Լրահոս

04.06.2013 16:57


Ազատամարտիկ. Սերժ Սարգսյանը մեզ սալյարկա բերող է եղել (տեսանյութ)

Ազատամարտիկ. Սերժ Սարգսյանը մեզ սալյարկա բերող է եղել (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ, վերսկսեցին նստացույցը՝ պահանջելով ուշադրություն դարձնել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական խնդիրների վրա: Ըստ ազատամարտիկների՝ նստացույցն այս անգամ տևելու է երեք օր: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ նստացույցը ավարտվել էր մայիսի 13-ին: Ինքն անձամբ հանդիպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով խոստացել էր լուծել բարձրացվող հարցերը: Ազատամարտիկներից մեկն էլ մեզ հետ զրույցում սրտնեղեց, որ նախորդ նաստացույցից հետո իրենց ընդամենը 10 հազար դրամ «պարգևավճար» են տվել:

«Պրյամոյ ասեմ, իմանաք, էտ որ ասում են՝ Սարգսյան Սերժիկը մեր մարտական ընկերն է եղել, սուտ են ասում, ինքը մեզ սալյարկա տվող է եղել ու ֆսյո՝ ինքը իր պարտականությունները տենց է կատարել»,–ասաց մեկ այլ ազատամարտիկ՝ դժգոհելով, որ այժմ ստիպված է հանապազօրյա հացի խնդիր լուծել:

Նա պատմեց նաև, որ անցնելով մարտական ուղի, վաստակելով շքանշաններ՝ այժմ ստանում է 60 հազար դրամ, ամբողջ ամիսը ստիպված է լինում պարտքեր կուտակել:

Ազատամարտիկներն իրենց հետ բերել էին «Ազատամարտիկը չի ծախվում», «Պետություն, օրենք, արդարություն», «Ազատամարտիկը՝ պետության հովանու ներքո», «Կառավարություն, պահանջում ենք պետական մոտեցում», «Պետությունը՝ գերակա շահ» բովանդակությամբ պաստառներ:

Այս խորագրի վերջին նյութերը