Լրահոս

07.06.2013 16:19


Կոռուպցիոն սկանդալներ, որոնք հանգեցրել են պետությունների առաջին դեմքերի պաշտոնանկությանը

Կոռուպցիոն սկանդալներ, որոնք հանգեցրել են պետությունների առաջին դեմքերի պաշտոնանկությանը

Վերջին տասնամյակում աշխարհի մի շարք երկրներում առաջին դեմքերի մասնակցությամբ կոռուպիոն սկանդալներ են տեղի ունեցել: Նկատենք, որ դեպքերի մեծամասնության պարագայում սկանդալը հասունացել է զանգվածային լրատվամիջոցների գործուն մասնակցությամբ, եւ կոռուպցիոն գործունեության մեջ մեղադրվող կամ կասկածվող պաշտոնյաները նախօրոք հրաժարվել են զբաղեցրած պաշտոններից, հետո միայն՝ կանգնել դատարանի առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեման Հայաստանում այսօր արդիական է, ներկայացնում ենք համաշխարհային մամուլում տեղ գտած մի քանի դեպք:

2012-ի փետրվարի 17-ին Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց՝ քաղաքացիների վստահության կորստի կապակցությամբ: Լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին այն մասին, որ Վուլֆը օգտագործել է իր պաշտոնեական կարգավիճակը եւ լիազորությունները՝ արտոնյալ պայմաններով շուրջ 500 հազար եվրոյի վարկ վերցնելու նպատակով: Բացի դրանից, նա մի քանի անգամ ուրիշի հաշվին կանգ էր առել թանկարժեք հյուրանոցներում: Եվ ի լրումն այս ամենի՝ նախագահը համարձակություն էր ունեցել ճնշում գործադրել մամուլի վրա՝ ստիպելով չանդրադառնալ այս դեպքերին: Վուլֆը հրաժարական տվեց մինչեւ գործի իրավական հանգուցալուծումը:

2008թ. մայիսին Իռլանդիայի վարչապետ Բերթի Ահերնը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 11 տարի, հրաժարական տվեց: 2007-ի սեպտեմբերից ընդդիմությունը Ահերնի հրաժարականն էր պահանջում՝ մեղադրելով նրան կաշառակերության մեջ: Ավելի վաղ վարչապետը ցուցմունք էր տվել՝ ընկերներից եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներից ապօրինաբար 150 հազար դոլար վերցնելու գործի շրջանակներում:

2011-ի սեպտեմբերի 5-ին Իսլանդիայի առաջատար քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին վարչապետ Հեյր Խորդեն, հատուկ դատարանի առաջ կանգնեց՝ 2008-ին երկիրը ֆինանսական կոլապսի հասցրած անփույթ վարքագծի համար: Ըստ հատուկ հանձնաժողովի տվյալների՝ Խորդեն դեռեւս 2008-ի գարնանը տեղեկություն ուներ վերահաս ֆինանսական ճգնաժամի մասին, սակայն դա գաղտնի է պահել համապատասխան գերատեսչություններից:

Ներկայումս դատական գործընթաց է գնում Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի նկատմամբ: 2009-ի օգոստոսի 30-ին Իսրայելի դատական իշխանությունները Օլմերտին պաշտոնապես մեղադրեցին կոռուպցիայի մեջ: Նախկին վարչապետը մեղադրվում է ամերիկյան բիզնեսմեն Մորիս Տալանսկիից խոշոր գումար ստանալու, բյուջետային միջոցների հաշվին մասնավոր տուրիստական ճամփորդություններ կատարելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իր գործընկեր Ուրի Մեսսերի շահերն առաջ մղելու մեջ:

Կոռուպցիոն սկանդալների պատճառով Օլմերտը հրաժարական ներկայացրեց մինչ նախաքննության մեկնարկը՝ 2008-ի սեպտեմբերին, բայց մինչեւ 2009-ի մարտ շարունակում էր կատարել վարչապետի պարտականությունները:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Իտալիայի նախկին վարչապետ Սլիվիո Բեռլուսկոնիի նկատմամբ մի շարք դատական գործեր են հարուցվել կոռուպցիայի, քաղաքական կուսակցություններին գաղտնի ֆինանսավորելու, ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով: Դրանց մեծամասնության դեպքում Բերլուսկոնին կամ արդարացվել է բողոքարկման արդյունքում, կամ մեղադրանքը հանվել է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ:

2012-ի հունվարին Պերուի փոխնախագահ Օմար Չեադեն հրաժարվել է իր պաշտոնից կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո: Նախաքննության վարկածով՝ Չեադեն ոստիկանության գեներալի միջոցով իր եղբոր համար շաքարի պլանտացիա է «դասավորել»: Թեպետ փոխնախագահը մեղադրանքը չէր ընդունում, բայց խորհրդարանի ճնշման տակ հրաժարական տվեց:

2011-ի նոյեմբերին խողողօվկիանոսյան Նաուրուի նախագահ Մարկուս Սթիվենը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին գուանոյի (արժեքավոր պարարտանյութ, որը երկրի եկամտի հիմնական աղբյուրն է) առեւտրով զբաղվելու համար: Ընդդիմության տվյալմներով, նա թաիլանդցի գնորդից կաշառք է շորփել՝ 25 հազար խորանարդ մետր պարարտանյութ վաճառելու համար:

2013-ի մայիսի 29-ին «Հետք» համացայնցային պարբերականը փաստեր հրապարակեց այն մասին, որ Հայաստանիվարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսանում է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի եւ վերջինիս սանիկ, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի հետ միասին: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Մասնավորապես, ըստ մամուլի՝ նախկինում արված հրապարակումների, Հայրապետյանը, հավատալով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության՝ ադամանդագործության զարգացման ծրագրին, 2009-ին գրավադրել է իր ունեցվածքը՝ 33 միլիոն դոլար, «Ամերիաբանկից» վարկ վերցրել, որպեսզի վարչապետի կոմպանիոն Աշոտ Սուքիասյանը Հայաստանի շուրջ 20 ադամանդագործների Աֆրիկայից ադամանդի հումք մատակարարի:

Տիգրան Սարգսյանը «Հետքի» հրապարակման առիթով դիմել է դատախազություն: Նա դեռեւս շարունակում է պաշտոնավարել:

Աղբյուրը՝ http://ilur.am/news/view/14554.html

Այս խորագրի վերջին նյութերը