Լրահոս

25.06.2013 22:41


Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը Հայաստանում

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը Հայաստանում

Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, որի կապակցությամբ ս.թ. հունիսի 26-ին և 27-ին մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մասնակցությամբ հունիսի 26-ի առավոտյան կանցկացվի քայլերթ և պիկետ մի շարք շահագրգիռ պետական մարմինների առջև, այդ թվում 10.30-ին` ՀՀ Ոստիկանության, 11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և 12.30-ին`ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Միջոցառման նպատակն է բարձրաձայնել համակարգում խոշտանգումներ կիրառողներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումների զոհերի աջակցման անհրաժեշտության մասին: Վերոնշյալ կառույցների ղեկավարներին կփոխանցվեն առաջարկություններ`ուղղված խոշտանգումների կանխարգելմանը:

Նույն օրը` ժամը 18.30-ին, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փող. հատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը: Միջոցառման հղումը ֆեյսբուքում` goo.gl/VtNvG:

Հունիսի 27-ին, ժամը 14։00-ից 17։00-ը, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք - 2013» խորագրով համաժողով, որի կազմակերպիչներն են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Համաժողովին կքննարկվի խոշտանգումների կիրառման անթույլատրելիությունը, կներկայացվեն Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորությունները և քայլերը, ինչպես նաև խոշտանգման զոհերի բուժման և հոգեբանական վերականգման ոլորտում պետական և հասարակական կազմակերպությունների միջև հնարավոր համագործակցության ձևերը:

Այս խորագրի վերջին նյութերը