Մեկնաբանություն

10.06.2013 00:45


Սամվել Ալեքսյանյանը՝ առկախված հարցերի ու ապագայի մասին

Սամվել Ալեքսյանյանը՝ առկախված հարցերի ու ապագայի մասին

Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորի մանդատի համար Երևանի մեծամասնական ընտրատարածքներից մեկում պայքարում էին Սամվել Ալեքսանյանը և Նիկոլ Փաշինյանը։ Երկուսն էլ, ի վերջո, դարձան պատգամավոր։ Սամվելը մեծամասնականով, իսկ Նիկոլը՝ ՀԱԿ–ի ցուցակում ընդգրկվելու միջոցով։

Հիմա երկուսն էլ ակտիվ գործունեություն են վարում։ Ամեն մեկը՝ իր ճակատում։

Ասում են, թե Ս. Ալեքսանյանը որոշել է հետ չմնալ մանդատի համար պայքարում իր երբեմնի մրցակից–ընդդիմախոսից ու հանդես գալ վերջին շրջանում առկախված մի շարք հարցերի և իր ապագա անելիքների մասին հրապարակմամբ։

Մեր ձեռքի տակ է հայտնվել Ալեքսանյանի մտքերի սևագիր տարբերակը, որը ձեզ ենք ներկայացնում ստորև։

. . .

«Եվ ուրեմն։

Բիզնես տարին կիսվեց արդեն, եթե ոչ օրացուցային, գոնե բովանդակային առումով: Կիսամյակի համար նախատեսված եւ նույնիսկ չնախատեսված իրադարձությունները տեղի են ունեցել եւ ինչ-որ առումով շրջափուլ է ավարտվել, եթե չասենք դարաշրջան: Մտածելու, վերլուծելու, անելիքների մասին հստակ ձեւակերպումներ անելու ժամանակ է:

Կուզենայի անդրադառնալ իմ հասցեին հնչած որոշ մեղադրանքներին։ Ամենահիմնական մեղադրանքն այն է, որ ես բիզնեսով եմ զբաղվում՝ լինելով պատգամավոր։ Ուրեմն ասեմ հետևայալը։

ԱԺ պատգամավոր ընտրվելուց անմիջապես հետո հրաժարական տվեցի իմ բոլոր ֆիրմաների ղեկավարի պաշտոնից: Ընտրվելս առիթ էր, բայց ոչ պատճառ, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը պատգամավորին հնարավորություն է տալիս զբաղվել ստեղծագործական աշխատանքով, ինչպիսին կարող է համարվել տարբեր ապրանքների ներմուծումը, դրանց կրկնօրինակի ստեղծումը և արտադրությունը։

Կարող էի դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով եւ սահմանված կարգով ստանալ ֆիրմաների ղեկավար մնալու իրավական հիմնավորում (փառք Աստծո, մերոնք են «ռուլիտ» անում ԱԺ–ում): Բայց չարեցի, որովհետեւ սիրում եմ «Երևան–Սիթին» (այսուհետ՝ «ԵՍ») ու մյուս կառույցներս եւ տեսնում էի, թե ինչպիսի հսկայական բարդություն է առաջացնում «ԵՍ»–ի» համար քաղաքական գործիչ ղեկավար ունենալը: Սուպերմարկետը ժամանակ առ ժամանակ դադարում է զուտ ապրանք ծախող կառույց լինելուց և ավելի շատ վերածվում է ընտրագլխաքանակ ապահովող միջոցի: Այսպես թե այնպես, ցանկացած սուպերմարկետ նաեւ ընտրագլխաքանակ ապահովող է, բայց կա մի հավասարակշռություն, որի պահպանումը չափազանց կարեւոր է: Նույնիսկ սովորական պայմաններում այդ հավասարակշռությունը պահպանելը դժվար է, իսկ եթե խանութի տերը նաեւ քաղաքական գործիչ է, դա արդեն երբեմն անլուծելի խնդիր է դառնում, կամ դրա լուծումը պահանջում է այնպիսի ջանքեր, որոնք հյուծում են, սպառում:

«ԵՍ»–ից ու մյուս ֆիրմաներից հեռացա այդ հավասարակշռությունը պահպանելու շանսից խանութին ու մյուսներին չզրկելու համար եւ այս մասին ասել եմ նաեւ հրապարակային: Ու չնայած սրան՝ էլի գտնվում են մարդիկ, ովքեր «ԵՍ»–ում վաճառվող ամեն մի ապրանքի առիթով բանսարկություններ են տարածում իմ դեմ, դրանից անելով գլոբալ քաղաքական եզրակացություններ: Սա, ընդ որում, արվում է հատուկ. հիմա է պարզվում, որ կան մարդիկ, ովքեր նախորդ հինգ տարվա մեջ ծարավ են եղել «ԵՍ»–ը փակել տալու ցանկությամբ ու հիմա «ԵՍ»-ի ամեն գործողություն ինձ վերագրելով` ըստ էության շանտաժի են ենթարկում սուպերմարկետին: Այնտեղ իմ հարազատ-ընկերներն են չէ՞ աշխատում: Նրանց քայլերի առիթով ինձ խփելով, այդ հարձակումների հեղինակները ցանկանում են նրանց բարդույթավորել, որ «ԵՍ»–ում ամեն քայլ անելիս մտածեն՝ վայ, բա որ բամբասեն Սամվելին:

Այսպիսի քաղաքականություն վարողները լեգիտիմ առիթ էլ ունեն. բիզնեսով զբաղվում է կինս։ Այո, բիզնեսներիս ղեկավարը կինս է, այնտեղ աշխատում են իմ ընկերները: Բայց եթե որեւէ մեկը կապիկության մեծ սիրահար է, չի նշանակում, թե բոլորն իր նման են. եթե ասել եմ, որ ես «ԵՍ»-ում չեմ աշխատում ու բիզնես չունեմ, ուրեմն չեմ աշխատում ու բիզնես չունեմ, եթե ասում եմ, որ խանութի աշխատակազմը ինքն է կայացնում որոշումներ, ուրեմն ինքն է կայացնում, եթե ասում եմ, որ այդ մարդիկ ինքնուրույն են, ուրեմն ինքնուրույն են: Եթե ոմանք իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին կամ իրենց նվիրված երիտասարդներին վերաբերվում են որպես մարիոնետների, դա իրենց խնդիրն է: Ես այդպես չեմ վերաբերվում, համոզված եմ՝ ինձ թույլ էլ չեն տա այդպես վերաբերվել: Սա խոմ իրեն ընդդիմադիր հռչակած թերթ չէ, որտեղ նույնիսկ երիտլրագրողների սովորական հոդվածները խմբագրական խորհրդի հատուկ նիստերում հաստատվեն, կամ խմբխորհրդի որոշմամբ բանսարկու հոդվածներ թողարկվեն՝ սոցիալական ցանցերում տեղադրվելու և իշխանական քարոզչամեքենային ձայնակցելու համար:

Այս ամենն ասում եմ՝ «Քարֆուրի» հիմա արդեն հայտնի պատմության առիթով։ Այդ ֆիրմայի կապակցությամբ էդ նույն շրջանակները աղմուկ բարձրացրին, իմ հասցեին բանսարկության հերթական չափաքանակը թողարկելով:

Մեղադրանքներ հնչեցին, թե փող եմ տվել վերևներին, որ «Քարֆուրի» մուտքը չթողնեն, թե իշխանությունների հետ բիզնես պայմանավորվածություններ ունեմ, եւ այլն: Այս մեղադրանքի հեղինակներին կարելի է հասկանալ. վերջին երկու տարիներին նրանք էնքան են ում հետ ասես քաղաքական խաղեր տվել, էնքան են պատվերով ելույթներ ունեցել, հարթակից հարթակ թռել, որ ցանկացած իրադարձություն դիտարկում են իրենց հարուստ կենսափորձի համատեքստում: Եւ շնորհակալ եմ այդ մեղադրանքների համար, որովհետեւ ստացա եւս մեկ անուղղակի ապացույց, որ վերջին շրջանի նրանց ամեն ելույթ վճարված է, սրան-նրան ուղղված դիֆերամբները կոնկրետ գին ունեն, որ «թունդ առևտրականի» պես միայն քյաշ փողով են հեղափոխական խաղում: Սա վերաբերում է նաեւ նրան, ով հավակնում էր փոխհատուցում ուզել «ԵՍ»–ից։ Էդ «Երևան–Սիթին» պետք է քեզնից փոխհատուցում ուզի, որ իր տարածքում մեծամասնականով առաջադրվելու, մեր փողերով մեր դեմ «պայքարելու», արդարության, սկզբունքի, արժեքների համար պայքարողի իմիջ ձեւավորելով՝ որպես մանրադրամ խուրդվեցիր քաղաքական սակարկություններում՝ վերածվելով գեբելսյան քարոզչամեքենայի սովորական «վինտիկի»։

«ԵՍ»–ի անունից լիազորված չեմ, իհարկե, պարզաբանումներ տալ, բայց քանի որ խորքից գիտեմ սուպերմարկետը, նրա ոգու, շնչի, գաղափարաբանության կրողն եմ ու համահիմնադիրը, ինձ իրավունք կվերապահեմ պատասխանել հարցին, թե ինչու է խանութը տարածք տրամադրել «Քարֆուրին»: Նրանց համար, ովքեր չգիտեն, հիշեցնեմ. «ԵՍ»–ը նաև ուրիշի բերած շաքարն է տեղադրել իր տարածքի դախլեքի վրա 2000-ականների սկզբին, որովհետեւ խանութը ապրանքի ու փողի փոխանակման կոմունիկացիա է: Ու «Քարֆուրին» տեղ տալը իրականում քայլ է իմ դեմ, իմ ստվերից ազատվելու համարձակ փորձ՝ «ԵՍ»–ի կողմից: Էսօրվա «ԵՍ»-ն իր համար գործելու նոր տարածքներ է նվաճում, տարածքներ, որ իմ քաղաքական գործունեության պատճառով, եթե ոչ դե յուրե, դե ֆակտո կորցրել էր, հայտնվելով տաբուների կաշկանդող միջավայրում: Իմ գնալուց հետո «ԵՍ»-ն ամենօրյա, անտեսանելի կռիվ է տալիս՝ նաեւ իմ կողմից կամա թե ակամա ձեւավորված տաբուների դեմ: «ԵՍ»-ն ուղերձ է հղում, որ իր համար չկան արգելված ապրանքներ, արգելված ֆիրմաներ, ինչպես դե յուրե չեն եղել երբեւէ. ու հպարտ եմ դրա համար: «ԵՍ»–ը պատրաստ է շուկայական գներով գնել և վաճառել, գնվել և վաճառվել։

Բայց մեկ բան հստակ է. «ԵՍ»-ն, ի տարբերություն ոմանց, չի հայտարարել, թե իր տարածքում ապրանք ծախողներն այլեւս պատասխանատու չեն 2008թ. Մարտի 1-ին խանութներս թալանելու համար: Իշխանության կազմակերպած այդ քայլերը ես երբեք չեմ մոռանա ու չեմ ների և այդ գիտակցումով էլ մտա ԱԺ ու ծառայում եմ մեծամասնությանը։

Ի դեպ, «Քարֆուրի» Հայաստան գալու հետ կապված ամենամեծ աղմուկը բարձրացրել էին նրանք, ովքեր քարոզներ էին կարդում ազգային արտադրողների պաշտպանության, Սահմանադրության, Մարդու իրավունքների մասին: Բա էդ ինչու՞ եք հիշել մրցակցության մասին, ինչու՞ եք մոռացել, որ «Քարֆուրը» ապազգային կառույց է։ Իհարկե, չեք մոռացել: Պարզապես «Քարֆուրի» առիթով իմ դեմ ձեր ձեռնարկած «բանսարկարշավից» մեկ տարի պիտի անցներ, որ պարզվեր, որ մարտիմեկյան ոճրագործությունից հետո ոմանք ձեր գործատուն են արդեն դարձել, ումից ստացած փողերով էլ «ցպահանջ արդարադատությունից» եք խոսում և ոչ սատնդարտ արդարադատություն պահանջում՝ ծառայելով մարտի մեկից օգտվող թիվ մեկ անձին՝ Սերժ Սարգսյանին։

Ի դեպ, այս հոդվածը գրելու ընթացքում ստացա եւս մեկ «հարված»՝ տեղեկանալով, որ դեռ ամիսուկես առաջ «Երևան Սիթին» խոսել է մեկ այլ ֆիրմայի հետ, շաքարավազ բերելու թեմայով։

Նիկոլը և ես

ՀՀԿ անդամ դարձած մի շարք սիրելի մարդիկ, որոնց հետ իմ անցած ճանապարհը թանկ է եւ արժեքավոր, հարցնում էին, թե ինչու ԱԺ ընտրությունների ժամանակ չգնացի Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։ Այն ժամանակ նման հարցադրումներին լռությամբ էի պատասխանում` Բաղրամյան 26–ի ծրագրերին չխանգարելու համար, բայց հիմա կարող եմ ասել. բանավիճեի, որ ի՞նչ անեի: Գնայի 2003թ. կայացած Սերժ Սարգսյան–Արտաշես Գեղամյան «հեռուստաբանավեճի» երկրորդ սերիայու՞մ նկարահանավեի։ Կներք, բայց գեղամյանների հետ բանավիճելն ու էժանագին սերիալներում նկարահանվելն իմ երազանքը չի եղել։

Սամվել Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր

Հատուկ «ԵՍ»–ի համար»

«7 օրի» տրանսֆորմացիոն բաժին

Այս խորագրի վերջին նյութերը