Մեկնաբանություն

25.06.2013 17:30


Ո՞վ կնետի կոշիկը

Ո՞վ կնետի կոշիկը

Եվ այսպես, արևմտյան արժեքների կրող, առաջադեմ, բարեշրջիչ և բարեպաշտ ինքնահռչակված Տիգրան Սարգսյանը փաստով բռնվել է, սակայն կառչած մնացել է աթոռից։ Նա դեռ դիմադրում է։

«Ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի նամակն արդեն մանկապարտեզի երեխաներին էլ վերջնականապես համոզեց, որ Տիգրանը օֆշորներում է պտտվել, սակայն չի ուզում խոստովանել և հեռանալ։ «Մտածողության հեղափոխություն» որ ասում էր, երևի դա նկատի ուներ. բռնվում ես «գործի» վրա ու «սուխոյ ատկազ» անում։

Մտածողության հեղափոխություն քարոզողը գործնականում ցույց տվեց, որ իր կուսակից ընկերներ Ռուբեն Հայրապետյանից ու Սուրիկ Խաչատրյանից քաղաքական էթիկայի առումով շատ ավելի ցածր մակարդակի վրա է կանգնած։ Վերջիններս անմիջական մասնակցություն չէին ունեցել ողբերգական իրադարձություններին (համենայնդեպս հակառակի մասին վկայող ապացույցներ այս պահին չկան), սակայն հրաժարական տվեցին, քանզի իրենց անվան հետ էր կապված այն վայրը, ուր տեղի էր ունեցել հանցագործությունը։ Ճիշտ է, նրանք դա արեցին Սերժ Սարգսյանի հրահանգով կամ խնդրանքով, բայց ամեն դեպքում արեցին։ Հիմա եթե Տիգրանն էլ է սպասում Սերժի հետ հանդիպմանը, որպեսզի իմանա, թե ինչ պետք է անի, ապա ո՞րն է նրա ու լիսկաների տարբերությունը։

Զավեշտալին այն է, որ Տիգրան Սարգսյանին սատարող շրջանակները փորձում են նրանից զոհ և միևնույն ժամանակ հերոս սարքել։

«Անկախ» լրատվամիջոցները (հատկապես՝ «lragir.am»–ը) և սոցիալական ցանցերում վխտացող ֆեյքերը սկսել են վարչապետին կոչ անելհրաժարական տալուց առաջ կատարել պարտավորությունը հանրության առաջ (պա՛հ, պա՛հ, պա՛հ. ինչպիսի՜ պաթոս)։

«Հրաժարական տալուց առաջ վարչապետը կարող է իր սահմանադրական լիազորությունները օգտագործել՝ վեր հանելու բոլոր այն սխեմաները, որոնք սնուցում են հայկական քրեաօլիգարխիային ու նրա ձեւավորած «ինստիտուտներին»՝ սկսած հարկային-մաքսային ու բիզնես արտոնություններից, վերջացրած տեղեկատվական համակարգերով»,–գրում են վարչապետի փաստաբանները՝ նրանից պահանջելով գրեթե հերոստրատային վարքագիծ։

Ինչպես հայտնի է, Հերոստրատն իր անունը պատմության մատյաններում հավերժացնելու համար այրեց Արտեմիսի տաճարը։ Վարչապետից, ահա, պահանջում են այրել Հայաստանի քրեաօլիգարխիկ տաճարը և ի տարբերություն Հերոստրատի՝ դրականորեն մնալ պատմության մեջ։ Ահա այսպիսի «մազալու» բաներ։

Փաստորեն, փորձ է արվում վարչապետին տարանջատել քրեաօլիգարխիկ համակարգից, ինչն առնվազն դեմագոգիայի ոլորտից է։ Երկրում առկա է կազմակերպված թալան, ու վարչապետն ամենևին էլ երկրորդական դերակատարում չունի այդ ամենի մեջ, ինչի՞ մասին է խոսքը։ Այդ ի՞նչ սխեմաներ պետք է բացահայտի «ատկատների» ու «տենդերների» մեծ մասնագետը։

Ինչ վերաբերում է նրա հեռացումը որպես հերոսական արարք ներկայացնելուն, ապա Տիգրանը կոնկրետ հանցագործության մեջ է բռնվել, և ծիծաղելի են նրանից հասարակության շահերի համար նահատակվողի կերպար ստեղծելու ջանքերը։ Միայն անմեղսունակներից կարելի է արցունքներ կորզել նման հեքիաթներով։ Տիգրանից պահանջել հանձնել քրեաօլիգարխիկ համակարգի սխեմաները նույնն է, թե, ասենք, Թալեաթ փաշայից պահանջեին հանձնել հայերին կոտորելու սխեմաներն ու այդպիսով կատարել պարտավորությունը հանրության առաջ։

Ասելս այն է, որ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներից հանդիսացող Տիգրան Սարգսյանին դժվար է պատկերացնել նույն այդ համակարգի դեմ հանդես եկողի դերում. հայերը, որպես կանոն, խարակիրի չեն անում։

Չի բացառվում, որ «Ազգովին խնդրենք վարչապետին, որպեսզի նա «Հերոստրատի» կերպարի մեջ մտնի» տիպի տեքստեր շրջանառության մեջ դնելով՝ Տիգրան Սարգսյանը շանտաժի է դիմում և Բաղրամյան 26–ին հասկացնում է, որ եթե իրեն օֆշորի ու բյուջետային թալանի պահերով «փուռը» տան, ապա ինքը հանրությանը կներկայացնի քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր սխեմաները, այսինքն՝ իր հետ կխորտակի նաև «նաչալստվային»։

Թե ո՞ր տարբերակն է իրականում ուզում աշխատեցնել վարչապետը, արդեն էական չէ։ Էականն այն է, որ նույնիսկ իր փաստաբաններն են հասկացել, որ հրաժարական չներկայացնելը հնարավոր չէ։

Այո՛, Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա։ Եթե չհեռանա, ապա հարմար առիթի դեպքում (օրինակ՝ երբ նա տերտերական առոգանությամբ կխոսի կոռուպցիայի դեմ պայքարից) նրա ուղղությամբ պետք է կոշիկ նետել այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում ձախողված ԱՄՆ նախագահ Բուշի վրա լրագրողը նետեց իր ոտնամանը։ Միգուցե դրանից հետո վարչապետը հասկանա, որ այդքան «պադոշ» չի կարելի լինել։

Ի դեպ, Տիգրանի հրաժարականը չպիտի նշանակի, որ նա այդպիսով ինդուլգենցիա է ստանում և ազատվում քրեական պատասխանատվությունից։ Այս հարցում հասարակությունը պետք է հետևողական լինի ու վարչապետին ստիպիբացել քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր սխեմաները, «ատկատային» մեխանիզմները, օֆշորային մեքենայությունները և այլ ապօրինությունները։ Ի վերջո, «սառը» պատերազմի մեջ գտնվող մեր երկրի տնտեսությունը հինգ տարի շարունակ տեղում դոփել է, և վարչապետը պետք է պատասխան տա դրա համար։ Յուլյա Տիմոշենկոյից կամ Վանո Մերաբիշվիլիից լավը չլինի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը