Քաղաքական

07.06.2013 20:27


Ցուցարարները փակել են Սերժ Սարգսյանի ճանապարհը. քաշքշուկ է տեղի ունեցել

Ցուցարարները փակել են Սերժ Սարգսյանի ճանապարհը. քաշքշուկ է տեղի ունեցել

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ ԳՄ անդամներ:

ՀՀԿ նիստին զուգահեռ կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաքի Հանրապետության 33-րդ թաղամասի բնակիչները: Նրանք հայտնել են, որ տարիներ շարունակ իրենք պայքարում են, որպեսզի իրենց բնակարանները տան:

«Մեզ խաբել են, տնից դուրս հանել, բայց մինչեւ հիմա տուն չեն տալիս: Ամեն անգամ գալիս ստեղ հավաքվում ենք, մեկ-մեկ Հովիկ Աբրահամյանն է գալիս, բայց ի՞նչ օգուտ»,- ասել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք դուրս են եկել փողոցի կենտրոնական հատված եւ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի անձամբ Սերժ Սարգսյանը հանդիպի իրենց: Ոստիկանները փորձել են հավաքվածներին դուրս բերել փողոցից, սակայն նրանք անդրդվելի են եղել:

Տեղի է ունեցել քաշքշուկ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:

«Հերի՛ք եղավ, մենք ստեղից ոչ մի տեղ չենք գնալու, փակելու ենք բոլոր ճանապարհները: Եթե իրանք մեզ չեն հարգում, մենք էլ իրանց չենք հարգելու: Արդեն 8 տարի է՝ մեզ խաբում են: Մենք չենք սպասելու ոչ մեկին»,- փողոցի մեջտեղում կանգնած՝ գոռացել են բնակիչները:

Իսկ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը բողոքի ակցիայի մասնակիցների կողքով անցել է բավականին արագ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս չի մոտեցել ցուցարարներին:

Այս խորագրի վերջին նյութերը