Լրահոս

21.06.2013 18:21


Թե ինչ պատահեց պինգվինաբուծության համար «օֆշոր» գրանցելիս (տեսանյութ)

Թե ինչ պատահեց պինգվինաբուծության համար «օֆշոր» գրանցելիս (տեսանյութ)

Տիգրան Սարգսյանն օրերս ԱԺ-ում, անդրադառնալով «օֆշորային սկանդալին», այն գնահատեց որպես սադրանք` ուղղված իր դեմ: Եվ, մասնավորապես նշեց, որ օֆշորային ընկերություն կարող է բացել ցանկացած անձնավորություն, եւ այնտեղ, որպես համասեփականատեր, նշել ցանկացած անձի` օրինակ բերելով Նիկոլ Փաշինյանին:

«Zham.am»-ը, հետեւելով վարչապետի «օֆշորագիտության դասերին», փորձեց, ըստ Տիգրան Սարգսյանի տրամաբանության, ընկերություն գրանցել «օֆշորային» գոտում: Որպես համասեփականատեր ներառելով հենց Նիկոլ Փաշինյանին` «zham.am»-ի թղթակիցը փորձեց այդ ընկերության միջոցով 21 միլիոն դոլար փոխանցել «Կայսերական պինգվինների պաշտպանության ֆոնդ» եւ Հայաստանը դարձնել պինգվինաբուծության միջազգային կենտրոն:

Օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող «Amond & Smith» կազմակերպությունից «zham.am»-ի թղթակիցը տեղեկացավ, որ միանգամայն հնարավոր է ընկերություն գրանցել Նիկոլ Փաշինյանի անունով` առանց վերջինիս իմացության, սակայն երբ հերթը հասնի հաշիվ բացելուն եւ այդ ընկերությունից 21 միլիոն դոլար պինգվինաբուծության զարգացման համար փոխանցելուն, անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի ներկայությունը կամ նրանց` նոտարով հաստատված լիազորագրերը, անձնագրերի պատճենները, ինչպես նաեւ իրենց էլեկտրոնային ստորագրությունները:

Եթե անգամ համասեփականատերերից մեկի փաստաթղթերը կեղծված են, հաշվեհամարից գումարներ փոխանցելու համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի համաձայնությունը: Համաձայնություն տալու համար պետք է կա՛մ պարտադիր ներկայանալ որեւէ բանկ եւ նրա ներկայությամբ համապատասխան փոխանցում կատարել, կա՛մ բանկ ներկայացնել նոտարով հաստատված լիազորագրերը, անձնագրերի պատճենները եւ էլեկտրոնային ստորագրությունները:

Այսինքն, երբ Աշոտ Սուքիասյանը պնդում է, թե Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը տեղյակ չեն եղել եւ ինքը մենակ է բացել «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունը, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր տիպի ոտնձգություններից, չի կարող իրական լինել: Քանի որ այդ ընկերության միջոցով 3 տարի շարունակ հսկայական գումարներ են փոխանցվել եւ գործարքներ իրականացվել, որոնք պարզապես տեղի ունենալ չէին կարող` առանց Նավասարդ Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի իմացության:

Մանրամասները` կից տեսանյութում:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը