Լրահոս

07.06.2013 14:52


Տեսաֆիլմի և գրքի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Տեսաֆիլմի և գրքի  շնորհանդես Վիրահայոց թեմի  «Հայարտուն» կենտրոնում

Հունիսի 4-ին, Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ծնունդով թբիլիսեցի, ՀՀ գրողների. ՀՀ նկարիչների միությունների անդամ, երևանաբնակ Գրիգորի Հարությունյանի «Նկարիչներ. Ճակատագրեր, մուսաներ» գրքի և «Ստրաստնայա իկոնա» տեսաֆիլմի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին «Ջակո» մարզական ռադիոհաղորդումների գլխավոր տնօրեն, մարզական մեկնաբան Ջամլետ Խուխաշվիլին, նրա տիկինը` Վրաստանում վրացի և հրեա կանանց բարեկամության ասոցիացիայի նախագահ Էվա Բաբալաշվիլին, տեսաֆիլմի հեղինակ Գրիգորի Հարությունյանը և ուրիշներ:

Բացելով միջոցառումը, գրող և երաժիշտ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց) ներկայացրեց Գրիգորի Հարությունյանին, ով ծնվել և ավարտել է Թբիլիսիի թիվ 66 ռուսական դպրոցը, այնուհետև կյանքի ճանապարհները նրան տարել են Ռուսաստան, հետո՝ Երևան: Գրիգորի Հարությունյանը,ընտրելով բժշկական ասպարեզը, նվիրվել է նաև գրականությանը և արվեստին: Նա արդեն մի քանի գրքի հեղինակ է, որոնց գերակշիռ մասը Վրաստանին և իր ծննդավայր Թբիլիսիին նվիրված ստեղծագործություններ են: Հեղինակի այս «Նկարիչներ. ճակատագրեր, մուսաներ» գրքում նույնպես վեր են հանված հայ և վրացի նկարիչների ճակատագրերը, դրվագներ նրանց կյանքից Թբլիսիում և Երևանում:

Ողջունելով տեսաֆիլմի շնորհանդեսը, որտեղ շնորհալի արձակագիրը ներկայանում է արդեն արվեստագետ-քանդակագործի դերում, Ջամլետ Խուխաշվիլին բարձր գնահատեց հեղինակի գործունեությունը արվեստի բնագավառում: Նա հիշեց Թբիլիսիի թիվ 66 դպրոցի այն շրջանավարտների մասին,ովքեր այս տարի նշելու են դպրոց ընդուվելու 60-ամյակը, դրանց շրջանում է սույն տեսաֆիլմի և գրքի հեղինակ Գրիգորի Հարությունյանը:

Արվեստագետ Դավիթ Անդրիաձեն շնորհավորելով ֆիլմի և գրքի շնորհանդեսը, պատմեց այն տպավորությունների մասին, որ ինքը ստացել է Մինաս Ավետիսյանին նվիրված տեսաֆիլմի նկարահանման կապակցությամբ Երևանում աշխատելիս: Նա պատմեց իր համար բացահայտված անծանոթ շատ դեմքերի և հետաքրքիր դրվագների մասին հավելելով, որ շուտով հրատարակվելու է նրա «Իմ մենախոսությունը» գիրքը: Գիրքը նվիրված է թիֆլիսյան գեղանկարչությանը՝ Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյան:

Այնուհետև ցուցադրվեց «Ստրաստնայա իկոնա» տեսաֆիլմը, որից հետո Գրիգորի Հարությունյանը ներկաներին պատմեց այս տեսաֆիլմը նկարահանելու հետաքրքրության և շարժառիթի մասին:

Ելույթ ունեցողները արտահայտեցին իրենց կարծիքները և գնահատականը ֆիլմին: Գրիգորի Հարությունյանը ներկաներին բաժանեց իր «Նկարիչներ. Ճակատագրեր, մուսաներ» գիրքը:

Այս խորագրի վերջին նյութերը