Մեկնաբանություն

07.06.2013 16:41


Օպերացիա «Լիսկա»

Օպերացիա «Լիսկա»

Եվ այսպես, Բաղրամյան 26–ը իրականացնում է «Լիսկա» օպերացիան, այսինքն՝ փորձ է արվում Սուրիկ Խաչատրյանին մաքրել ու ջրից չոր դուրս բերել։

Սկզբում գործը քննող զինդատախազության ղեկավար Գևորգ Կոստանդյանը հայտարարեց, թե մարզպետը դեպքի վայրում չի եղել, որին հաջորդեց Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների տարածած հաղորդագրությունը ողբերգական միջադեպի մանրամասների մասին, ըստ որի ստացվում էր այնպես, կարծես մեղավոր են սպանված ու ծանր վիրավորված Բուդաղյան եղբայրները, իսկ Լիսկան ողբերգական միջադեպից 20 րոպե առաջ է եկել տուն և բուն փոխհրաձգության ժամանակ տան բակում չի եղել։

Իր հերթին Լիսկան հայտարարեց, թե իր տան վրա հարձակում է եղել։ Այսինքն՝ շրջանառության մեջ դրեց անհրաժեշտ ինքնապաշտպանության վարկածը։

Երբ հանրային կարծիքը որոշակիորեն ուղղորդելու որոշակի գործողություններն ավարտվեցին, երեկվանից արդեն «Ա1+»–ում հայտնվեց այն տեսանյութը, որի մասին պատմել էին Սուրիկ Խաչատրյանի ենթակաները՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները։

Հարկ է արձանագրել, սակայն, որ տեսանյութը ոչ թե հաստատեց զինդատախազության, Լիսկայի ու Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների ասածները, այլ բազմաթիվ հարցեր առաջացրեց։

Նախ՝ տեսանյութում չկա այն պահը, երբ այժմ արդեն նախկին մարզպետն է գալիս տուն։ Ինչպես հայտնի է, մարզպետարանի «քննիչներն» այդ մասին գրել էին։ Հարց է ծագում, թե որտեղի՞ց են նրանք մարզպետի գալը տեսել։ Կամ էլ՝ տեսանյութը համացանցում է հայտնվել որոշակի մշակումից հետո։

«Ա1+»–ի պրոդյուսերը «7 օրի» թղթակցի հետ զրույցում չասաց, թե որտեղից իրենց այդ տեսագրությունը, սակայն նշեց, որ կարմիր սլաքների ու գրության մասով իրենք են մոնտաժ արել։ Անհայտ է մնում այդ դեպքում, թե ուր մնացին մարզպետի տուն գալու պահերը։

Ուշագրավ ևս մեկ հանգամանք. տեսանյութում կա այն դրվագը, երբ Ավո Բուդաղյանը երկրորդ անգամ է մոտանում Սուրիկ խաչատրյանի տան բակ: Այդպես էր գրված տեսանյութի սկզբում։ Հարց՝ իսկ ու՞ր մնաց այն կադրը, երբ Ավոն առաջին անգամ է մոտենում Սուրիկի տան մոտ։

«Ա1+»–ից մեզ տեղեկացրին, որ իրենք մոնտաժել են տեսանյութը՝ ելնելով Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության բովանդակությունից։ Այսինքն տեքստը կցել են տեսանյութին՝ հիմք ընդունելով մարզպետարանի տարածած տեղեկությունը։ Ինչևէ։

Դատելով կադրերից՝ ակնհայտ է դառնում, որ Ավո Բուդաղյանի սպանությունը տեղի է ունեցել մեջքի կողմից արձակված կրակոցից։ Այսինքն՝ Ս. Խաչատրյանի տան կողմից։ Կրակողը, սակայն, չի երևում։ Ըստ ամենայնի՝ հրացանը ձեռքին մարդն է դա արել կամ մեկ ուրիշը (չի բացառվում՝ Լիսկան)։

Կադրերից նաև պարզ է դառնում, որ Սուրիկի շրջապատը ներկայացնող մարդիկ կրակոցներից հետո Բուդաղյան եղբայրներին մի պահ թողնում են արնաքամ վիճակում ու գնում դեպի տան կողմը և մի որոշ ժամանակ անց նոր հայտնվում տեսախցիկների ընդգրկման տարածք։ Իսկ դա նշանակում է, որ Լիսկան, եթե նույնիսկ քնած է եղել, ապա տեղեկացվել է միջադեպի մասին հենց այդ պահին, բայց չի իջել բակ կամ չի փորձել կազմակերպել վիրավորների տեղափոխումը։

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ երբ կրակոցներ են հնչում և անգամ այդ դեպքում խորը քուն մտած տան տիրոջը չեն ուզում անհանգստացնել։ Մի՞թե կրակոցներն ու սպանությունն այնքան սովորական բան էին, որ Սուրիկն այդպես էլ քնից չզարթնեց կամ չզարթնեցրին։

Թե ո՞րն է իրականությունը, ինչու՞ տեղի ունեցավ սպանությունը և ի՞նչ էր նախորդել այդ ամենին, կարող են ասել դեռևս ծանր վիճակում գտնվող Արտակ Բուդաղյանը և անաչառ քննությունը։ Դեպքերի զարգացումը, սակայն, ցույց է տալիս, որ քննությունն ավելի շատ աշխատելու է Լիսկայի մեղավորության չափը զրոյացնելու և անհրաժեշտ ինքնապաշտպանության վարկածն առաջ տանելու ուղղությամբ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ատամներով պահում Լիսկային։ Պարզ է, որ ընտրությունների ժամանակ վերջինս մշտապես բարձր տոկոսներ է «խփում» ՀՀԿ ղեկավարի համար և այդ իսկ պատճառով որոշակի արտոնություններ ունի, սակայն այս աղմկոտ սպանությունը պետք է որ Սերժին ստիպեր հանձնել իր ենթակային։ Թվում է, թե Սերժը կարող էր Բաղրամյան 26–ի կողմից շատ սիրված «Պայքարում ենք անընդունելի և անհանդուրժելի երևույթների դեմ» շոուի շրջանակներում հանձնել Լիսկային, բայց դա չի արվում։ Հրաժարականի դիմում գրելը ոչ թե պատիժ է, այլ փրկություն Սյունիքի նախկին մարզպետի համար։

Ի դեպ, Սերժը որևէ բառ չի արտասանել այս թեմայով։ Միայն իր խոսնակն ընդհանուր ձևակերպումներ տվեց, ու վերջ։

Տեղին է հիշել այն հայտնի խոսքերը, ըստ որի՝ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը։

Այս խորագրի վերջին նյութերը