Մեկնաբանություն

24.06.2013 11:40


«Օֆշորային» ինդուլգենցիա

«Օֆշորային» ինդուլգենցիա

Օֆշորային ու «ատկատային» կոռուպցիոն սկանդալներից հետո Տիգրան Սարգսյանի փաստաբաններն ուշագրավ մարտավարություն են որդեգրել։ Սրանք առաջ են քաշում դավադրությունների տեսությունն ու տարածում, թե բա վարչապետն արևմտամետ է, առաջադեմ, բարեփոխիչ ու ԵՄ–ի հետ ինտեգրման կողմնակից, և այդ իսկ պատճառով էլ բացահայտվեցին նրա օֆշորային «վոյաժները», իսկ Իշխան Զաքարյանն էլ հանդես եկավ բյուջետային միջոցները թալանելու մասին հայտարարությամբ։ Այսինքն՝ էդ թալանը հեչ, ռուսական հետքի մասին հեքիաթը՝ մեջ։

Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ Տիգրան Սարգսյանն այնքան բարեփոխիչ է ու առաջադեմ, որքան ես՝ տիեզերագնաց։ Եկեք մի պահ ենթադրենք, որ «անկախ» լրատվամիջոցները ճիշտ են, և Ռուսաստանն է ուզում փչացնել ՀՀ վարչապետին, կամ էլ չար Ռոբերտ Քոչարյանն է ջրի երես հանել սրբազան ավազակաորջի կարկառուն ներկայացուցիչներ Տիգրանի ու Նավասարդի կիպրոսյան արկածների պատմությունը։ Հետո ի՞նչ։ Արևմտամետ և բարեփոխիչ իմիջը Տիգրանին բյուջեն թալանելու և օֆշորային մեքենայություններով զբաղվելու համար ինդուլգենցիա՞ է տալիս։ Իհարկե՝ ոչ։ Այնպես որ, շարքային «դհոլություն» է կոռուպցիան արևմտամետությամբ արդարացնելու փորձերը։

Ստացվում է, որ Տիգրանին կարելի է բյուջեն մսխել և օֆշորներում միլիոնավոր դոլարներ լվանալ, քանզի նա ԵՄ–ի հետ ինտեգրման կողմնակից է։ Թե ինչու են ԵՄ–ի ու արևմտյան արժեքների դեմ այսպիսի քարոզ տանում իրենց արևմտամետ հռչակած լրատվամիջոցները, կարելի է միայն ենթադրել։ Եվ այդ մարդիկ խոսում են քաղաքացիական արժեքներից ու մարդու իրավունքների՞ց։

Ամեն ինչ այնքան է արժեզրկվել, որ անբարոյականները խոսում են բարոյականությունից, թալանչիներն՝ արդարադատությունից, իսկ սրբապիղծները՝ բարեպաշտությունից։ Դե, իսկ Տիգրան Սարգսյանն էլ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից և օլիգոպոլիաների դեմն առնելուց։

Այս պայմաններում բնական է, որ Նավասարդ Կճոյանը պետք է գլխավորի Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, իսկ Սերժ Սարգսյանն էլ ղեկավարի մի ամբողջ պետություն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը