Լրահոս

09.07.2009 17:16


Կառավարության որոշմամբ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին առանց մրցույթի վարձակալությամբ հողամասեր կտրամադրվեն

Այսօր իր նիստում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին Սպիտակի քաղաքապետի և Ախուրյանի համայնքի ղեկավարի կողմից առանց մրցույթի վարձակալությամբ հողամասեր տրամադրելու մասին։

ՀՀ կառավարությունը նաև որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն և 2009թ. հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում փոփոխություններ կատարել, ինչը պայմանավորված է կառավարության ս.թ. հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումները ՀՀ 2009թ. պետական բյուջեում նախատեսելու անհրաժեշտությամբ։ Որոշման ընդունումը ՀՀ 2009թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնում։

Գործադիրը մեկ այլ որոշմամբ նույնպես վերաբաշխում է կատարել 2009թ. պետական բյուջեում, փոփոխություններ' 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ և գումար է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։ Այդ գումարով հիմնանորոգվելու է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի բաժանարար գոտին, նախագծվելու է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 11-րդ կիլոմետրում առաջացած սողանքային հատվածի հետևանքով կառուցվելիք ճանապարհը և այլն։ Այս առթիվ ՀՀ վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարել է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկել և դրական լուծում տալ հանրապետության կարևորագույն, այդ թվում՝ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով նախատեսված ավտոճանապարհների շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքներին։
ՀՀ կառավարության կողմից անավարտ բնակելի շենքերի կառուցապատմանն օժանդակելու մասին արված հայտարարության համաձայն՝ գործադիրը որոշել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Վահե Հարությունյան» ԱՁ-ին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա արդեն բյուջետային երաշխիք ստացած հինգերորդ կազմակերպությունն է։ Այս գործընթացը պետք է գտնվի ինչպես կառավարության, այնպես էլ հանրության հսկողության ներքո։ Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի՝ ի դեմս «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի», միջև ստորագրված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով, ՀՀ կառավարությունը որոշել է հողերի կատեգորիան փոխելու և որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին։ Որոշումը վերաբերում է Այգեզարդ, Շենիկ և Մանթաշ ինքնահոս համակարգերի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը