Մեկնաբանություն

12.06.2013 17:50


Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

Երկու լրագրող, տարբեր ճակատագրեր և համանման որոշում

«Ֆեյսբուքը» դարձել է լրագրողների թշնամին։ Ավելի ճիշտ՝ «Ֆեյսբուքում» արտահայտվելն է վտանգավոր դարձել լրագրողների համար։

Ինչպես հայտնի է, մեր լրատվական դաշտի հնաբնակներից ու «աքսակալներից» համարվող Կիմա Եղիազարյանը և Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան գրառումների համար հեռացվել են աշխատանքից։ Առաջինը «Հայոց աշխարհ» օրաթերթից, իսկ երկրորդը՝ «Շանթ» հեռուստաընկերությունից։

Տարբեր են, սակայն, վերոնշյալ լրագրողների հեռացմանը նախորդած պատմությունները և նրանց ճակատագրերը։

«Հայոց աշխարհը»՝ ընդդեմ «Հայոց աշխարհի»

Կիմա Եղիազարյանն աշխատում էր իշխանամետ «Հայոց աշխարհում», սակայն չէր ընդունում նախագահի պաշտոնում հայտնված Սերժ Սարգսյանի կողմից վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Նրա մոտ, բնականաբար, առաջացել էր անձի երկվություն։

Կիման մի պահ դուրս եկավ թերթից, ապա վերադարձավ, բայց տպվում էր կեղծանունով՝ ընտրելով այնպիսի թեմաներ, որոնք հակադրության մեջ չէին մտնի իր պատկերացումների հետ։ Սակայն դա երկար շարունակվել չէր կարող, քանզի լրագրողուհու ֆեյսբուքյան գրառումները և բլոգոսֆերայում արվող մեկնաբանությունները չէին համապատասխանում լրատվական դաշտում գրաված «Հայոց աշխարհի» ֆորմալ տեղին։ Ավելի ճիշտ՝ «Հայոց աշխարհն» էր հայտնվել իր համար անսովոր տեղում՝ անսովոր դարձնելով Եղիազարյանի տեղը «Հայոց աշխարհում»։

Եթե Ռոբերտ Քոչարյանի նախագահության փուլում մարդիկ կարդում էին «Հայոց աշխարհը»՝ հասկանալու համար, թե ինչ է մտածում իշխանությունը, և որն է նրա գիծը, ապա Սերժ Սարգսյանի օրոք իշխանության մտադրություններին ծանոթանալու համար արդեն պետք է ընթերցել ընդդիմադիր կամ անկախ համարվող թերթերն ու կայքերը (հեռուստատեսությունները մաքսիմալ ապաքաղաքականացվել են և պլեբսի համար ապահովում են սերիալային իրականություն), քանզի խաղի կանոն դարձավ «մուտիլովկան»։ Արդյունքը՝ «Հայոց աշխարհը» դուրս մղվեց թերթային «նոմենկլատուրայից»՝ տպագրվելով զուտ իներցիայի շնորհիվ։ Բաղրամյան 26–ին այդ թերթը հիմա պետք է այնքան, որքան «Հայաստանի Հանրապետություն» թերթը։ Այսինքն՝ պետք չէ։

Այնպես որ, Կ. Եղիազարյանը մի օր պետք է դուրս գար աշխատանքից։ Նրա ֆեյսբուքյան գրառումը, ըստ այդմ, առիթ էր, այլ ոչ թե պատճառ թերթից հեռանալու կամ հեռացվելու համար։ Ասել է թե՝ թերթից Կիմայի դուրս գալը կողմերի համար տրամաբանական ու սպասված էր։ Թեև պետք է նկատել, որ «Հայոց աշխարհի» խմբագրակազմն ու թիմի մեծ մասը 2008–ից հետո հայտնվել են Կիմա Եղիազարյանի հոգեվիճակում, և դեռ հարց է, թե ով է ում գծի դեմ գնացել, և ով է գաղափարական առումով անհարմարության մեջ հայտնվել։

Եթե հարցը զուտ գաղափարական առումով դիտարկենք, ապա ոչ թե Կիմա Եղիազարյանը, այլ թերթն է հայտնվել ծանր դրության մեջ, քանզի դժվար է պատկերացնել, որ «Հայոց աշխարհը» կողմ լինի, ասենք, «ֆուտբոլային» դիվանագիտությանը։

«Հայոց աշխարհի» գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանին հազիվ թե դուր գա Ղարաբաղի հարցի վերաբերյալ Սերժի դիրքորոշումը, բայց կենցաղը ճնշում է, և այդ թերթը ստիպված գրում է տարիներ շարունակ քարոզած իր իսկ գծի դեմ։

Գեբելսյան քարոզչամեքենան սկսել է խժռել իր մշակներին

Այլ է Արմեն Դուլյանի պատմությունը։ Եթե Կիմա Եղիազարյանը, որպես իշխանամետ թերթի աշխատակից, անցավ ընդդիմադիր տիրույթ, ապա Դուլյանի դեպքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նրան հակաիշխանական «Ազատություն» ռադիոկայանից տեղափոխեցին իշխանությունների կողմից ամբողջությամբ վերահսկվող հեռուստադաշտ: Արմենը սկզբում հայտնվեց Հ1–ում, ապա «Շանթում», թեև դրա կարիքը չկար. Դուլյանը նույն գործը կարող էր և իր նախկին աշխատատեղում կատարել։ Քանզի «Ազատությունն» էլ ժամանակի ընթացքում վերածվեց «Արմենիայի», Հ1–ի կամ «Շանթի»։ Ու թող Դուլյանը հիմա չզարմանա, որ «Ազատությունը» չի անդրադարձել իր հեռացմանը, իսկ «Շանթի» աշխատակիցներն իր դեմ նամակներ են գրում. լրագրողական համքարության մեծ մասը մանրամեծածախ «երկխոսացման» է ենթարկվել։ Տիրում է գաղջ մթնոլորտ։ Ինչևէ։

Գանք իշխանական քարոզչամեքենայի ստեղծման նախապատմությանը։

Արմեն Դուլյանին ու մյուսներին նախագահական նստավայրի ցուցմամբ նոր աշխատանք էին առաջարկում, քանզի իշխանության մոտեցումը լրատվական դաշտի առումով կտրուկ փոխվել էր։

2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը որոշեց նոր հայեցակարգ որդեգրել։ Սերժի վրա «կարում» էին «Մամուլի բարեկամի» իմիջ՝ զուգահեռաբար լղոզելով ընդդիմադիր կամ չեզոք լրատվական դաշտը՝ «երկխոսացնելով» խմբագիրներին ու լրագրողներին։ Լրատվական դաշտում տեղի ունեցավ աննախադեպ «թրաֆիքինգ»։ Ստեղծվեց գեբելսյան ոճով աշխատող, այն է՝ ցինիզմի, ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզչամեքենա։

Երբեմնի ընդդիմադիր խմբագիրներին ու լրագրողներին իշխանության նոր մոտեցումը դուր եկավ, քանի որ կար զրո պատասխանատվություն պետության ու քաղաքացիների հանդեպ և շատ փող։ Ուրիշ էլ ինչ է պետք «սրճարանային լիբերալիզմով» տառապող միջին վիճակագրական չորրորդ իշխանության ներկայացուցչին, մանավանդ երբ թույլատրված է նաև քննադատել իշխանությանը, այսինքն՝ հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։

Եթե Քոչարյանի ու Տեր–Պետրոսյանի ժամանակ կար իշխանություն–ընդդիմություն հստակ բաժանում, կար գաղափարական պայքար և իշխանությունը ճնշում էր հակառակ տեսակետը ներկայացնող քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին, ապա Սերժի պարագայում ֆիզիկական ու վարչական ճնշմանը փոխարինելու եկավ առևտուրը։ Գեղամյանացում երևույթը քաղաքականից մտավ նաև լրատվական դաշտ։

ՀՀԿ ղեկավարը կայուն գաղափարներ, սկզբունքներ ու քաղաքական պատկերացումներն չունի, բայց ունի շատ հստակ նպատակ՝ կուլակաթափել «յուրայիններին» ու հավերժ իշխել։ Իսկ դրա համար իրեն անհրաժեշտ է անապատի վերածել քաղաքական դաշտը և «խուրդել» ընդդիմադիր հռետորաբանությունը։ Այդ գործում արդեն հայոցաշխարհները հարկավոր չեն։ Պետք են մարդկանց ուղեղները լվացող հեռուստաընկերություններ և «մուտիլովկաներով» զբաղվող «1in.am»-ներ։

Բաղրամյան 26–ին հարկավոր են ընդդիմադիր համարում ունեցող լրատվամիջոցներ, խմբագիրներ և լրագրողներ, ում թույլատրված է քննադատել անգամ Սերժ Սարգսյանին, բայց բացառապես «հակաօլիգարխիկ» պայքարը դանդաղ իրականացնելու կոդերով։ Այդ իսկ ծրագրի շրջանակներում Արմեն Դուլյանն ու մյուսները հայտնվեցին «Շանթում» և մյուս վերահսկելի լրատվամիջոցներում։ Նրանց թույլատրված է գրեթե ամեն ինչ, սակայն գլխավոր թիրախը պետք է լինեն Սերժ Սարգսյանի միահեծան իշխանությանը սպառնացող մեծ ու փոքր կենտրոնները, այսպես կոչված օլիգարխները և անգամ Սերժի ֆորմալ շրջապատը ներկայացնող մարդիկ (Հովիկ Աբրահամյան, Վարդան Այվազյան, Գագիկ Խաչատրյան և այլն)։ Նույնն, ի դեպ, անում էր նաև տխրահռչակ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ «ժողովրդի» անունից պաշտոնանկություններ ու պաշտոններ էր պահանջում՝ զուգահեռաբար քծնելով Սերժին։

«Անկախ» լրատվամիջոցների վրա դրված է իշխանությունը բարի և չար թևերի բաժանելու խնդիրը։ Բարի թևում, բնականաբար, Սերժն է, օֆշորներից դուրս չեկող վարչապետն ու երիտօլիգարխիան։ Մնացածները «քըխ» են։

Առավոտից–երեկո «օլիգարխների» դեմ խոսող և քաղաքացիականություն քարոզողները, ըստ այդմ, ծառայում են իրական օլիգարխին՝ Սերժ Սարգսյանին և ընտրությունների ժամանակ տոկոս «խփելու» ֆոն ապահովում։

Հիմա ընտրություններն ավարտվել են, և հավերժ իշխանություն ունենալու մտադրություններով առաջնորդվող Սերժ Սարգսյանն այլևս ձևականությունների հետևից չի ուզում ընկնել։

Դուլյանին ազատելով՝ Բաղրամյան 26–ից բոլոր «երկխոսացվածներին» հասկացնում են, որ այսպես կոչված ազատության փուլն ավարտվել է, և բոլորը կազատվեն աշխատանքից, եթե նույնիսկ սեփական տան խոհանոցում թթու խոսք ասեն «Վոժդի» հասցեին։

Դուլյանը նախկինում ավելի սուր գրառումներ էր անում, բայց նրան գործից չէին հեռացնում, քանի որ դեռ ընտրությունները չէին ավարտվել և քաղաքական մենաշնորհի տիրույթները չէին ընդլայնվել։ Սերժին պետք էր «Մամուլի բարեկամի» իմիջը և այդ իսկ պատճառով Դուլյանի գրառումները սուսլովական գրաքննության ենթարկելու կարիք չկար։

Հիմա արդեն նոր ժամանակներ են եկել։ Մտածողության հեղափոխությունը սկսվել է։ Դուլյանը հին հովերով էր ապրում, չէր ֆիքսել փոփոխությունը և դրա համար էլ զրկվեց աշխատանքից։ Նրա փոխարեն կարող էր «դռբի» տակ ընկնել իշխանության վերահսկողության տակ գործող լրատվամիջոցի մեկ այլ աշխատակից։ Ուղղակի Դուլյանի բախտը չբերեց, քանզի նա հավատացել էր, որ Սերժը բարի է, իսկ մյուսները՝ չար։

Ինչպես Օրուելի «1984»–ում է նկարագրված՝ «Մեծ եղբայրը հետևում է ձեզ»։ Լինի կայք, թերթ կամ սոցիալական ցանց, իշխանությունը ուշի–ուշով հետևում է բոլորին բոլոր տիրույթներով։ Եթե նրանց հաջողվի «անկախ» լրատվամիջոցների, րաֆֆիատիպ ընդդիմադիրների, «թունդ հեղափոխականների» ու վարչաուժային կառույցների միջոցով քաղաքական և լրատվական դաշտն ամբողջությամբ մաքրել փոքրաթիվ ինքնուրույն կենտրոններից, ապա դուլյաններին ոչ միայն աշխատանքից կհեռացնեն ֆեյսբուքյան գրառման համար, այլև քրեական պատասխանատվության կենթարկեն։

Այդ մասին, ի դեպ, Սերժ Սարգսյանն անկեղծորեն հայտարարեց փակ ասուլիսի ժամանակ, երբ խոսում էր երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի առաջացման պատճառների ու դրա մեղավորների մասին։ Պարզապես ոմանք դեռ «տաք» էին ու չզգացին գեբելսյան քարոզչամեքենայի նոր շեշտադրումները։

«Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է Նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով: Վստահ եմ, որքան զարգանա մեր հասարակությունը, այնքան այսպես խոսողները քիչ են լինելու: Որովհետև գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան: Գործընթացը նորմալ է գնում, մի անհանգստացիր: Որևէ բան մեր երկրի, հիմա դժվար է անդորր ասել, բնականոն կյանքը չի կարող խանգարել»,–անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Ռուբեն Հախվերդյանի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությանը՝ նշել էր Սերժ Սարգսյանը։

Հասկացա՞ք։ Սերժը համբերատար է։ Այ, երբ կստեղծի համապատասխան դատարաններ, այն ժամանակ բոլորը կիմանան, թե ինչն ինչոց է։ Իսկ թե ինչպիսի դատարաններ կստեղծի ՀՀԿ ղեկավարը, բոլորի համար էլ պարզ է։

Այնպես որ, Դուլյանը դեռ լավ է պրծել, որ միայն հեռացվել է աշխատանքից։ Հետագայում Սարգսյանը պատրաստվում է «արդար դատարանների» միջոցով լուծել «չափն անցած» մարդկանց հարցերը։

Դեռ ինչե՜ր են լինելու։ Գեբելսյան քարոզչամեքենան սկսել է խժռել իր մշակներին, քանզի ընտրություններն անցել են, և ավելորդ ուտող բերան իշխանությունը չի ուզում պահել։ Համ էլ Դուլյանի օրինակով նախագահականից մեսիջ են հղում իրենց ենթակայության տակ աշխատող լրատվամիջոցներին, որ «կայֆերի» փուլն ավարտվել է և պետք է գործի ինքնագրաքննությունն ու գրաքննությունը ոչ միայն լրատվական տիրույթում, այլ նաև սոցիալական ցանցերում, քանզի «Մեծ եղբայրը» հետևում է բոլորին։

Հիմա դեռ ոմանք պետք են։ Այ, երբ կվերացվեն ինքնուրույնություն ունեցող քաղաքական ուժերը, և «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում կոչնչացվեն ինքնավար ֆինանսական կառույցները, այդ ժամանակ ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներ չեն լինի, այլև պատի թերթը ազատության կղզյակ կդառնա։

Դե, ձեզ տեսնեմ, «անկախ» մամուլի ներկայացուցիչներ։ Շարունակեք փորել ձեր իսկ գերեզմանը, բայց գոնե տեղ թողեք, որպեսզի ձեզ հետագայում կարողանանք պատվով թաղել։ Իսկ այսպես շարունակելու դեպքում դուք կմնաք առանց գերեզման և ձեզ որպես անտեր դիակ կօգտագործեն լրագրողական «անատոմիկում»՝ պաթոլոգիաները սկսնակ լրագրողներին ցույց տալու համար։

Կարեն Հակոբջանյան

Խմբ. կողմից– Հարգելի պարոն Դուլյա՛ն, եթե Դուք ձեր տեսակետները հայտնելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու կարիք կունենաք, ապա «7 օրը» պատրաստ է քննարկել այդ հարցը և ճշտել համագործակցության պայմանները։ Պարզապես մեկ բան «էս գլխից» կուզենայինք ֆիքսել. «7 օրի» դավանած գաղափարախոսությունն ու գիծը հայտնի են։ Եթե դա Ձեզ համար ընդունելի է, ապա բարի գալուստ։

Այս խորագրի վերջին նյութերը