Մեկնաբանություն

06.06.2013 19:07


Բաղրամյան 26–ը՝ սերիալների արտադրամաս

Բաղրամյան 26–ը՝ սերիալների արտադրամաս

Ամիսներ առաջ խոսելով հայկական հեռուստաեթերի մասին՝ Սերժ Սարգսյանը բարձր էր գնահատել սերիալներն ու առաջընթաց արձանագրել սերիալային ինդուստրիայում։

Դատելով ամենից՝ նախագահական նստավայրում էլ են զբաղվում սերիալների սցենարներ գրելու և դրանք բեմադրելու գործով։

Սերիալ 1–ին. «Որոգայթ»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո տեղի ունեցող գործընթացները հուշում են, որ Բաղրամյան 26–ում գրվել է հետևյալ սցենարը. «Սյունիքի մարզպետն իր համար հանգիստ քնած է եղել տանը, երբ Բուդաղյան եղբայրները ներխուժել են նրա մասնավոր տարածքը հանդիսացող բակ։ Այդ հարձակման պատճառով զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը և ծանր վիրավորվել նրա զինվորական եղբայր Արտակ Բուդաղյանը։ Տուժող կողմը՝ Լիսկան, ստացել է հոգեբանական մեծ հարված, քանզի իր տան բակում հնչած կրակոցների պատճառով երկար ժամանակ չի կարողացել քնից զարթնել։ Նրա կինը՝ Լորետան, ցուցաբերել է քաղաքացիական դիրքորոշում և արիություն՝ այդպիսով արդարացնելով Մարտական խաչով իր ամուսնու պարգևատրվելը։

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները, նախաքննության փուլում դիտելով դեպքի տեսաձայնագրությունը, պարզել են, որ մեղավոր են սպանվածն ու ծանր վիրավորվածը, իսկ խրախուսական մրցանակի են արժանի Լիսկան, իր տղան, թիկնազորի անդամներն ու հատկապես անձնազոհությամբ աչքի ընկած Լորետան»։

Սցենարով նախատեսված է, որ Սուրիկը պետք է հրաժարական տա։ Այսօր նա կատարել է իր դերը։ Դա բարի Սերժ Սարգսյանի հերթական նվերն է հանրությանը։ Կինոյի մեջի տղեն ինքն է՝ ՀՀԿ բարի ղեկավարը։

Սերիալ 2–րդ. «Դժբախտ երջանկություն»

Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնվել է օֆշորային սկանդալի մեջ։ Դա պետական մակարդակով կազմակերպված «քցոցի» էր, որի հետևանքով 30 մլն դոլար գնահատվող գույքը գործարար Փայլակ Հայրապետյանից խլում են, իսկ վարչապետի համասեփականություն հանդիսացող Կիպրոսի օֆշորում գրանցված կազմակերպության հաշվի համարին հայտնվում է 10 միլիոն դոլար։

Վարչապետը չի հերքում, որ օֆշորում գրանցված այդ կազմակերպության հիմնադիրների ցանկում ինքն էլ կա, բայց հայտարարում է, թե ինքը չի իմացել այդ մասին։ Նա դիմել է դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ովքեր են իր անվան հետ խաղացել։

Պարզ է, որ դատախազությունը երկար «կքընընի» ու նախագահականի ցուցմամբ կպարզի հետևյալը. «Վարչապետն իր համար հանգիստ տանը նստած (կամ խոր քուն մտած) է եղել, երբ անհայտ չարագործները Կիպրոսի օֆշորում կազմակերպություն են բացել և մութ նպատակներով՝ 10 մլն դոլար են փոխանցել այդ կազմակերպության հաշվին»։

Ի դեպ, կախված քաղաքական իրավիճակից՝ այդ չարագործները սերիալի ժամանակ կարող են այդպես էլ չհայտնաբերվել, բայց կարող է նաև պարզվել, որ վարչապետի անունով օֆշորում ֆիրմա են գրանցել, ասենք, ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, ինչպես նաև հակաարևմտամետ ուժերը։

Համաձայնե՛ք, որ սերիալի լավ սցենար է։ Այնպես չէ՞։ Մանավանդ որ դերակատարները իմպրովիզի չեն դիմում հիմա և շարժվում են ըստ սցենարի։

Մնում է, որ այս դեպքում էլ Կառավարության աշխատակա՛զմը հաղորդագրություն տարածի այն մասին, որ վարչապետի տան բակում տեղադրված տեսախցիկների ամրագրածը ցույց է տվել, որ Տիգրան Սարգսյանը օֆշորային կազմակերպության գրանցման պահին տնից դուրս չի եկել, այսինքն՝ դեպքի վայրում չի եղել։

Այս դեպքում, նախորդ սերիալի պես, հրաժարական չի սպասվում, քանզի մի բան է «Սիրո՛ւն չէ» օպերացիան «քաղաքացիականների» միջոցով խրախուսելն ու լիսկաներին պատվավոր հանգստի ուղարկելը, մեկ այլ բան՝ օֆշորային գոտիներում, թեկուզև պատահաբար, սեփականատեր դարձած վարչապետին տուն ուղարկելը։ Երկրորդ դեպքում նույնիսկ չի խրախուսվում «քաղաքացիականների» ակտիվությունը և «անկախ» մամուլի կողմից բարձրացվող աղմուկը, էլ ուր մնաց, թե հրաժարական լինի։

Բարի Սերժ Սարգսյանը տվյալ դեպքում նույնպես նվեր է անում հանրությանը։ Չէ՞ որ կարող էր ձեռքը սեղանին խփել ու պահանջել օֆշորային գործարքների կանոնակարգում և թափանցիկության բացառում։ Կարող էր, բայց չի անում։ Թողնում է ինքնահոսի։ Ուստի պետք է գոհ լինել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը