Մեկնաբանություն

04.06.2013 12:35


Սպանություն, «զղջում», «հրաժարական» և տեքստ

Սպանություն, «զղջում», «հրաժարական» և տեքստ

Սերժ Սարգսյանի կադրային փոփոխությունների գինը մարդն է, ավելի ճիշտ՝ մարդու կյանքը։

Ուզու՞մ եք Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չլինի։ Խնդրեմ։ Բայց դրա համար հանրությունն իր շարքերից պետք է տա զինվորական բժիշկ Վահե Ավետյանին։

Ռուբենին պատգամավորությունից զրկելը, սակայն, չի նշանակում, թե նրա փոխարեն պետք է գա լուսապայծառ մի դեմք, և տեղի ունենան բարեփոխումներ։ Դա արդեն շատ կլինի հանրության համար։ Բարեփոխումը նույնիսկ տեսականորեն բացառվում է Սերժ Սարգսյանի օրոք։

Ռուբենի փոխարեն խորհրդարան կգործուղվի այնպիսի մեկը, որ հանկարծ իշխանական մոնոլիտին ոչինչ չսպառնա։ Հակառակը՝ մոնոլիտն ավելի ամրապնդվի. Ռուբենն իր բուն գործին մնա, իսկ Տարոնի «անլեզու» աներձագը՝ ԱԺ–ում կոճակ սեղմի։ Սա կոչվում է աշխատանքի բաժանում։ Ու որպեսզի այս ամենը որպես նվեր մատուցվի հանրությանը, օգտագործվում է սոցցանցերում վխտացող «պահանջատերերի» ու «հեղափոխականների» մի փոքրիկ խումբ, որի վրա դրված է «Սերժ–արդարամիտի» կերպարը կերտելու ֆունկցիան։

Ուզո՞ւմ եք Սուրիկ Խաչատրյանը, թեկուզ ժամանակավորապես, մարզպետի պաշտոնում չլինի։ Խնդրեմ։ Բայց դրա համար հանրությունն իր շարքերից պետք է տա Ավո Բուդաղյանին։ Պետք է նաև վիրավորվի սպանվածի զինվորական եղբայրը։

Սուրիկի կարճատև արձակուրդը, սակայն, չի նշանակում, թե մարզպետի ինստիտուտը բարեփոխվում է։ Դա արդեն շատ կլինի հանրության համար։ Բարեփոխումը նույնիսկ տեսականորեն բացառվում է Սերժ Սարգսյանի օրոք։

Սուրիկը արձակուրդ կգնա ու հետո կվերադառնա իր աթոռին, կամ էլ նրա փոխարեն կբերեն մեկին, ով Տարոնի աներձագի պես մեկը կլինի։ Տեղի կունենա աշխատանքի բաժանում. Սուրիկը կշարունակի իր բուն գործով զբաղվել, իսկ նորանշանակը՝ «աներձագություն» անել։ Դե, իսկ «պահանջատեր» և «հեղափոխական» նույն շրջանակները պետք է շարունակեն բարի և արդարամիտ Սերժի կերպարը ստեղծելու գործը։

Ցավալի զուգադիպությամբ՝ երկու ողբերգական դեպքերի ժամանակ էլ տուժող կողմը մեր բանակը ներկայացնողներն էին։ Եվ սա՝ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանում։

Փաստորեն, մեր բանակը հաղթեց Ղարաբաղյան պատերազմում, բայց պարտվում է քաղաքացիական կյանքում։

«Ազատամարտի ռահվիրա» Սերժ Սարգսյանի օրոք, ի դեպ, մեր հզոր հաղթանակի խորհրդանիշի վերածված բանակը հետևողականորեն թուլացվում և վարկաբեկվում է։ Թուլացվում է ոչ այնքան ադրբեջանական դիպուկահարների, որքան լիսկաների կրակոցներից, իսկ վարկաբեկվում՝ Բաղրամյան 26–ի կողմից։ Թե ինչու է այդպես արվում, այլ խոսակցության թեմա է։ Մենք այս պահին արձանագրում ենք փաստը։

Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ և օրերս տեղի ունեցած սպանություններին հաջորդած իրադարձություններին, ապա շատերի մոտ է «դեժավյուի» զգացողություն առաջացել։ Տպավորությունն այնպիսին է, որ նախագահի աշխատակազմում առանձին հաստիք կա բացված սպանություններից հետո օդիոզ ֆիգուրների «զղջման» տեքստերը գրողի համար։ Գրողն այդ, ակնհայտորեն, «copy-paste» է անում «զղջման» տեքստերն ու հրամցնում հանրությանը։

Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, լռում է։ Իր փոխարեն խոսում են տեքստ գրողներն ու «հեղափոխականները»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը