Մեկնաբանություն

03.06.2013 17:24


Գառների լռությունը

Գառների լռությունը

Այն, որ Սյունիքի մարզպետը պետք է պատասխան տա իր բոլոր արածների համար և հեռացվի պաշտոնից, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Լավ է, որ մեր հանրության ակտիվ զանգվածը փորձում է իր ձայնը բարձրացնել Գորիսում տեղի ունեցած սպանության առիթով, բայց վատ է, որ «դհոլային» զանգվածը փորձում է «վեննա» մտնել, հեղափոխական խաղալ ու Բաղրամյան 26–ի բոլշևիկյան ծրագրերին հարմարեցնել ողբերգությունը։

Երբ տեսնում ես, թե Լիսկայի «քաջագործության» թեմայով ովքեր են ամանաբարձրը գոռում՝ բռնեք գողին, հասկանում ես, թե ինչպիսի ցինիկ ու դեմագոգիկ մթնոլորտ է տիրում իշխանության ներսում։

Ինչպես հայտնի է, «Ֆեյսբուքում» ստեղծվել է խումբ, որի պահանջը Սյունիքի մարզպետին պատժելն է։ Ուշագրավն այն է, որ այդ խմբում ընդգրկված են վաղուց արդեն բացահայտված դրածոներ (խոսքս ոչ բոլոր մասին է, անշո՛ւշտ), ովքեր լեզուները համապատասխան տեղերն էին մտցրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի և Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդու մասնակցությամբ Խաչատուր Սուքիասյանի եղբոր վրա կրակելու ժամանակ։ Ակնհայտ է, որ «դհոլները» հիմա էժանագին «պայքար» են մղում և երկակի ստանդարտներ կիրառում։

Ծիծաղելի է, երբ Սուրիկի պահով բոցաշունչ ելույթներ են հնչում, բայց ահա «բարեշրջիչ» Տիգրանի պատմությունը չնկատելու են տալիս, մինչդեռ վարչապետը հարյուրապատիկ ավելի շատ վնաս է տվել ՀՀ–ին ու ՀՀ քաղաքացիներին, քան Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի գործիքներից հանդիսացող Սյունիքի մարզպետը։ Հետևաբար՝ եթե պահանջվում է Սուրիկին պատժի ենթարկել, ապա առավելևս դա պետք է արվի նաև Տիգրանի պահով։

Գառների լռությունը վարչապետի կոռուպցիոն սկանդալի շուրջը ցույց է տալիս, որ հակալիսկայական շարժման որոշ անդամներ պարզապես «Սիրո՛ւն չի» էժանագին շոուի նախապատրաստական աշխատանքներով են զբաղված և լրիվ այլ նպատակ են հետապնդում։

Եթե խոսվում է այն մասին, որ Լիսկան մշտապես հանցանքներ է գործել և մարզպետի իր պաշտոնում մնացել իշխանություններին ծառայություններ մատուցելու հաշվին, ապա Տիգրանը վարչապետ է դարձել 10 զոհի գնով և մնում է իր պաշտոնին, քանզի բազում ծառայություններ է մատուցում իրեն նշանակողին։ Չլիներ մարտի 1-ը, Սերժը չէր դառնա նախագահ, իսկ Տիգրանը՝ վարչապետ։

Եթե Լիսկայի գործունեության հետևանքով Սյունիքը լքել են հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ, ապա վարչապետի վերջին հինգ տարվա գործունեության պատճառով Հայաստանից արտագաղթել է շուրջ 300 հազ. մարդ։

Եթե Լիսկան վնաս է տալիս մեր երկրին Սյունիքի մասշտաբով, ապա Տիգրանի նույնանման գործունեությունն ընդգրկում է ողջ Հայաստանը։

Եթե Լիսկան «քցել» էր գործարար կնոջը և մի քանի հարյուր հազար դոլարի սարքավորումները խլել նրանից, ապա Տիգրանի պարագայում գործ ունենք միլիոնավոր դոլարների հասնող «քցումների» հետ։ Մասնավորապես՝ օֆշորում գրանցված կազմակերպությունում, որի բաժնետերերից է նաև վարչապետը, գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող 30 մլն դոլար գնահատված գույքի գրավադրման դիմաց հայտնվել է 10 մլն դոլար և հետ փոխանցվել Հայաստանում գրանցված մեկ այլ կազմակերպության հաշվին, ինչը փողերի լվացման դասական օրինակ է։ Էլ չխոսած մի քանի միլիարդ դոլարի հասնող վարկային միջոցների մասին, որոնք հայտնի չէ, թե ինչպես են տնօրինվել վարչապետի կողմից։

Եթե Լիսկան Սյունիքի արոտավայրերն է ուզում տալ պարսիկներին (բնականաբար՝ իշխանության վերին օղակի հետ համաձայնեցնելով այդ գործարքը), ապա Տիգրանը ԿԲ նախագահ աշխատած տարիներին կասկածելի գործարք է իրականացրել ՀՀ պահուստային ոսկու պաշարների հետ՝ վաճառելով դրանք այն դեպքում, երբ դպրոցականներին էլ էր հայտնի, որ վաճառքից շատ չանցած ոսկու միջազգային գինը կտրուկ բարձրանալու է։

Եվ վերջապես, Լիսկան չի ՀՀ տնտեսության հերն անիծել։ Դա արել է «Հայկական աշխարհի» ճարտարապետը՝ Բաղրամյան 26–ի զգոն հայացքի ներքո։

Ասելս այն է, որ նրանք, ովքեր հիմա կուրծք են ծեծում Լիսկայի պահով, բայց բերանները ջուր են առել Տիգրան Սարգսյանի գործունեության առնչությամբ, Արտաշես Գեղամյանի հոգեզավակներն են կամ ազնիվ քյարփինջներ։

Պետք է տարբերել, հետևաբար, իրական ու կեղծ պայքար տանողներին։ «Լիսկան պետք է հեռանա, Տիգրան Սարգսյանը իշխանության ողջախոհ թևն է ներկայացնում, իսկ Սերժն էլ արդարադատության մարմնավորում է» ենթատեքստով պայքար մղողները շարքային հաճախորդներ են։

Բերեմ մեկ–երկու օրինակ, որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը։

Հայոց ցեղասպանության համար մեղավոր էին Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, ովքեր հայերի բնաջնջման գործիքն էին, սակայն գլխավոր պատասխանատուն Դոկտոր Նազիմն է, ով գաղափարապես էր հիմնավորել կոտորածների անհրաժեշտությունը։

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ հիմնական հանցագործներ ճանաչվեցին ոչ թե համակենտրոնացման ճամբարում հրեաներին սպանողները, այլ ֆաշիզմի գաղափարախոսներն ու քարոզիչները, այսինքն՝ հիտլերյան ռեժիմի պարագլուխները։

Եվ ուրեմն, պետք է պայքարը դարձնել համընդգրկուն և գլխավոր թիրախները երկրորդականներից տարբերել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը