Լրահոս

09.07.2009 18:46


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Սա մեր առաջին հանդիպումն է Հանրային խորհրդի ամբողջական ձեւա­վո­րումից հետո: Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր 36 անդամներիդ եւ ցանկանում բեղմնա­վոր աշխատանք:

Այն, ինչ ստեղծվել է նախադեպը չունեցող կառույց է, որի ե՛ւ կառուցվածքը, ե՛ւ կանոնադրությունը մշակվել ու ձեւավորվել են պետական կառույցներից դուրս: Ընտրությունները եւս կայացել են նախադեպը չունեցող կարգով: Թե ինչ կստացվի արդյունքում, առաջին հերթին կախված է Հանրային խորհրդի բոլոր 36 անդամներից: Անշուշտ, ես չեմ ուզում նվազեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմի, մեր պետական կառույցների դերը, ասածս նշանակում է, որ ձեր գործունեությունից է կախված լինելու, թե մենք ինչքանով ենք ակտիվ օժանադակելու ձեզ: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած նախաձեռնություն, լսելու ձեր կարծիքը եւ ,իհարկե, սա լինելու է մեր գործունեության բաղկացուցիչ մասը:

Ես ծանոթ եմ Հանրային խորհրդի կանոնադրությանը, գիտեմ, որ ձեր որոշումները պետական կառավարման մարմինների կողմից պարտադիր կատարման ենթակա չեն,  քաղաքականության վրա ուղղակի ազդեցություն չեն ունենալու: Բայց բոլորիս համար էլ պարզ է, որ այս կառույցը ստեղծվել է, որպեսզի քաղաքականության վրա ազդեցություն ունենա: Առաջին հայացքից թվում է' սա հակասական է, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ այստեղ հակասություն չկա: Եթե պետական կառավարման մարմիններն առաջին հերթին գործում են օրենքի ուժով, ապա ձեր գործունեության մեջ էական նշանակություն է ունենալու հարգանքը, հեղինակությունը եւ հանրային վստահությունը: Ես շատ ուրախ եմ, որ Հանրային խորհրդի կազմում ընտրվել են մարդիկ, ովքեր անհատապես ունեն այս որակները: Իմ ցանկությունն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրի անհատական որակները փոխանցվեն կառույցին:

Ես չէի ցանկանա, որ Հանրային խորհուրդը դառնար փակ ակումբի նման մի կառույց, այլ ընդհակառակը, լիներ կարծիքներ լսելու, գաղափարներ ընկալելու, որոշումներ կայացնելու մի մեծ խողովակ: Ես այսպես եմ տեսնում Հանրային խորհրդի գործունեությունը, եւ մեկ անգամ եւս կրկնում եմ, որ այն անհրաժեշտ կառույց է, եւ ես որեւէ այլ նպատակ չեմ հետապնդել:

 Ցանկանում եմ, որ ձեր դերակատարությունը կայացվող որոշումների մեջ էական լինի: Նախագահի, պետության շահն այստեղ այն է, որ դուք մասնակցելով կարեւոր որոշումների կայացմանը, արդեն ինքներդ պետք է լինեք դրանք իրականացնողներն ու  առաջին հերթին, տարածողները: Եթե մենք պետական կառույցներում հնարավորություն ունենք ծառայողներին պարտադրել հրամանագրերով, օրենքներով, կառավարության որոշումներով, ապա այստեղ կամավորության հիմքի վրա կառույց եկած եւ որոշումներ կայացնող մարդկանց դերակատարությունն, անշուշտ, պետք է տարբերվի: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս կառույցը կկայանա:

Գիտեք, որ գաղափարը հնչեցնելու առաջին իսկ օրվանից եղան մարդիկ, ովքեր սկսեցին պիտակավորել կառույցը' նույնիսկ չիմանալով, թե ինչպիսի կանոնադրությամբ այն պետք է աշխատի: Վստահ եմ, ե՛ւ դուք, ե՛ւ մեր հասարակության հասուն մասը շատ լավ հասկանում են, թե ինչու վարկաբեկման այս գործընթացը սկսվեց: Եթե մենք այս պարզ բանը հասկանում ենք, նշանակում է մեր գործունեության մեջ այն անպայման պետք է հաշվի առնենք եւ իրականացնենք գաղափարները' ոչ թե ինչ-որ մեկին համոզելու, թե իրենք իրենց մոտեցումներում ճիշտ չէին, այլ' կարողանանք կառուցել ավելի լավ երկիր, որ մեր հասարակությունը դառնա ավելի լավը»:

Այնուհետեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է Խորհրդի հանձնաժողովների ձեւավորման եւ այլ կազմակերպչական հարցերի ընթացքի մասին: Նա ասել է, որ հանձնաժողովների կազմավորման ժամանակ հասարակական հիմունքով աշխատելու պատրաստ մարդկանց մեծ հոսք է արձանագրվել, ինչի արդյունքում հանձնաժողովներում ընդգրկվել են տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ:

Խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ իր ղեկավարած կառույցին կհաջողվի քննարկել հասարակության լայն շերտերին հուզող խնդիրները եւ գտնել դրանց լուծման ուղիներ: Նա տեղեկացրել է, որ Խորհուրդն արդեն իսկ ստանում է բազմաթիվ նամակներ, որոնք ըստ թեմաների դասակարգվում են եւ վերլուծվում, որպեսզի հստակեցվեն դրանցում արծարծված համընդհանուր նշանակության խնդիրները:  

Վազգեն Մանուկյանը նշել է, որ ժողովրդավարության ճանապարհով ընթացող բոլոր երկրներում գոյություն ունեն հանրային խորհրդի նման կառույցներ, որոնք զգալի մասնակցություն են ունենում հասարակական խնդիրների լուծման գործում, նաեւ' հաշտարարի դեր կատարում հասարակության մեջ շահերի բախումների դեպքում:

Ծավալված աշխատանքային քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները բարձրացրել են գիտությանը եւ կրթությանը, մշակույթին, բնապահպանությանը, տնտեսությանը, Հայաստանի' միջազգային տեղեկատվական հոսքերում  ներկայացվածությանը, երիտասարդ սերնդի  արժեհամակարգի դաստիարակությանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը Խորհրդին առաջարկել է' հետագա աշխատանքներում մշակել դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:

Այս խորագրի վերջին նյութերը