Քաղաքական

11.07.2009 10:31


Վարդան Օսկանյան. «Մենք ստացել ենք Լիսաբոնյան սկզբունքներ, տվել ենք ինքնորոշման իրավունք»

Վարդան Օսկանյան. «Մենք ստացել ենք Լիսաբոնյան սկզբունքներ, տվել ենք ինքնորոշման իրավունք»

ՀՅԴ համահայկական խորհրդաժողովի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դիմելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին ասել է, որ ինքը չի կարող հավատալ նրա ասածներին, քանի որ Օսկանյանը տաս տարի եղել է իշխանության ամենավառ դեմքերից մեկը, ով արդարացրել է իշխանության կատարած բոլոր քայլերը, ինչպես նաև մադրիդյան սկզբունքների ճարտարապետներից մեկն է: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով այդ տաս տարիների շարունակությունը երևում է այսօր, և նոր իշխանությունները շարունակում են այն արտաքին քաղաքականությունը, որը իրականացրել է Վ.Օսկանյանը:
-Այսօր դուք խոսում եք վստահության, համախմբվածության մասին, մարտի մեկի մասին, երբ ինքներդ էիք մարտի մեկն արդարացնում: Ինչպիսի՞ ելքեր եք ի վերջո տեսնում, որպեսզի մեր հասարակությունը կարողանա համախմբվել,- Վ. Օսկանյանին է դիմել Արմեն Մարտիրոսյանը: Հարցին ի պատասխան, Վարդան Օսկանյանն ասել է, որ յուրաքանչյուր իշխանություն պատասխանատու է իր ժամանակահատվածի համար, և ինքն ամբողջությամբ պատասխանատու է այն տաս տարիների համար, որ ղեկավարել է.
-Համարում եմ, որ ինչ ստացել ենք, դրա վրա ավելացրել ենք և հանձնել ենք: Մենք ստացել ենք Լիսաբոնյան սկզբունքներ, տվել ենք ինքնորոշման իրավունք, ինչը, կարծում եմ դիվանագիտական մեծ առաջընթաց է: Ոչ մի թիզ հող չենք զիջել, Ղարաբաղը հարակից տարածքնրով շարունակում է զարգանալ, դիվանագիտական բավական բարենպաստ պայմաններում ենք հանձնել, Թուրքիայի հետ նման ծանր վիճակում երբեք չենք դրել մենք մեզ և մեր հայրենակիցներին սփյուռքում, չենք արել ապրիլի 22-ի նման հայտարարություններ և մեր ժամանակահատվածի առումով կարող եմ ասել, որ գոհ եմ:
Նա նշել է, որ եթե նոր իշխանություններն անհամաձայն էին ինչ-որ մի բանի հետ, առաջին օրվանից պետք է ասեին:
-Վաղը եթե մադրիդյան սկզբունքների հիման վրա Ղարաբայան հարցը լուծվի, և «Ժառանգություն» կուսակցությունը չբավարարվի, դրա պատասխանատուն ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, այլ այսօրվա իշխանությունները: Եթե նոր իշխանություն է գալիս և չի ասում, որ սխալ եք անում, դա իր պատասխանատվությունն է: Եկեք նաև չմոռանանք, որ ժամանակները փոխվում են և կարող է ինչ-որ մի պահի կարիք չլինի նման բան անել, իսկ այսօր այդ կարիքը կա: Մեր տարիներին այսպիսի իրավիճակ չի եղել:
Ինչ վերաբերում է մարտի մեկին, ապա Օսկանյանը նշել է որ ինքը երբեք չի արդարացրել մարտի մեկը, և իր ելույթի ժամանակ մարտի մեկի դեպքերը որպես այդպիսին դեռևս տեղի չէին ունեցել.
-Իմ ելույթը եղել է ժամը 18:00-ին: Ես ՀՀ նախագահին ասել եմ, որ գնում եմ մամուլի ասուլսի մի պայմանով, որ Դուք ինձ համաձայնություն պետք է տաք, որ եթե ես ուժերին հանդարտվելու հայտարարությունն անեմ և ընդդիմությունը համաձայնվի, Դուք պատրաստ եք նստել և խոսել: Նա ասել էր՝ այո: Այդ ելույթը ես համարում եմ իմ պարտավորությունը: Իսկական ղեկավարությունն այն է, որ կարողանում է կանգնել ժողովրդի առջև և բաց տեքստով ասել, որ խնդիրներ ունի:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը