Քաղաքական

09.07.2009 20:35


ԼՂՀ պաշտպանության նախարար. «Եթե որոշվում է մեր ժողովրդի հարցը, ապա մեր ժողովուրդը պետք է որոշի»

ԼՂՀ պաշտպանության նախարար. «Եթե որոշվում է մեր ժողովրդի հարցը, ապա մեր ժողովուրդը պետք է որոշի»

ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հուլիսի 9-ին ներկա է գտնվել «Ասպետ» ռազմամարզական ճամբարի 2009թ. սեզոնի բացման արարողությանը: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ ադրբեջանական կողմից բազմիցս հնչող ռազմատենչ հայտարարություններին վերաբերվում է նորմալ՝ ինչպես թշնամի երկրի հայտարարություններին:

-Չեմ կարծում, թե ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները մեզ համար պետք է հիմք հանդիսանան որևէ մի գործողություն կատարելու համար,- ասել է նա:

Ադբեջանը, նրա խսքերով, միշտ փորձում է տարածաշրջանում, շփման գոտում թելադրողի դիրքերից խոսել և փորձ է անում ներկայացնել, թե հայ դիպուկահարներն ինչ-որ խնդիր են կատարում, ինչը, սակայն, նրանց չի հաջողվում.

-Դա նրանց հաջողվում է միայն շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոնիթորինգի ժամանակ: Մի քանի անգամ այդ մոնիթորինգները խախտվել են հենց Ադրբեջանի կողմից՝ դա պատճառաբանելով շփման գծից դիպուկահարներին հանելու հանգամանքով: 

Նա նշել է, որ ԼՂՀ-ն պատրաստ է դիպուկահարներին հանել առաջին գծից, սակայն, երբ համապատասխան փաստաթուղթը եկել է, Ադրբեջանական կողմը հրաժարվել է ստորագրել այն, քանի որ համաձայնագիրը պետք է լիներ ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ: 

Մ. Հակոբյանը վստահեցրել է, որ ԼՂՀ բանակը պատրաստ է այսօր ապահովել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, և այն, որ Ադրբեջանի հայտարարություններն այս 15 տարիների ընթաքում մնում են լոկ հայտարարություններ, փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը «հակառակորդին խաղաղություն են պարտադրում»։
-Այս 15 տարիների ընթացքում մենք ոչ մի անգամ չենք թողել, որ հակառակորդն առաջին գծում գերակայություն ունենա թե' ոգով, թե' ռազմական ուղղությամբ: Անընդհատ ճնշել ենք, և այսօր էլ ճնշելու ենք: 
Անդրադառնալով բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությանը, նա ասել է.

-Կարծում եմ, այդ հարցը պարզաբանման ենթակա չէ, որովհետև ակնհայտ է, որ եթե որոշվում է մեր ժողովրդի հարցը, ապա մեր ժողովուրդը պետք է որոշի: Եթե այսօր բանակցությունները գտնվում են այն փուլում, որ ԼՂՀ ժողովրդի մասնակցությունը չկա, կարծում եմ, բանակցային գործընթացը դեռ հեռու է լիիրավ խաղաղությունից:

Ինչ վերաբերում է ազատագրված տարածքները վերադարձնելու և զիջումների մասին խոսակցություններին, ապա, Մովսես Հակոբյանի կարծիքով, այդ մասին խոսում են միայն լրագրողնեը, և ոչ պաշտոնյաները.
-Ես որևէ պաշտոնյայի չեմ տեսել, որ պատրաստ լինի զիջումների, և ոչ ոք մեզանից տարածք չի պահանջում: Ադրբեջանի Հանրապետությունը պահանջում է ամբողջ ԼՂՀ-ն, ոչ թե ինչ-որ տարածք:
Նրա կարծիքով՝ պարտվողական կեցվածք ընդունելու դեպքում զիջումները կարող են լինել «Լաչինի միջանցքից այն կողմ», սակայն իր համար ԼՂՀ ժողովրդի անվտանգությունն ավելի հուսալի կլինի «Կուր գետից այն կողմ»:

«ԼՂՀ խնդրի լուծման հարցում կա՞ն արդյոք հակասություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումներում» հարցին նա պատասխանել է.
-Իհարկե՝ ո՛չ, որովհետև Լեռնայի Ղարաբաղը բանակցային կողմ չէ: Երբ կլինի բանակցային կողմ, կլինի դա երկկողմ թե եռակողմ, այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ և, այդ առումով, հակասություններ չեն կարող լինել որևէ մեկի հետ: Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր կարծիքը, իսկ Լեռնային Ղարաբաղը կարտահայտի իր կարծիքը, երբ կլինի բանակցային կողմ:

Բեգլարյան Արփի

Ստեփանակերտ-Երևան

Այս խորագրի վերջին նյութերը