Մեկնաբանություն

27.06.2013 12:05


Սերժ Սարգսյանի տված «այո»–ներն ու ստացած «ոչ»–երը

Սերժ Սարգսյանի տված «այո»–ներն ու ստացած «ոչ»–երը

2008թ. սկսած Սերժ Սարգսյանը, «Ես տարբերվում եմ Ռոբերտ Քոչարյանից» գերկոմպլեքսավորված կարգախոսի շրջանակներում, պատերազմ հայտարարեց կոմպլեմենտար քաղաքականությանը։ Շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված նախաձեռնողական արտաքին քաղաքական գիծ որդեգրելու մասին թեզը։ Նախագահի պաշտոնին հասած մարդը, փաստորեն, չէր հասկացել քաղաքականության իրականացման ձևական ու բովանդակային կողմերի տարբերությունը։

Բանն այն է, որ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն կոմպլեմենտարիզմի, չի կարող հայեցակարգ լինել։ Նախաձեռնողականությունը ոճ է, ձև, մեթոդ, բայց ոչ հայեցակարգ և ռազմավարություն։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել կոմպլեմենտարիզմի հետ, բայց հնարավոր չէ չընդունել, որ կոմպլեմենտարիզմը հայեցակարգ է։

Մեր կարծիքով՝ Հայաստանը, մեծ հաշվով, այլընտրանք չունի, քան կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարելը, և հիմա բոլորն են համոզվում դրանում։ Պատահական չէ, որ և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ–ի, ԵՄ–ի ու ՌԴ–ի հետ հարաբերություններում փոխլրացման գիծ էին ընտրել։ Սերժ Սարգսյանը, ի դեպ, հիմա ուզում է վերադառնալ կոմպլեմենտարիզմին, բայց նրան արդեն թույլ չեն տալիս՝ հիշեցնելով իր խոստումներն ու հավաստիացումները։ Նա առանձին–առանձին բոլորին «այո» է ասել ու հիմա բոլորը նրան «ոչ» են ասում, քանզի չեն վստահում։

Լեհաստան կատարած այցի ընթացքում Սարգսյանը, փորձելով կառչել կոմպլեմենտարիզմի սկզբունքից, հնչեցրել է «և–և»–ի մասին մոտեցումը, սակայն Լեհաստանի նախագահը հակադարձել է, թե հնարավոր չէ այդպես։

Բրոնիսլավ Կոմարովսկին, ըստ «Ռեգնումի», հայտարարել է, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու տնտեսական համակարգերում և հետևաբար՝ պետք է ընտրություն կատարի (խոսքը Եվրամիության և ՌԴ առաջարկած Մաքսային միության մասին է)։ Այսինքն՝ ԵՄ–ն Լեհաստանի նախագահի շուրթերով Հայաստանի առաջ դրել է «կամ–կամ»–ի խնդիր։

Նկատենք, որ նախկինում Հայաստանին նման երկընտրանքի առաջ չեն կանգնեցրել մեր արտաքին գործընկներները։ Ո՛չ ՌԴ–ն, ո՛չ ԵՄ–ն ընտրության հարց չեն դրել, և դա կոմպլեմենտարիզմի ձեռքբերումներից էր։ Հիմա իրավիճակը փոխվել է։

Հիմա Սերժին աջից ու ձախից հիշեցնում են իր տված խոստումների ու հավաստիացումների մասին, իսկ նա չի կարողանում դուրս գալ իր տված «այո»–ների տակից։

Սերժի «նախաձեռնողականությունը», կրկնեմ, բոլորին «այո» ասելն էր։ Նրան թվում էր, թե ինքն այնքան «շուստրի» է, որ կարող է գնալ Բրյուսել ու քծնել Արևմուտքին, իսկ հետո գնալ Մոսկվա ու քծնել Պուտինին, բայց իրականում բոլորին էլ ֆռռացնել։ «Այո–մարդու» քաղաքականությունն ի վերջո բերեց այն բանին, որ Հայաստանը դարձավ անհուսալի գործընկեր, ու հիմա բոլորը Սերժի առաջ դնում են կողմնորոշվելու հարցը, ինչը ճակատագրական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար։ Սա հիշեցնում է Սևրի դաշնագրի ստորագրման ժամանակները, երբ հայկական դիվանագիտությունը «շուստրիաբար» կամ միամտաբար հա՛մ Արևմուտքի հետ էր ուզում խաղեր տալ, հա՛մ բոլշևիկյան Ռուսաստանի։ Արդյունքում խճճվեց իր անիրատեսական ցանկությունների մեջ՝ զրկվելով ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից։

Հիմա նույն բանը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում իշխանափոխությունը ոչ թե զուտ քմահաճույք է կամ համակրանք–հակակրանք տիրույթի հարց, այլ ազգային անվտանգության խնդիր։ Այսպես շարունակվելու դեպքում Սերժը մի օր էլ գիշերային որոշմամբ կարող է Հայաստանը դարձնել ռուսական գուբերնիա, կամ թուրքական վիլայեթ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը ոչ միայն փորձում է վերադառնալ կոմպլեմենտար քաղաքականությանը, այլև Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում 2007–ի բանակցային վիճակին։ Հարցն այն չէ, որ 2007–ին ՀՀ իշխանությունների բանակցած փաստաթուղթը լավն էր կամ վատը։ Հարցը տվյալ դեպքում այն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Սերժը, «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում, իջեցրել է հայկական կողմի նշաձողը ու փորձում է հերոսաբար հետ բերել կորցրածը։ ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջերս արած հայտարարությունը Սերժի ձախողված քաղաքականության փաստի արձանագրումն էր։

Հ.Գ.-2: Սերժ Սարգսյանի խայտառակ արտաքին քաղաքականության համար պատասխանատու է ոչ միայն ինքը, այլև իր սազանդար–հաճախորդները, որոնք «Արևմտամետ Սերժի» մասին հեքիաթի միջոցով փորձում են լեգիտիմացնել իրենց գեղամյանությունը։ Ըստ այդմ՝ «անկախ» լրատվամիջոցները, Սերժի հետ համատեղ արխիվային նկարները «Առավոտ» թերթում տպելու միջոցով Սերժին քծնող Դավիթ Շահնազարյանը, Նեմեց Ռուբոյի կուռացիայի տակ եվրոպամետություն խաղացող արամզավենիչները, «սութի» արևմտամետները և մյուս թրքաբոլշևիկները հավասարապես պետք է պատժվեն։ Ոչինչ չի մոռացվելու։ Պետության անվտանգությանը հասցված հարվածները վաղեմության ժամկետ չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը