Տնտեսական

06.06.2013 10:28


2012թ. պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրով

2012թ. պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրով

Հունիսի 5-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտների և ծախսերի կատարողականին, ինչպես նաև ընդհանուր եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրին համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերն ու ծախսերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 2012թ. եկամուտների ձևավորման ցուցանիշները, հարկային և մաքսային քաղաքականությունը:

2012 թվականին պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը փաստացի հատկացվել է 2,6 մլրդ դրամ, կատարողականը՝ մոտ 79%, քաղաքաշինության նախարարությանը՝ 12,4 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,3%, տրանսպորտի և կապի նախարարությանը՝ 33 մլրդ դրամ, կատարողականը՝ 57,6% (նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 7,5 մլրդ դրամով), էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ 6,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 59,6% (նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 1,8 մլրդ դրամով), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 421 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ 250 մլն դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իրականացրել է 5 բյուջետային ծրագրեր, նախատեսված 4,4 մլրդ դրամից ծախսվել է 87%-ը:

2012 թվականին գրանցվել է 7,2% տնտեսական աճ: 2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%, միջին գնաճը՝ 2,6%:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 33,3 մլրդ դրամով (3,6%-ով) և կազմել 944,9 մլրդ դրամ, որից 922,2 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 22,7 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2012 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 946,2 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 65,3 մլրդ դրամով կամ 7,4% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 100,14% ով: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 920,5 մլրդ դրամ` ապահովելով 100,3% կատարողական: Հարկային եկամուտների (ներառյալ` պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100%, այլ եկամուտները ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցել են 28,3%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 82,9%:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտների 92,8%-ն ապահովվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք կազմել են շուրջ 878,4 մլրդ դրամ և 100,04% ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 725,5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 23.8 մլրդ դրամը` պետական տուրքերը և 129,1 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2011 թվականի համեմատ հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 13% ով կամ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

2012 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 18,7 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 82,2% ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել ավելի քան 4 մլրդ դրամ: Շեղումը մեծ մասամբ պայմանավորված է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 77,4%-ը` 6,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 68,6%-ով կամ 40,7 մլրդ դրամով:

2012 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 49,1 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5,2%-ը` նախորդ տարվա 5%-ի դիմաց:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրիլիոն, 44 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրն ավելացվել է 33 մլրդ դրամով (3.2% ով) և կազմել 1 տրիլիոն, 77 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն, 6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93,4% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ ու առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (60,6%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 97,1%:

2012 թվականի պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրով:

2012 թվականին գրանցվել է 7,2% տնտեսական աճ: 2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%, միջին գնաճը՝ 2,6%:

Այս խորագրի վերջին նյութերը