Լրահոս

11.06.2013 10:04


Երևանի քաղաքապետարանը հերթական ճարտարապետական մրցույթն է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը հերթական ճարտարապետական մրցույթն է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հրապարակների հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Բաց մրցույթի հայտարարության տեքստում ասված է.

«Մրցույթի նպատակն է՝
Ընտրել լավագույն քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայներական նախագծային, ինչպես նաև դրանց հետ կապված ինժեներա-տեխնիկական առաջարկություններ, հայեցակարգեր ուղղված նշված հանգույցների քաղաքաշինական ամբողջականացմանը, արժևորմանը, բարենպաստ և գրավիչ միջավայրի ստեղծմանը, դրանց հարմարեցմանը արդի պահանջներին, տրանսպորտային հոսքերի կարգավորմանը և այլն:

Անհրաժեշտ է ապահովել- գոյություն ունեցող միջավայրի ծավալատարածական ամբողջականությունը, տրանսպորտային և հետիոտն շարժումների օպտիմալ կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժերը
դիտարկել- տարբեր մակարդակների կազմակերպման, ստորգետնյա տարածքների օգտագործման հնարավորությունը՝ կայանատեղերով, անհրաժեշտ սպասարկման օբյեկտներով /հասարակական զուգարաններ, անցուղիներ, տրանսֆորմացվող, լուսա-երաժշտական շատրվաններ/ ինչպես նաև համաքաղաքային նշանակության միջոցառումների, հանդիսությունների կազմակերպման համար հարթակների ստեղծումը /տրանսֆորմացվող/,նախատեսել- բարեկարգում և կանաչապատում՝ ջրային մակերեսների ստեղծմամբ, տարածքների կահավորում փոքր ճարտարապետական ձևերով՝ արձաններ, կանգառներ, նստարաններ, էկրաններ, գովազդային վահանակներ, ուղղորդող, տեղեկատվական ցուցանակներ, լուսատուներ, և այլ էլեմենտների տեղակայմամբ: Ցանկալի է նաև ներկայացնել հրապարակները ձևավորող կառույցների, ծավալների լուսավորության և արտաքին տեսքի բարելավմանն ուղղված առաջարկներ: Հրապարակների ազդեցության գոտու /դիտարկվող տարածքի/ սահմանները որոշվում են նախագծող հեղինակի կողմից:

Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն ճարտարապետական միասնականության, ներդաշնակման ապահովման խնդիրներում: Ցանկալի է, որպեսզի մասնակիցների կողմից ներկայացվող առաջարկությունները լինեն հնարավորինս իրատեսական, ներառելով վերը նշված պայմաններն ու քաղաքաշինական այն հիմնախնդիրները, որոնք ակնառու են և ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:

Մրցույթին մասնակցության պայմանները՝
Մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ, ճարտարապետներից և հարակից մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ:

Մրցութային հայեցակարգային առաջարկությունների ներկայացման ձևաչափը՝
Առաջարկությունները /տպագիր և էլեկտրոնային/, ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Գրաֆիկական մասը ներկայացվում է ազատ, այն անհրաժեշտ ծավալով ինչը լիարժեք բացահայտում է հայեցակարգի հիմքում դրված մտահղացումները, ներառելով՝ գլխավոր հատակագիծը, ճակատների փռվածքները, կտրվածքները, անհրաժեշտության դեպքում՝ առանձին դրվագները, եռաչափ գծապատկերները և մանրակերտն՝ ըստ հայեցողության:
Մրցույթի մասնակիցներն ազատ են մրցույթային նշված մեկ կամ մի քանի թեմաների մեջ մասնակցության ընտրության հարցում:

Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետները՝
Մրցութի սկիզբը սահմանվում է 2013 թվականի հունիսի 10-ը, իսկ ավարտը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ը:…

Մրցույթի համար անհրաժեշտ ելակետային նյութերը՝
Մրցույթի համար անհրաժեշտ նշված հրապարակներին վերաբերվող տեղագրական հանույթները մասնակցները կարող են ձեռք բերել այցելելով Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայք:

Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային ֆոնդը՝
Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացվում է մրցութային առաջարկությունների շուրջ կազմակերպված հասարակական իրազեկումից հետո, բայց ոչ ուշ, քան 2013 թվականի նոյեմբերի 30-ը:
Մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հրապարակի վերաբերյալ համապատասխանաբար ներկայացված հայեցակարգային առաջարկություններից ընտրված երեք լավագույնները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 1մլն դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 դրամ,
3-րդ տեղ՝ 250.000 դրամ:
Մրցութային հանձնաժողովն իրավասու է մրցույթի ծրագրում առաջադրված պահանջներին չբավարարելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ փոփոխելու սահմանված մրցանակային ֆոնդի բաշխումը:

Ծանոթություն.
Մրցութային առաջարկությունները ներկայացվում են վեցանիշ թվային ծածկագրով: Այն տեղադրվում է գծագրերի վերին աջ անկյունում և պետք է ունենա 15մմ բարձրություն:
Առաջարկությունները ներկայացվում են համապատասխան ծածկագիր ունեցող կից փակ ծրարով, որի ներդիրում նշվում է մրցութային նախագծի հեղինակային կազմը և վերջիններիս միջև դրամական բաշխումը:

Երևանի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան»:

Այս խորագրի վերջին նյութերը