Մեկնաբանություն

26.06.2013 09:05


Սերժի «դաբրոն» և Տիգրանի «ճիշտը»

Սերժի «դաբրոն» և Տիգրանի «ճիշտը»

Օֆշորային սկանդալից հետո շատերի մոտ է հարց առաջացել, թե ինչու Սերժ Սարգսյանը չի գնում «Կառավարության պուրակ» և չի արտասանում «Տիգրա՛ն ջան, սիրո՛ւն չի» նախադասությունը։ Չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ «հաջողության ջենթլմեններ» Սարգսյանն ու Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ «օրթախություն» են արել ու «Ամերիաբանկի» միջոցով կազմակերպել «Քցում» օպերացիան։ Էլ չխոսած այն մասին, որ Վերահսկիչ պալատի բացահայտումները կհերիքեին մի քանի կառավարության հրաժարականի համար։ Սակայն կոռուպցիոներներին գլխից բռնելու կոչ արած Սերժ Սարգսյանն անցել է ընդհատակ ու ձայն չի հանում։

Այս ամենն ունի երկու բացատրություն. կա՛մ վարչապետն ամեն ինչ արել է Սերժի «դաբրոյով» (ինքս հակված եմ այս տարբերակին) և հետևաբար՝ որևէ պարագայում չի հեռացվի, կա՛մ էլ Տիգրանն իր «ճիշտն» է առաջ բրդում և չի պատրաստվում հրաժարական տալ։

Իսկ Տիգրանի «ճիշտը» հետևյալն է.

1.եթե Սերժ Սարգսյանը տասը զոհի գնով դարձավ նախագահ ու մինչև հիմա մնում է իր աթոռին, ապա ինչո՞ւ պետք է ես «կակոյ նիբուծ» տնտեսության վատ կառավարման, օֆշորային մեքենայության և բյուջետային միջոցների փոշիացման պատճառով հեռանամ,

2.եթե Սերժ Սարգսյանը մարսեց իր թուրքական «վոյաժները» և վնասեց ՀՀ անվտանգությանը, ապա ինչո՞ւ պետք է ես չմարսեմ իմ կիպրոսյան «վոյաժները», այն էլ՝ անմեղ օֆշորի թեմայով,

3.եթե Սերժ Սարգսյանը տոկոս է «խփում», ապա ինչո՞ւ պետք է ես միլիոն «չխփեմ», մանավանդ որ եկամուտի բաշխման համամասնությունը չեմ խախտում. Բաղրամյան 26–ում գոհ են,

4.եթե Սերժ Սարգսյանը խաբում է, թե գազը չի թանկանա, ու հետո թանկացնում է, ապա ինչո՞ւ պետք է ես չխաբեմ ու չհայտարարեմ, թե կապ չունեմ օֆշորային պատմության հետ,

5.և ամենակարևորը՝ եթե այսքանից հետո ժողովուրդը Սերժ Սարգսյանին ու ինձ հանդուրժում է և հեղափոխություն չի անում, ապա ինչո՞ւ պետք է ես ու իմ շեֆը հեռանանք։

Ահա այս «ճշտի» շրջանակներում էլ Տիգրանը շարունակում է պաշտոնավարել։ Ցանկանանք նրան արագ ապաքինում, իսկ ժողովրդին էլ՝ դիստանցիայի պահպանում, քանզի վարչապետի մոտ սուր վարակիչ բաներ են հայտնաբերվել։ Իսկ եթե այդուհանդերձ Տիգրանի հետ մոտիկից շփվելու խիստ ցանկություն առաջանա, ապա խորհուրդ կտանք օգտվել հատուկ միջոցներից։ Վարակն ամեն դեպքում սուր է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը