Մեկնաբանություն

17.06.2013 11:15


Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Սերժը հացը կտրեց, Տարոնը՝ ջուրը

Նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո Րաֆֆի հեղափոխական Հովհաննիսյանը նախաձեռնեց «Բարևի» հեղափոխությունը։ Նպատակը՝ ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելն ու մի քանի պաշտոն վերցնելով՝ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելն էր։ Վերջինս, սակայն, մի զրո ավելի գնահատեց «իրավատիրոջ» պահանջները և առաջարկեց թուղթ ու գրիչով քննարկել «ֆեյքության» իրական գինը։ Գործարքը, սակայն, չկայացավ։

Րաֆֆու ծրագրերին չօգնեցին նաև առողջարարական հացադուլն ու «Միայն իմ դիակի վրայով» կարգախոսը, և նա ստիպված էր բավարարվել «զորավարի» հետ աղոթք անելով։

Մի խոսքով՝ Րաֆֆին չհասավ իր ուզածին։

Րաֆֆու, ավելի ճիշտ՝ նրա թիմի նկատմամբ հիմա սերժություն է անում Երևանի քաղաքապետ վերանշանակված Տարոն Մարգարյանը, ով «Բարև Երևան» դաշինքին հատկացրել է «պայթած» «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենա։ Ճիշտ է, ավտոմեքենան չէ, որ պետք է գեղեցկացնի «հեղափոխականներին» և ուժ (նաև՝ ձիաուժ) տա նրանց, բայց ամեն դեպքում նորմալ վիճակում գտնվող երկաթյա նժույգը չէր խանգարի։ Ի վերջո, «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը ՀՀԿ–ական նախարարի ենթակայության տակ է աշխատում և կարող էր ակնկալել համապատասխան վերաբերմունք, բայց այդ «նագլիները» ոչ մի սրբություն չունեն և ուզում են ԳԱԶ–ին նստացնել «հեղափոխականներին»։

Ինչպես և սպասվում էր, Սերժի բարության փուլն ավարտվեց։

Իշխանությունը «Ժառանգության» հանդեպ բարի էր տրամադրված ԱԺ, նախագահական ու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ Րաֆֆուն օգնեցին հայտնվել խորհրդարանում ու 2,5–հոգանոց խմբակցություն ունենալ, չխանգարեցին կես միլիոնից ավել ձայներ հավաքել այս տարվա փետրվար ամսին և օգնեցին մայրաքաղաքի ավագանիում տեղ զբաղեցնել վերջին շարքում։ Վե՛րջ։ Րաֆֆու թիմն այլևս չի կարող օժանդակություն ակնկալել։ Այնպես որ, րաֆֆիենք պետք է հարմարվեն նոր իրավիճակին։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ինչպես «Ոսկե ցլիկը» ֆիլմում Արմեն Խոստիկյանի մարմնավորած հերոսին, այնպես էլ Րաֆֆուն զրկում են հացից ու ջրից։ Այսինքն՝ վարվում են այնպես, ինչպես վարվել են բոլոր հաճախորդների հետ։

Եթե «Ժառանգությունն» այս ամենից հետևություններ չանի և իներցիայի ազդեցության տակ շարունակի պայքարել ԲՀԿ–ի դեմ, ապա վերջում ոչ թե «ԳԱԶ 31», այլ «իշու տաչկա» էլ չի ստանա։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը