վիրտուալ տարածքում էր և հետապնդում էր լրիվ այլ նպատակ։ Դա յուրահատուկ դեմարշ էր, քանզի դեմարշ անողը չէր խոսում, բայց իր փոխարեն դեմարշի ֆոն էին ապահովում գեբելսյան քարոզչամեքենան ու քաղաքական դաշտի հաճախորդները։ Հիմա դրանք բոլորը հերթական անգամ «քաշվեցին», և ահա թե ինչու։

Այն, որ դեմարշի թեզը հերթական բլեֆն է, հայ ժողովուրդը համոզվեց երեկ։

Ինչպես հայտնի է, օֆշորների մեծ սիրահար Տիգրան Սարգսյանը Մինսկում ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք շտապ հուշագիր ստորագրեն Մաքսային միությանը ինտեգրվելու շուրջ՝ այն համաձայնեցնելով նախագահների հետ:

«Չկա ոչ մի կասկած այս հարցում, ու մեր նախագահները նույնպես խոսել են այս հարցի շուրջ: Հիմա տեխնիկական մակարդակում պետք է որոշել, թե ինչ տեմպերով, ինչ քայլերով է պետք է առաջ շարժվել»,– նշել է Տիգրան Սարգսյանը, ով մեկ տարի առաջ ռուսական «Վեդոմոստի» թերթում հանդես էր եկել մի հրապարակմամբ, որտեղ աշխարհաքաղաքական պատճառներով իմաստազուրկ էր համարել Հայաստանի ընդգրկվելը Մաքսային միության մեջ։

Տեղին է հիշեցնելը, որ վերջերս տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը Մաքսային միության թեմայով հայտարարել էր, թե նման բան չկա և մեզ այնտեղ չեն սպասում։ Հիմա պարզվում է, որ ՀՀ և ՌԴ նախագահների միջև այդ թեմայի շուրջը քննարկում և լիակատար փոխըմբռնում է եղել։

Ահա այսպիս զարգացումներ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի «դեմարշից» հետո։ Եվս մեկ–երկու այսպիսի «դեմարշ», ու Սերժ և Տիգրան Սարգսյանները կխոսեն ՀՀ–ի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու մասին։ Սրանցից ամեն ինչ սպասելի է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի քարոզչագործիքները գազի գնի բարձրացումից հետո շտապեցին հայտարարել, թե ՌԴ–ն այդպիսով ուզում է ճնշել Հայաստանի վրա և թույլ չտալ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի կնքումը, ինչպես նաև փորձում է մեզ զոռով մտցնել Մաքսային միություն։

Նույն շրջանակները միաժամանակ տարածում էին, թե իբր Սերժը հերոսական դիմադրություն է ցույց տալիս այդ ճնշումներին և նախընտրում է արևմտյան արժեքները։ «Lragir.am»–ի ու «1in.am»–ի առաջամարտիկները նույնիսկ ավետում էին, թե ՀՀ–ն համարյա դուրս է եկել ՀԱՊԿ–ից։ Ըստ այդ կայքերի՝ Սերժն իր «դեմարշի» միջոցով արդեն հասել է Փարիզ և կայծակնային արագությամբ մտնում է Վաշինգտոն ու ՆԱՏՕ. միայն թե ՀՀ քաղաքացիները «պադվադիտ» չանեն ու հասնեն թոփի գյուլլի պես սլացող առաջադեմ նախագահի հետևից։

Ոչ մի ապացույց կամ փաստարկ Սերժի դիմադրության կամ արևմտյան արժեքներին հավատարիմ լինելու առումներով, բնականաբար, չէր ներկայացվում, քանզի գեբելսյան քարոզչությունը չի սիրում ապացույցներ կամ փաստարկներ։

Սակայն, ինչպես և սպասվում էր, «դեմարշի» 40 օրը դեռ չլրացած՝ ամեն ինչ պայթեց։

Այս խորագրի վերջին նյութերը