Մեկնաբանություն

06.06.2013 16:45


Պատիժ՝ Լիսկային, մարտական խաչ՝ Լորետային

Պատիժ՝ Լիսկային, մարտական խաչ՝ Լորետային

Ոստիկանական «02» ծրագրի կամ Գագիկ Շամշյանի վերածված Սյունիքի մարզպետարանի տարածած հողարդագրությանը եթե հավատանք, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պետք է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրած լիներ ոչ թե Սուրիկ Խաչատրյանին, այլ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին։ Իսկ Սուրիկին պետք է պատժել ոչ միայն քրեկան օրենսգրքով, այլ նաև, այսպես ասած, սարերի օրենքով։ Եթե, իհարկե, այն սերիալատիպ պատմությունը, որը մեզ է հրամցրել «Սյունիք պրոդաքշընը», ճիշտ է։

Դատե՛ք ինքներդ. Սյունիքի մարզպետարանի «օպերատիվնիկները», նկարագրելով Լիսկայի տան բակում տեղի ունեցածը, մեզ բոլորիս համոզում են, որ

ա. մարզպետի տան բակում «բազառներ» են սկսվել ու կրակոցներ հնչել, բայց Լիսկան, ով դրանից ընդամենը 20 րոպե առաջ է տուն մտած եղել, այնպիսի քուն է մտել, որ տնից դուրս չի եկել (եթե Լիսկան կրակոցների ժամանակ քնով է անցած եղել և տանից դուրս չի եկել նաև պատերազմի տարիներին, ապա լրիվ հասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նրան մարտական խաչով պարգևատրել),

բ. մարզպետի տան բակում զինված բախում է սկսվել, ներկա գտնվող բոլոր տղամարդիկ այս ու այն կողմ են փախել, և միայն անզեն տիկին Լորետան է փորձել զինաթափել փորձառու զինվորականին ու նրա եղբորը։

Փաստորեն, ըստ Սյունիքի «ոստիկանական լրատուի»՝ Լիսկան կապ չունի դեպքի հետ, քանզի տանից դուրս չի եկել, իսկ մեղավորները զոհված և ծանր վիրավորված Բուդաղյան եղբայրներն են։

Ինչ վերաբերում է Լորետային, ապա նա արագ կողմնորոշվել է, չի կորցրել իրեն և չի վախեցել զինված մարդկանցից։

Չգիտեմ՝ այդպիսի նպատակ հետապնդե՞լ են Սյունիքի մարզպետարանում, թե՞ ոչ, բայց հայոց բանակի համալրման նոր տարբերակ են առաջարկել, ինչը կարող է հետաքրքիր լինել առավելապես տղամարդկային տեսք ունեցող արտագաղթի ֆոնին։

Պարզվում է, մեր հայ կանայք ավելի լավ են կողմնոշորվում արտակարգ ու ռազմականին մոտ իրավիճակներում, քան տղամարդիկ։ Իսկ մենք, ինչպես հայտնի է, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք և չենք կարող մեզ թույլ տալ տնից դուրս չեկող և մարտական պարգևների արժանացող լիսկաների վրա հույս դնել։ Այնպես որ Լորետայի պատմությունը կարող է բանակում բարեփոխումների հանգեցնել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը