Լրահոս

06.06.2013 11:09


Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը

Հանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:
Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը, Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:
Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետևանքներ:
Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման հիմնավորումներին, սահմանի և բաժանորդներին հասնող գազի գնի միջև առկա մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում այդ տարբերությունը 40-50 տոկոս է) և այլ հարցերի:
Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ կան նաև օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել. նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային ծախսեր, գազօգտագործողների թվի աճ և այլն:
ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար: Նա բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը` նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլև ընդգծեց օտարերկրյա անկախ փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման և գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:
ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին քննարկել:
Բարձրացվեց նաև մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) և այլն:
Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ ձևավորել ՀԽ անդամների և ՀԾԿՀ մասնագետների միջև և համատեղ շարունակել աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը