Մեկնաբանություն

20.06.2013 02:11


«Մտածողության հեղափոխությունը» և Նիկոլ Փաշինյանի «նուրբ» դերակատարումը

«Մտածողության հեղափոխությունը» և Նիկոլ Փաշինյանի «նուրբ» դերակատարումը

Տիգրան Սարգսյանը չի ուզում հրաժարվել իր պաշտոնից, բայց միևնույն ժամանակ չի կարողանում ապացուցել, որ կոռուպցիոներ չէ և փողերի լվացմամբ չի զբաղվում։ Մի խոսքով՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետը չի ուզում և չի կարող. համարյա հեղափոխական վիճակ։

Որքան էլ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը վիրտուալ տարածքներում հանդես գա ու նամակներ գրի, որքան էլ Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած էժան մալուխի դեմ կառավարության ներկայացուցիչը փայտիկով դուրս գա, միևնույն է՝ կոռուպցիան ու փողերի լվացումն ակնհայտ են։ Սամոյի «Բենթլին» վկա։

Սակայն վարչապետը շարունակում է պայքարել և չհանձնվել։ Նա, Հրանտ Բագրատյանի դիպուկ բնորոշմամբ, կատվի նման է՝ ոնց գցում ես, չորս ոտքի վրա կանգնում է (Հրանտ ասեցի, հիշեցի. թե ասա էդ մարդուն վարչապետ էիք խոստացել, տայիք, էլի՛)։

Գեղամյանի «շկոլան»

ԱԺ արտահերթ նիստերի ընթացքն ու «անկախ» մամուլի պահվածքը ցույց են տալիս, որ Տիգրան Սարգսյանը պաշտպանվելու «ուրույն» ձև և «նուրբ» գործիք է գտել։ Նա աշխատում է, այսպես ասած, անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում։ Այդպես ավելի էժան է և հուսալի։

Տիգրանի պաշտպանական մարտավարությունը կառուցված է երկու հակասական թեզերի վրա։ Նրա «փաստաբանները» մի կողմից շրջանառության մեջ են դրել «Միայն վարչապե՞տն է կոռուպցիոները, ինչո՞ւ եք միայն իր թալանի մասին խոսում. հրե՛ն, օլիգարխների՛ն տեսեք» դեմագոգիկ կոդը, իսկ մյուս կողմից՝ Տիգրանին ներկայացնում են անմեղ հրեշտակի դերում։

Օֆշորի հարցում Տիգրան Սարգսյանին ջրից չոր դուրս բերելու և կառավարության իրականացրած, բառիս բուն իմաստով, թալանի գլխավոր պատասխանատուներին յուրօրինակ ձևով «մաքրելու» գործում իր «նուրբ» դերակատարմամբ աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանը։

Դատելով այն բանից, որ վաղուց բացահայտված իշխանամետ և «անկախ» կայքերն ակտիվորեն «ռասկրուտկա» են անում ԱԺ–ում հնչեցրած Նիկոլի բոլոր ելույթները՝ կարող ենք պնդել, որ նրա «հանրահավաքն» արտոնված է։ Լրատվական դաշտի ներկայիս վիճակին քիչ թե շատ ծանոթ մարդու համար ամեն ինչ ակնհայտ է։

Բայց որպեսզի հանկարծ հաճախորդը շատերի համար չբացահայտվի, Նիկոլին թույլատրված է քննադատել բոլորին՝ Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև Տիգրան Սարգսյանին, միայն թե լուծվեն գլխավոր խնդիրները՝ հանրային ուշադրության շեղումը, տեղեկատվական աղմուկի ապահովումը և գլխավոր ու երկրորդական թիրախների լղոզումը։

Անշու՛շտ, միայն Նիկոլով չէ, որ լուծվում են այդ խնդիրները, սակայն Նիկոլի դերն այս առումով զգալի է, քանզի նա «մուտիլովկայական» հոդվածների «լեգիտիմ» հումք է մատակարարում «անկախ» մամուլին ու սազանդար–փորձագետներին ՝ ԱԺ ամբիոնն օգտագործելով։

Այժմ անցնենք դետալներին։ Սատանան դետալների մեջ է։

Այսպես, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» Տիգրան Սարգսյանին հնարավորություն տվեց գոնե ձևական ալիբի ապահովել՝ հայտարարելով, թե օֆշորային կազմակերպության գրանցման օրն ինքը եղել է Պրահայում՝ լրագրողների աչքի առաջ։

Անմեղսունակ պետք է լինել՝ չհասկանալու համար, որ «Հայկական ժամանակի» այն հարցը, թե որտեղ է գտնվել վարչապետը, երբ ստեղծվում էր «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունը, ոչ այլ ինչ է, քան Տիգրան Սարգսյանի հետ տեղի ունեցած «պասերով խաղ»։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ քննադատում է Տիգրան Սարգսյանին ու հայտարարում, որ չի հավատում, թե նա կապ չունի օֆշորի հետ, բայց դա արդեն սրտից թույլ լսարանի համար է նախատեսված։ Նրա դերը տվյալ դեպքում վարչապետին ալիբի ապահովող հարցի հնչեցումն էր, որն էլ «Հայկական ժամանակն» արեց։ Մնացածը լիրիկայի ոլորտից է։

Հիշեք, թե Արտաշես Գեղամյանն ինչպիսի հայհոյանքներ էր հասցնում Սերժ Սարգսյանի հասցեին ու ինչպես էր ԱԺ ամբիոնից իր կերկերուն ձայնով պատին դեմ տալիս ՀՀԿ ներկայիս ղեկավարին։ Բայց դե կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը կոմպլեքսներ չունի։ Գեղամյաններին նա հավաքում է հին ու մաշված իրերի մոլի կոլեկցիոների պես։ Ինչպես պարզվում է, Տիգրանն էլ է զերծ կոմպլեքսներից։

Բուրժուայի սերժակա՞նն է լավը

Եթե Տիգրանի համար Նիկոլը փաստաբանություն է անում անուղղակի ձևով, ապա օֆշորային պատմության մեջ կարևորագույն օղակներից հանդիսացող «Ամերիաբանկի» սեփականատեր Ռուբեն Վարդանյանին «թունդ հեղափոխական» և «թունդ հակաբուրժուական» Նիկոլը պաշտպանում է «կացնային» ձևով՝ համարյա քծնելով։

Նիկոլը, ում բառապաշարում «գործարարը», «բուրժուազիան», «փողատերը» և «ժողովրդի թշնամին» հոմանիշներ են, օֆշորի հարցում Ռուբեն Վարդանյանի դարդն է լացում։ Պատկերացնու՞մ եք՝ նա պաշտպանում է Վարդանյանին ու «Ամերիաբանկին» ՀՀ իշխանություններից։ Եվ դա այն դեպքում, երբ Վարդանյանն այս իշխանությունների բիզնես–գործընկերն է և բազում թելերով կապված է Սերժ–Տիգրան զույգի հետ։

Ըստ Նիկոլի՝ իշխանություններն ուզում են Դիլիջանում միջազգային դպրոց կառուցող Վարդանյանին հարկային արտոնություններ տալ, քանզի վերջինս և «Ամերիաբանկը» «քցվել» են օֆշորային մեքենայությունների արդյունքում։ Եվ ահա Նիկոլը դեմ է Վարդանյանի ներդրումների համար հարկային արտոնություններ նախատեսող օրինագծին, քանզի ուզում է Վարդանյանին փրկելհետագայում ավելի մեծ չափով «քցվելու» հեռանկարից (ինչպիսի՜ հոգատարություն սերժամետ բուրժուայի նկատմամբ, այն էլ՝ բոլշևիզմով տառապող մեկի կողմից)։

Անգամ տնտեսագիտական ու իրավաբանական գիտելիքներ չունեցող չափահաս մարդկանց համար է պարզ, որ «Ամերիաբանկը» տուժող կողմ չի կարող համարվել օֆշորային գոտում գրանցված կազմակերպության միջոցով փողերի լվացման այդ պատմության մեջ, քանզի քաջ գիտակցել է, թե ում է փոխանցում և ինչու է փոխանցում։ Ճիշտ հակառակը՝ «Ամերիաբանկը» պոտենցիալ «քցող» կողմ է հանդիսանում։

Բացի այդ՝ «Ամերիաբանկն» ամեն դեպքում չի կարող տուժող համարվել, քանզի 10 մլն դոլար վարկի տրամադրման դիմաց 30 մլն դոլար գնահատված գույք է գրավ վերցրել գործարար Փայլակ Հայրապետյանից։ Այնպես որ, տվյալ դեպքում «Ամերիաբանկը» միանշանակ շահող կողմ է, քանզի եթե նույնիսկ ենթադրենք, որ Սուքիասյանը վերցրել է վարկային միջոցներն ու փախել, ապա այդ գումարից երեք անգամ ավել գին ունեցող գույքն «Ամերիաբանկի» տրամադրության տակ է։

Եվ ամենակարևորը՝ «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիասյանին կասկածելի ազատ ռեժիմով պարբերաբար գումարներ է հատկացրել վարկային ծրագրի շրջանակներում՝ չհետաքրքրվելով, թե ինչ եղան նախորդ գումարները, և արդյոք բիզնես պլանը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանն ու «Ամերիաբանկը» առնվազն չեն «քցվել», և Նիկոլ Փաշինյանը թող հանգիստ լինի։

Այն, որ Դիլիջանում դպրոցի կառուցման համար չի կարելի արտոնություններ տալ, վիճելի հարց չէ, բայց ոչ թե, ինչպես Նիկոլն է հիմնավորում, խեղճ Վարդանյանին փրկելու և նրան «քցվելուց» ապահովագրելու համար, այլ այն պատճառով, որ «Ամերիաբանկը» հանդիսացել է կարևորագույն օղակ օֆշորային գործում և հետևաբար՝ այդ բանկի սեփականատիրոջը, ով սերտ կապերի մեջ է Սերժի ու Տիգրանի հետ, չի կարելի հարկային արտոնություններ տրամադրել։ Մանավանդ հաշվի առնելով այս իշխանության «ատկատային» և կոռուպցիոն հակումները։

Եվ այսպես, առնվազն ծիծաղելի են Վարդանյանին օֆշորի հարցում զոհի կերպարի մեջ ներկայացնելու նիկոլական փորձերը։

Փաստորեն, որքան հակաբուրժուական է տրամադրված Նիկոլն այն մարդկանց դեմ, ովքեր խոչընդոտում են Սերժ Սարգսյանի մենիշխանության կայացմանը, նույնքան դրական է նա տրամադրված Սերժ Սարգսյանի նեղ շրջապատը ներկայացնող գործարարի նկատմամբ։ Համաձայնե՛ք, որ «խիստ ընդդիմադիր» կեցվածք է։

Ինչո՞ւ է Նիկոլը դարձել իշխանամետ մամուլի սիրելին

Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության «ողջախոհ» թևի հետ «բիրիքով» է պայմանավորվել, քանզի բացի օֆշորի թեմայից, աչքի ընկավ նաև Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության ու դրան հաջորդած քննարկումների ժամանակ։ Եվ կրկին «նուրբ» դերակատարմամբ՝ մոտ 200 մլն դոլարի չարաշահումների հարցը տեղափոխելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան տիրույթ։

Այն, որ Իշխանն արդար քրտինքով և պետական պաշտոնյայի աշխատավարձով չի կառուցել իր թանկարժեք կեցավայրը, հասկանալի է նաև դպրոցահասակ երեխաների համար։ Սակայն խոշոր թալանից բոլորի ուշադրությունը դեպի համեմատաբար փոքր թալանի վրա շեղելու փորձ անելն ու Իշխանի տան թեմայի վերաբերյալ «անկախ» մամուլի համար թեմա ապահովելը դասական գեղամյանություն է։

Ու չեն անցնում այն «ատմազկաները», թե բա Նիկոլը բոլորի դեմ է պայքարում, ինչի՞ մասին է խոսքը։ Չեն անցնում, քանի որ այդ «պայքարի» գործնական արդյունքը միայն իշխանության ակտիվում է գրանցվել։

Պատահական չէ, որ Նիկոլի ելույթը, որտեղ նա հավասարության նշան էր դնում Սերժ Սարգսյանի, նրա ընտանիքի անդամների, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Իշխան Զաքարյանի գործունեության միջև և բոցաշունչ ելույթ ունենում նրանց դեմ, ակտիվորեն տարածվեց, օրինակ, «tert.am» կայքով, որը պատկանում է իշխանության հայտնի թևի ներկայացուցիչ Արման Սահակյանին։

Այդ կայքը, ի տարբերություն «անկախ» լրատվամիջոցների, «մուտիլովկայական» խաղերի մեջ չկա և բացահայտորեն է ներկայացնում Բաղրամյան 26–ի շահերը։ Ասել է թե՝ «tert.am»–ը չէր կարող ինքնաբուխ կերպով տարածել Նիկոլի խոսքերը, եթե չունենար համապատասխան ցուցում։

Ասել, թե մեզ մոտ մամուլն այնքան ազատ է, որ Նիկոլի «թունդ» քննադատությունը որպես գլխավոր լուր է տեղադրվում իշխանական կայքում, առնվազն ծիծաղելի է։ Սերժը մամուլի բարեկամն է միայն այն դեպքում, երբ դա բխում է բացառապես իր շահերից։

Եթե իշխանությունների հանդեպ չեզոք տրամադրված Արմեն Դուլյանին իշխանամետ «Շանթ» հեռուստաընկերությունից հեռացնում են ֆեյսբուքյան անմեղ և որոշակի անունների չանդրադարձող գրառման համար, ապա Նիկոլի «հեղափոխական» ելույթը Սերժի ու մյուսների դեմ «tert.am»–ի գլխավոր լուրի հատվածում տեղադրողին պետք է որ հիմա կախաղան բարձրացրած լինեին։ Սակայն նման բան չկա։ Հետևաբար՝ Բաղրամյան 26–ում դեմ չեն, որ Նիկոլն իրենց քննադատի այնպես, ինչպես մի ժամանակ Գեղամյանն էր քննադատում անուն առ անուն, ոլորտ առ ոլորտ։ Սերժի համար կարևորն այն է, որ իրեն «քննադատողները», ընդդիմադիր ալիբին ապահովելուց հետո, անցնեն իրենց բուն գործին ու քննադատեն բոլոր նրանց, ովքեր խոչըդոտում են միահեծան իշխանության ձևավորմանը։

Մնացած հարցերում Սերժը քթի մազ չէ, և անգամ շատ լիբերալ է։ Վիկտոր Դալլաքյանին հարցրեք, կպատմի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը