Լրահոս

11.07.2009 16:02


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ  Ջեյմս Սթայնբերգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ  Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի  Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին' Նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ Ձեր այցը դիտարկում է հենց այդ տեսանկյունից»:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը' անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:

Քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարը' կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների յուրահատուկ վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ: Երկուստեք նշվել է, որ ամերիկահայերը երկու երկրները կամրջող ամուր օղակ են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև  տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Նախագահ Սարգսյանին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ուղերձը:

Այս խորագրի վերջին նյութերը