Մեկնաբանություն

24.06.2013 15:30


Ավազին գրված ցանկություն

Ավազին գրված ցանկություն

Այսօր իշխանությունը «աչքալուսանք» տվեց՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի ցանկանում նորից մարզպետ աշխատել: Լիսկան «հակված չէ» վերադառնալ նույն պաշտոնին, այնպես որ,ժողովուրդը եւ հատկապես սյունեցիները կարող են հանգիստ լինել:

Իշխանությունը համարյա ուրախությունից թռչկոտում է, որ Լիսկայի ցանկությունը այդպիսին է: Ինչ իմանաս՝ կարող է միանգամայն այլ ցանկություն ունենար, ինչի դեմ չկարողանար առարկել հարազատ կուսակցությունը:

Հավանաբար, երբ 2012-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը վատ աշխատանքի համար հրապարակավ հանդիմանում էր վարչապետին, նույն պահին գիտեր Տիգրան Սարգսյանի՝ պաշտոնում մնալու անհագուրդ ցանկության մասին, եւ հետագայում վերջինիս վերանշանակեց նույն պաշտոնում, որ հանկարծ նրա մուրազը փորում չմնար:

Ինչեւէ, իշխանությունը սեփական կադրերին տեղավորել է «ցանկությունների տրամվայում», եւ միասին առաջ են շարժվում: Իշխանության ներկայացուցիչների ցանկությունները քննարկման ենթակա չեն, դրանք պետք է անհապաղ կատարվեն:

Ինչ վերաբերում է ժողովրդի ցանկություններին, ապա վերջինիս իղձերն ու տենչանքները զրոյական նշանակություն ունեն իշխանության համար:

Ժողովրդի ցանկություններին ականջալուր լինելը հակացուցված է իշխանությանը:

Այս դեպքում կատարյալ խուլ ու համր են ձեւանում կամ լավագույն դեպքում՝ «դեմ են տալիս» «ապահով Հայաստանի» մասին դատարկ լոզունգը: Այսինքն՝ ի՞նչ եք անիրատեսական ցանկություններ հայտնում, չե՞ք տեսնում, որ մենք քրտնփչած՝ «ապահով Հայաստան» ենք կառուցում, մի՛ խանգարեք:

Չե՞ք տեսնում, որ բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս բարձրացնելու աշխատավարձերն ու թոշակները, չե՞ք տեսնում, որ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, չե՞ք տեսնում, որ նախատեսում ենք ստեղծել 100 հազ. աշխատատեղ, չե՞ք տեսնում, որ օրուգիշեր աշխատում ենք, որպեսզի երկրում նվազեն աղքատության եւ արտագաղթի ծավալները ու արձանագրվի տնտեսական աճ…

Մի խոսքով՝ ժողովրդի ցանկությունները մնում են որպես ավազին գրված ցանկություններ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը