Մեկնաբանություն

17.06.2013 15:45


Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Ինչպես տարբերել Տիգրան Սարգսյանի հաճախորդներին

Քաղաքական դաշտում հաճախորդներ պահելու մենաշնորհը միշտ պատկանել է Սերժ Սարգսյանին։ Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Դավիթ Շահնազարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Սարգսյանը և մյուս «կարկառուն ընդդիմադիրները» նրա կադրեր են։

Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն, ցույց են տալիս, որ այդ շուկան ազատականացվել է, ինչը հաճախորդներ պահելու հնարավորություն է տվել նաև օֆշորային գոտիների և փողերի լվացման մեծ գիտակ Տիգրան Սարգսյանին։

Վարչապետի հաճախորդներին տարբերելը դժվար չէ։

Եթե խոշոր գործարարը, ում ձեռքից սեփականությունը խլել են սերժատիգրանական նեոբոլշևիկյան քաղաքականության շրջանակներում, հայտարարում է, թե Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է, պարզապես քաղաքական համակարգը նրան թույլ չի տալիս ամբողջությամբ իրականացնել բարեփոխումները, ապա մի կասկածեք, որ գործ ունեք հաճախորդի հետ։

Եթե քաղաքական թափառաշրջիկությամբ տառապող (ՀԱԿ–ից՝ ԲՀԿ, ԲՀԿ–ից՝ Րաֆֆի, Րաֆֆիից՝ չգիտես թե ուր, բայց վերջում՝ ուր որ հայտնվում են գեղամյանները) և իրեն «պռադվինուտի» ընդդիմադիր ներկայացնող երիտասարդն արագ արձագանքում է օֆշորային սկանդալին և նշում, թե չի հավատում, որ այդ պատմությունը ճիշտ է, քանզի կատարվածի հանդեպ Տիգրանի արձագանքը համարժեք է, և նա կարմիր խաղացող է, ապա համոզված եղեք, որ ձեր առջև կանգնած է «Հայկական աշխարհի» ճարտարապետի հաճախորդը, կամ էլ՝ հաճախորդի հաճախորդը (տե՛ս վերևում ներկայացված հաճախորդի նկարագրությունը)։

Եթե օֆշորային պատմությունից դուրս գալու համար վարչապետը, պատասխանելով «խիստ ընդդիմադիր» թերթերից մեկի հարցերին, հայտարարում է, թե ինքը Պրահայում է եղել, ուստի չէր կարող օֆշորում կազմակերպություն գրանցել, ապա մի կասկածեք, որ նա պատասխանել է իր հաճախորդ լրատվամիջոցի ու նույնքան հաճախորդ «ընդդիմադիր» գործչի հարցերին։ Քանզի մանկապարտեզի երեխաներին էլ է հասկանալի, որ «Իսկ որտե՞ղ է եղել վարչապետը օֆշորային կազմակերպության գրանցման օրը» հարցը Տիգրանին ալիբի ապահովելու համար է տրված։

Ճիշտ է, միայն գազանանոցի կապիկներին է հնարավոր համոզել, որ Պրահայում լինելը վարչապետին ազատում է օֆշորային մեքենայության մեջ ներգրավված լինելու պատասխանատվությունից, բայց դե պատվիրատուն փորձում է առավելագույնը քաղել հաճախորդից։

Եթե ԱԺ–ում խոսվում է Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության բառիս բուն իմաստով թալանչիական գործունեության մասին, և ներկայացվում է մոտ 200 մլն դոլարի չարաշահում, իսկ «թունդ ընդդիմադիր» գործիչներից մեկը ոչ թե վարչապետին է պատին դեմ տալիս, այլ փորձում է թեման շեղել՝ Վերահսկիչ պալատի ղեկավարի առանձնատան հարցը մեջտեղ բերելով, ապա ակնհայտ է, որ հանդիպել ենք կրկնահաճախորդի հետ, ով հա՛մ օֆշորի գործով, հա՛մ թալանի պահով «պասեր» է տալիս վարչապետին ու «անկախ» մամուլին՝ գեղամյանատիպ կերկերուն ձայնի ինտենսիվ կիրառմամբ։

Էլի մի քանի ձևեր կան վարչապետի հաճախորդներին բացահայտելու համար, սակայն նշվածներն ամենատիպականներն են ու լայն տարածում գտածը։

Իսկ թե ինչ է լինում հաճախորդների հետ, կարելի է հարցնել Գեղամյանից ու մյուսներից։ Ամենաթարմ օրինակը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Մարդուն երկու տարի շարունակ դարձրեցին իշխանության «ողջախոհ» թևի գործիքը, բայց հիմա նստացրել են փտած «ԳԱԶ 31»–ի վրա ու խորհուրդ են տալիս բավարարվել դրանով, իսկ «անկախ» մամուլով էլ «փչացնում» են մինչև վերջ։

Տիգրանի ներկայիս հաճախորդները դեռ տաք են, չեն զգում, որ կարող է «ԳԱԶ 31»–ի էլ չարժանանան։ Բոլորին թվում է, թե իրենք «շուստրի» են, ու իրենց ոչ ոք չի տեսնում։ Ջայլամությունը, ըստ այդմ, բոլոր հաճախորդներին ներհատուկ առանձնահատկություն է։ Տիգրանի հաճախորդները բացառություն չեն կազմում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը