Մեկնաբանություն

14.06.2013 16:10


Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Սերնդափոխության հետևանքները և «պասերով» խաղը

Արտաշես Գեղամյանը և Արշակ Սադոյանը կարող են հանգիստ լինել, քանզի «փոխանցիկ դհոլը» հուսալի ձեռքերում է։

Ճիշտ է, նորերը չունեն Մամիկոնիչի արտիստիզմը և Սադոյանի «արմատականությունը», բայց իրենց կերկերուն ձայնային տվյալներով և իշխանությանն «ուրույն» ծառայություններ մատուցելու պատրաստակամությամբ չեն զիջում հներին։

Համ էլ՝ չեղած տեղը, ինչպես ասում են, խեցգետինն էլ ձուկ է։

Օֆշորս քաղաքացիական պայմանագրիդ վնաս չէ

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք ասել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի միջև ԱԺ դահլիճում տեղի ունեցած տեսա–փիլիսոփայական զրույցին նախորդել էր շատ գործնական քննարկումն և մի շարք հարցերի շուրջը կողմերի փոխհամաձայնությունը։ Տղերքը հիմա այնպես են իրար «պաս» տալիս ու «պաս» բռնում, որ պարզապես աչք է ծակում (այ, տենց, տղե՛րք, «պասերո՛վ», «պասերո՜վ»)։

Հանուն արդարության պետք է նշել, որ Նիկոլը միայնակ շատ ավելի արդյունավետ է գործում, քան իշխանության «ողջախոհ» թևի վկա Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմ կոչվածը միասին վերցրած։ Այնպես որ, վարչապետը ճիշտ ընտրություն է կատարել։ Նիկոլը, ըստ այդմ, ամբողջությամբ ինտեգրվել է «մտածողության հեղափոխությանը»։ Մանավանդ որ «հեղափոխություն» բառն էլ ապահովում է ինտեգրացիայի էմոցիոնալ ֆոնը։

Պատահական չէ, որ վարչապետին առնչվող օֆշորային «աֆյոռայի» ի հայտ գալու սկզբնական փուլում «Հայկական ժամանակը», ինչպես որ մյուս «անկախ» լրատվամիջոցները, լուռ էր, իսկ «Բարևի» հեղափոխության շեփորահարներից ու առաջամարտիկներից հանդիսացող Նիկոլ Փաշինյանը փոխանակ լվանար Տիգրան Սարգսյանի ոսկորները, զբաղված էր կանացի բամբասանք հիշեցնող «լավաշ»–հոդվածներ թխելով։

Տիգրանին ու նիկոլփաշինյաններին, սակայն, չհաջողվեց շեղել հանրային ուշադրությունն ու «ջրել» թեման։

Երբ ակնհայտ դարձավ, որ չի հաջողվելու լռության մատնել փողերի լվացման պատմությունը, Բաղրամյան 26–ը նախաձեռնեց վարչապետին մաքրելու օպերացիան։

Մեկ կենտրոնից եկած հրահանգով՝ բոլոր «անկախ» լրատվամիջոցները, որոնք համավոր հարսի պես էին իրենց պահում օֆշորի պահով, սկսեցին խոսել, բայց խոսել «Մի՞թե օֆշորի թեման է կարևոր, և մի՞թե վարչապետն է ամենակոռումպացվածը» ծրագրի շրջանակներում։

Նկատենք, որ վարչապետի մաքրման գործում իր ուրույն դերն է կատարում Նիկոլ Փաշինյանը, ում պատկանող թերթը խիստ «արմատական» դիրքերից հարց է ուղղել վարչապետին, թե որտեղ է նա գտնվել օֆշորային այդ կազմակերպության գրանցման օրը։ Համաձայնե՛ք, որ դա ամենաչորրորդական հարցն է, որը կարող է տրվել 30 մլն դոլար գնահատված գույքի գրավադրման դիմաց 10 մլն դոլար օֆշորներում պտտեցնելու գործի շրջանակներում։ Ավելին՝ այդ հարցը փրկօղակ է վարչապետի համար, ինչից նա, բնականաբար, օգտվեց։

Ճիշտ է, այդ փրկօղակից օգտվելն ավելի ծիծաղելի վիճակում դրեց Տիգրանին, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ փրկօղակը նրան նետեց «Հայկական ժամանակը»։

Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի «արմատական» հարցադրմամբ է հանդես եկել ընդդիմադիր համարվող, բայց նաև «չերեզ» Արթուր Բաղդասարյան Նիկոլի դեմ պայքարող այդ թերթը։ Տիգրան Սարգսյանն էլ օգտվելով Նիկոլի «պասից»՝ մանրամասն հաշվետվություն է ներկայացրել «Հայկական ժամանակին» առ այն, որ այդ օրը ինքը եղել է լրագրողների աչքի առաջ՝ Պրահայում։

Ահա այդպես է բյուրեղյա մաքրության տեր վարչապետը հրապարակավ պատասխանել «Հայկական ժամանակի» այդ «սուր» հարցադրմանն ու ԱԺ–ում ունեցած իր արդարացման ելույթի մեխը դարձրել «Ես անմեղ եմ, քանզի Պրահայում եմ եղել. հրե՛ն «Հայկական ժամանակը» ձեզ վկա» ձևակերպումը։ Բոլորը գոհ են և երջանիկ։ Նիկոլի թերթը «սուր» հարցադրում է անում, իսկ վարչապետն էլ հերոսաբար դուրս է գալիս հարցադրման տակից։

Ոչինչ, որ նույն վարչապետը նշեց նաև, թե օֆշորային կազմակերպություն կարող են ստեղծել Նիկոլ Փաշինյանի անունից՝ առանց նրան տեղյակ պահելու։ Կարևորը, որ «Հայկական ժամանակն» օգնեց վարչապետին հիշելու, որ ինքը 2010թ. մայիսի 6–ին եղել է Պրահայում և հետևաբար՝ կասկածից դուրս է, ինչպես Կեսարի կինը։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ օֆշորային թեմայով մի շարք լրատվամիջոցներ հարցադրումներ են ուղղել վարչապետին, բայց նա պատասխանել է միայն «Հայկական ժամանակին»։ Ընդ որում՝ պատասխանել է այնպիսի հարցի, որը գոնե ձևականորեն ալիբի ապահովելու հնարավորություն է տալիս «Հայկական աշխարհի» ճարտարապետին։

Սադոյանի «Marlboro»–ն և Փաշինյանի առանձնատունը

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունը ԱԺ–ում ջրի երես հանեց Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության չարաշահումները, որոնք տեղի էին ունեցել նախորդ տարվա ընթացքում։ Հարցի գինը տատանվում է 200 մլն դոլարի սահմաններում։ Մոտավորապես այդքան է մսխվել նախորդ տարի։ Եվ դա միայն այն պետական կառույցներում, որտեղ հասցրել է ստուգումներ անցկացնել Վերահսկիչ պալատը։

Պարզ է, որ Իշխան Զաքարյանի բացահայտումները ներիշխանական տարբեր թևերի միջև եղած գզվռտոցի հետևանք են։ Սկսվել է կոմպրոմատների պատերազմ, որտեղ ակնհայտորեն տանուլ են տալիս Տիգրան Սարգսյանը, իր վերադասն ու իշխանության «ողջախոհ» թևը։ Սրանք խոսելով բարեշրջումներից, հակաօլիգարխիկ պայքարից ու մտածողության հեղափոխությունից՝ պետական միջոցները փոշիացրել են օտար տարածքը գրաված թշնամու բանակի պես։

Պարզ է նաև, որ Իշխան Զաքարյանն էլ մի բարի պտուղ չէ, սակայն փաստը մնում է փաստ, որ նա ներկայացրեց հսկայական չարաշահումներ, որոնք, ինչպես օֆշորի դեպքում, առնչվում են Տիգրան Սարգսյանին։ Պետք է ուրեմն ստիպել, որ համապատասխան կառույցներն ընթացք տան բացահայտումներին և մինչև վերջ գնան։ Իշխան Զաքարյանի անձը տվյալ դեպքում երկրորդական է դառնում։ Նա մանր ձկնիկ է Տիգրանի «քաջագործությունների» համեմատ։ Հասարակությունը հիմա շանս է ստացել ներիշախանական հակասություններն օգտագործել հօգուտ քաղաքացու և պետության։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։ Թո ով ում «մարդն» է, և ով ում տակն է ուզում փորել, մեզ պետք է չհետաքրքրի։ Տիգրանի կառավարությունը թալանել է և պետք է պատասխան տա՝ իր շեֆի հետ միասին, քանզի դժվար է պատկերացնել, որ «ատկատները» շրջանցել են Բաղրամյան 26–ը։

Տիգրանը պետք է այս բացահայտումներից ու օֆշորային պատմությունից հետո հրաժարական տար, իսկ դատախազությունն էլ քրեական գործ պետք է հարուցեր առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների ու չարաշահումների համար, սակայն գողն առաջինն է գոռում բռնեք գողին։ Եվ ահա այս հարցում էլ, ինչպես օֆշորային պատմության մեջ, վարչապետին օգնության է հասնում Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե նրան պաշտպանելու, այլ Իշխանի վրա հարձակվելու տարբերակով։ Ասել է թե՝ Նիկոլը մեծ թալանչիից ուշադրությունը շեղում է դեպի փոքր թալանչին։

Իշխան Զաքարյանին պատկանող առանձնատան թեման մեջտեղ բերելով՝ Նիկոլը, «ա լյա» Գեղամյան թունդ ընդդիմադիր հռետորաբանություն կիրառելով և «Բոլորն էլ նույնն են» գեբելսյան քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրած կոդի շրջանակներում խոսելով, փորձեց հավասարության նշան դնել Տիգրանի ու Իշխանի թալանածների միջև, ինչն էլ հարկավոր էր վարչապետին։

Այն, որ Իշխանն իր աշխատավարձով չէ առանձնատուն կառուցել, որևէ կասկած չի հարուցում։ Կասկածից դուրս է նաև այն, որ Իշխանը կոռուպցիոն համակարգից հեռու մարդ չէ, բայց Իշխանի «կերածները» վարչապետի գլխավորած կառավարության թալանածի համեմատ կաթիլ է ծովում։

Եվ ամենակարևորը՝ Տիգրանի կոռուպցիոն հակումները կրում են համակարգային և համակարգաստեղծ բնույթ, իսկ Իշխանինը՝ համակարգի հետևանքն են։ Այսինքն՝ գործ ունենք մեծ ու փոքր տրամաչափի կոռուպցիոներների հետ։ Հետևաբար՝ վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության ֆոնին մեջտեղ բերել Իշխանի առանձնատան խնդիրը և հավասարության նշան դնել Տիգրանի թալանածների ու Իշխանի «կերածի» միջև, շարքային հաճախորդություն է։

Հարցն այն չէ, որ Իշխանին կարելի է թալանել, իսկ Տիգրանին՝ ոչ։ Թալանել չի կարելի ամեն դեպքում, բայց գոյություն ունի պատճառ և հետևանք, ամբողջ և մաս։ Երբ իրեն ընդդիմադիր հռչակած տնվոր–պատգամավորը պատճառը թողած՝ հետևանքի դեմ է կռիվ տալիս (այն էլ տիգրանահաճո կոդերով) և ամբողջը թողած՝ մասի հարցն է մեջտեղ բերում, նշանակում է, որ գործ ունենք նեոգեղամյանության հետ։

Փոխանակ Իշխանի ներկայացրածն այս ձախողված իշխանության դեմ պայքարի գործիք դարձնելու և մեղավորներին պատժելու գիծ որդեգրելու՝ Նիկոլն ուզում է իմաստազրկել Վերահսկիչ պալատի բացահայտումները՝ «Համ էլ Իշխանն էլ է թալանչի» էժանագին պոպուլիստական «տրյուկի» օգնությամբ։

Քաղաքական կուլիսներում տեղի ունեցող գործընթացներին լավատեղյակ մարդկանց համար ակնհայտ է, որ իշխանության թևերի միջև նոր թափ է հավաքել չհայտարարված պատերազմը։ Հասարակության շահը տվյալ դեպքում այն է, որ համակարգաստեղծ կոռուպցիոներների ձեռքը բռնվի, ինչը կբերի նաև մանր ձկնիկների ապօրինությունների ավարտին։ Իսկ դա նշանակում է, որ պետք է նախ պահանջել իրավական ընթացք տալ Վերահսկիչ պալատի բացահայտումներին, իսկ քաղաքական առումով էլ՝ թույլ չտալ Սերժ–Տիգրան զույգի գլխավորությամբ իշխանական մոնոլիտի հաստատում։ Քանզի պարզից էլ պարզ է, որ ինչքան բազմաբևեռ լինի քաղաքական դաշտն ու մասնավորապես՝ ներիշխանական դաշտը, այնքան ավելի կշահի հասարակությունն ու պետությունը։ Միայն մրցակցությունն ու փոխադարձ վերահսկողությունը մեզ հնարավորություն կտան ունենալ ոչ թե թուրքմենբաշիացման ձգտող պսևդոժողովրդավարական համակարգ, այլ իրական ժողովրդավարություն։ Տվյալ դեպքում պետք է ոչ թե ներիշխանական խմբավորումներից մեկի համար փաստաբանություն անել, այլ ստիպել աշխատեցնել օրենքը՝ տարբերելով գլխավոր կոռուպցիոներին սլաքավարից։

Այժմ նեոբոլշևիկներն ընդդեմ բոլորի պատերազմը մտել է պերմանենտ ցնցումների փուլ։ Ընտրությունները պարզապես ժամանակավոր հրադադարի շրջան էին, այլ ոչ թե ներիշխանական համերաշխությանը նպաստող գործընթացներ։

Հարկ է առանձնահատուկ ձևով ընդգծել, որ նիկոլփաշինյաններն այդ պատերազմում սպասարկում են սերժա–տիգրանական շրջանակների շահերը։ Դա է նրանց ֆունկցիան, ուրիշ ոչինչ։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իշխան Զաքարյանի առանձնատան թեման մատի փաթաթան է դարձրել այնպես, ինչպես 90–ականներին թունդ ընդդիմադիր աշխատող և Տիգրան Սարգսյանի թիմակից հանդիսոցող Արշակ Սադոյանն այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանի ծխած «Marlboro»–ն։ Թե ինչ եղավ հետագայում Սադոյանի հետ, և որտեղ է նա հիմա, հիշեցնելու կարիք չկա։

Այնպես որ, պետք է թացը չորից տարբերել և պայքարել գլխավոր խնդրի համար՝ ուշադրություն չդարձնելով շեղող գործոնների վրա։ Իսկ գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վարած արտաքին ու ներքին քաղաքականության փոփոխությունն է՝ այդ քաղաքականության իրացնողներին չվաստակած հանգստի ուղարկելու միջոցով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը