Լրահոս

21.06.2013 13:28


Ո՞րն է արագաչափերի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու իմաստը

Ո՞րն է արագաչափերի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու իմաստը

Այսօրվա ասուլիսին «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպան ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 124.4-րդ հոդվածում կատարված փոփոխությններին։ Դրանցով երթևեկության կանոնների խախտումների համար սահմանվում է տուգանքների նոր կարգ։ «Տուգանքները մնում են նույնը: Բայց այստեղ մի փոքր հանգամանք կա. եթե մնում է նույնը, ապա ո՞րն է փոխելու իմաստը։ Եթե առաջ տեսախցիկի արձանագրած թվերն ավարտվում էին 1-ով` 51, 61, 71, 81 և այլն, ապա այդ թվերի դեպքում պետք էր կիրառվեր տվյալ արագաչափերի սխալանքի չափը, այսինքն` վարորդը կարող էր բողոքարկել այդ +/- 1 կմ-ի հարցը: Կատարաված փոփխություններով, վարորդը նման հնարավորություն չունի, քանի որ ցանկացած պարագայում արագաչափը ֆիքսելու է ավտոմեքենայի արագությունը մեկով ավարտվող արագությունների դեպքում»,–ասել է բանախոսը։

Ըստ նրա՝ այժմ վարորդը ստիպված կլինի անընդհատ ուշադրություն դարձնել իր մեքենայի արագաչափին, որ հանկարծ չգերազանցի այդ 1կմ-ը: Մինչդեռ, այս փոփոխությունից առաջ ոստիկանությունը, փաստորեն, վարորդներին նվիրում էր ևս 10 կմ, և վարորդները կարողանում էին այդ նշյալ հատվածում տեղավորվել։

Հիշեցնենք, որ նշված հոդվածում փոփոխությունը սահմանում է.

1. կատարված փոփոխությունը, ըստ էության, բովանդակային իմաստով իրավախախտման դիսպոզիցիայի և սանկցիայի փոփոխություն չի ենթադրում, այսինքն վարչական տույժի տեսակի կամ սանկցիայի չափի որևէ խստացում չի իրականացվում,

2. փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է:

Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, համապատասխանաբար 10-ով նվազեցվում են հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ՝ օրենքով ամրագրելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումը: Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով):

Այս խորագրի վերջին նյութերը