Մեկնաբանություն

16.06.2013 11:35


Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)

Դուք աղքա՞տ եք։ Դուք նյարդայնացած եք գազի գնի բարձրացումի՞ց։ Դուք ուզում եք միլիոնատեր դառնալ, բայց չգիտեք, թե ինչպե՞ս։ Հոգ չէ։ Մենք կօգնենք ձեզ շատ արագ հարստանալ և դառնալ միլիոնատեր։ Դոլարային հաշվարկով միլիոնատեր։

Եվ այսպես, միլիոնատեր դառնալու համար պետք է զբաղվել քաղաքականությամբ ու ձեռք գցել որևէ պաշտոն։ Ցանկալի է՝ վարչապետի։

Եթե դուք հաջողացնեք վարչապետ դառնալ, ապա բնական է, որ կհայտնվեն չուզողներ, ովքեր կփորձեն վարկաբեկել ձեզ և արատավորել ձեր բարի ու աստվածավախ համբավը։

Ինքնին հասկանալի է, որ ձեզ վարկաբեկելու ամենակարճ ճանապարհը ձեր անունով օֆշորային գոտիներից մեկում (ասենք՝ Կիպրոսում) կազմակերպություն գրանցելն է։ Ձեզանից տվյալ դեպքում ընդամենը պահանջվում է անձնագրի պատճենը թողնել բոլորի համար տեսանելի մի տեղ և մեկնել, ասենք, Չեխիա և ամբողջ օրն անցկացնել «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հետ, որպեսզի չուզողները որևէ խոչընդոտ չունենան՝ իրենց սև գործը կատարելու համար և որպեսզի դուք հետագայում ալիբի ունենաք՝ հայտարարելով, որ ձեր վարկաբեկման պահին եղել եք Պրահայում՝ «Հայկական ժամանակի» լրագրողի աչքի առաջ (ինչպես հայտնի է՝ աղվեսը միշտ պոչին է վկա բերում)։

Եթե այդքան բանը ձեզ հաջողվի անել, ապա կարելի է նախապես շնորհավորել։ Քանզի դուք «բեզ պիծի մինուտ» միլիոնատեր եք։ Դոլարային հաշվարկով միլիոնատեր։

Կարող եք չկասկածել ձեր չուզողների նենգության աստիճանի ու չարամտության վրա։ Նրանք ձեզ վարկաբեկելու համար ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի ու հեչից մի 10 միլիոն դոլար կփոխանցեն ձեր անունով բացված օֆշորային կազմակերպության բանկային հաշվի վրա՝ գործի հաջողության համար ձեր «օրթախ» դարձնելով որևէ հոգևորականի։

Դրանից հետո ձեզանից պահանջվում է մի փոքրիկ քայլ։ Ընդամենը օֆշորից այդ վարկաբեկիչ գումարը հետ փոխանցել նախապես «Ամերիաբանկում» բացված մեկ այլ հաշվի համարի վրա և վերջ։ Դուք այլևս վարկաբեկված եք, կներեք, միլիոնատեր եք։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Եթե այս տարբերակով միլիոնատեր դառնալը ձեզ բարդ է թվում, ապա կա ավելի հեշտ ճանապարհ։ Պարզապես անհրաժեշտ է, որ դուք սովետի ժամանակ «ՊԱԶ»–ի վարորդ աշխատած լինեք։ Մնացածը՝ ինչպես տեքստում։

Այս խորագրի վերջին նյութերը