Քաղաքական

10.06.2013 12:38


Գագիկ Ծառուկյան. «Ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու»

Գագիկ Ծառուկյան. «Ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու»

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե իբր ինքն արգելել է ԲՀԿ–ական պատգամավորներին և հատկապես Նաիրա Զոհրաբյանին սուր ելույթներ ունենալ։

–Ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու,–ընդգծել է Գ. Ծառուկյանը,–յուրաքանչյուր ղեկավար իր թիմակիցներին պետք է հարգի, նրանց լսի, որ ճիշտ որոշում կայացնի։

Ինչ վերաբերում է կնոկրետ Նաիրա Զոհրաբյանին, ԲՀԿ առաջնորդը հիշատակել է նրա նվիրված աշխատանքը հատկապես Եվրախորհրդարանում.

–Նա մեծ աշխատանք է կատարում, և ես կցանկանայի, որ մեր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի պես պատգամավորներ ավելի շատ լինեին, նրա պես նվիրյալներ, որ իրենց երկրի, պետության համար մտածում են, պայքարում են։

Գագիկ Ծառուկյանը նաև ասել է, որ ինչպես ԲՀԿ–ն, այնպես էլ որևէ այլ կուսակցական կամ քաղաքական կառույց, արձակոււրդ գնալու իրավունք չունի։

–Նրանք պարտավորություն են կրում ժողովրդի, իրենց ընտրողների առաջ։ Մինչև ժողովրդի խնդիրները կարգավորված չեն, այդ պատասխանատու մարդիկ չպետք է գնան արձակուրդ։ Մենք աշխատո՛ւմ ենք,–նշել է Գ. Ծառուկյանը՝ ավելացնելով, որ ԲՀԿ–ական պատգամավորներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել և օգնել։ Այդ նպատակով ԲՀԿ–ում աշխատանքային խումբ է ստեղծվել, որի աշխատանքները կներկայացվեն սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը