Մեկնաբանություն

05.06.2013 14:31


Սերժ Սարգսյանի քառակի ստանդարտները

Սերժ Սարգսյանի քառակի ստանդարտները

Սերժ Սարգսյանն իր ենթականերին պատժելու կամ խրախուսելու մի քանի ստանդարտ ունի։ Նույնաբովանդակ արարքի համար մեկը կարող է պատժվել, իսկ մյուսը՝ խրախուսվել, մեկը կարող է հեռացվել, իսկ մյուսը՝ կարճատև արձակուրդի մեկնել։ Ամեն ինչ կախված է տվյալ անձից ու նրա մատուցած «ուրույն» ծառայություններից։

Այսպես, Կենսաթոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մեռած հոգիներին պետական փողեր էր հատկացրել ու թոշակների «ատկատով» զբաղվել։

Գոգոլի ստեղծագործության սիրահարին սկզբում աշխատանքից հանեցին, հետո մոռացան նրա մասին, ապա դատեցին՝ պետական փողերը յուրացնելու համար։

Վազգենը հազիվ թե թոշակային «ատկատները» միայնակ յուրացրած լիներ, բայց պատիժը կրում է միայնակ։

«Ատկատի» ու «փողերի լվացման» պատմության մեջ է հայտնվել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Հետքի» հրապարակման համաձայն՝ նա համաբաժնետեր է Կիպրոսում գրանցված օֆշորային մի կազմակերպության, որի հաշվի համարի վրա է հայտնվել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող ավելի քան 30 մլն գույքի գրավադրման դիմաց փոխանցված 10 մլն դոլարը։ Այժմ այդ 10 մլն–ը լրիվ այլ տեղ է հայտնվել, Տիգրանի եկամուտների հայտարարագրում աճ է գրանցվել, իսկ Փայլակի գույքը բռնագրավում են։ Սերժ Սարգսյանն այս դեպքում չի շտապում գլխից բռնել ու պատժել վարչապետին այնպես, ինչպես Վազգեն Խաչիկյանին։

Այ, եթե Խաչիկյանն էլ Տիգրան Սարգսյանի նման «ֆայմեր» ու դիմեր դատախազությանը՝ պարզելու համար, թե ով է իր անունից մեռած մարդկանց թոշակ բաժանել, երևի այսօր կշարունակեր պաշտոնավարել այնպես, ինչպես վարչապետը։

Վարչապետի ու Վագենի տարբերությունը նաև այն է, որ առաջինը Սերժի համար համակարգաստեղծ նշանակություն ունի, իսկ երկրորդը՝ ոչ։

Մեկ այլ օրինակ։

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտնվել է կրիմինալ պատմությունների մեջ, բայց ջրից չոր դուրս եկել։ Նրա համար ծանր օրեր սկսվեցին այն պահից, երբ ԲՀԿ–ն Գյումրիում ԱԺ ընտրությունների ժամանակ հաղթեց ՀՀԿ–ին։ Դրանից հետո Բաղրամյան 26–ը Վարդանիկին նախ թույլ չտվեց առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, ապա քրեական գործ հարուցեց նրա շրջապատի վրա, երբ նրանք մարդ սպանեցին։ Նախկինում էլ Վարդանիկի «տղերքը» կրակում էին, բայց միայն վերջին դեպքում դա համարվեց անընդունելի և անհանդուրժելի։

Վարդանիկից ոչ պակաս (եթե ոչ ավելի) կրիմինալ անցյալ ու ներկա ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն նա անձեռնմխելի է, քանզի իրեն վստահված տարածքում 2003թ. սկսած՝ նա բարձր տոկոսներ է «խփում» ՀՀԿ–ի ու Սերժ Սարգսյանի համար, ինչն էլ իր հերթին Լիսկային հնարավորություն է տալիս մարդ խփել։

Սերժ Սարգսյանին մատուցած ծառայություններն են պատճառը, որ Լիսկան կրիմինալ պատմության մեջ է հայտնվում, բայց ժամանակավորապես վայր է դնում իր լիազորությունները՝ մարզպետի աթոռին վերադառնալու հեռանկարով, իսկ ահա Վարդանիկն անմիջապես հեռացվում է իր աթոռից՝ դատվելու հեռանկարով։

Այ, եթե Գյումրիի նախկին քաղաքապետը կարողանար բավարար ձայներ ապահովել, ապա այսօր կշարունակեր «շինել» Հայաստանի հայրաքաղաքը, և ոչ մի Վլադիմիր Գասպարյան չէր գա ու տեղում շոուներ չէր սարքի։ Տեսե՛ք, Սյունիքում Լսիկայի տանը կամ տան դիմաց մարդ են սպանում, բայց Վովան չի ասում, թե Լիսկան գողակա՞ն է, թե՞ մարզպետ։ Վովային նման շոուներ կազմակերպելու լիցենզիա այս անգամ չեն տվել։

Սերժը Լիսկայի հանդեպ հանդուրժողականություն է ցուցաբերում նաև այն պատճառով, որ վերջինս ՀՀԿ ղեկավարի «մարտական» ընկերն է։ Երկուսն էլ կապիտալի նախնական կուտակման դժվարին փուլն անցել են Ղարաբաղյան պատերազմի տարիներին։ Մեկը զբաղվել է բանակի մատակարարման խնդիրներով (դա է պատճառը, որ Սերժը շատ լավ գիտի «ատկատ» երևույթի մասին), իսկ մյուսը՝ ազատագրված տարածքների թալանով։ Ասել է թե՝ Սերժին ու Լիսկային միավորում է տեսակային նմանությունը։

Ահա այսպես։ Չորս պաշտոնյա, նույնաբովանդակ հանցանքներ, բայց տարբեր ճակատագրեր։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը