Մեկնաբանություն

27.06.2013 18:00


Օֆշորի Տիկոն ու Գորիսի Լիսկան

Օֆշորի Տիկոն ու Գորիսի Լիսկան

Սերժ Սարգսյանը խառն է, շատ խառը։ Յուրայինները հայտնվել են սկանդալի մեջ ու ոչ մի կերպ չեն կարողանում տակից դուրս գալ։

Որքան էլ «արևմտամետ» ու «բարեպաշտ» Տիգրան Սարգսյանը երդում–պատառ է ուտում, թե ինքը կապ չունի օֆշորի հետ, միևնույն է նրա ասածներին ոչ մեկը չի հավատում (անգամ փյունիկի պես ԱԺՄ փլատակների տակից հառնած և իր նախկին կուսակցին օգնության հասած Արշակ Սադոյանը)։ Չի հավատում, քանզի վարչապետը բռնվել է փաստի վրա։ Եվ ոչ միայն օֆշորի հարցում։ ՎՊ–ի բացահայտումները հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական բյուջեն Տիգրանի համար «օֆշորային» տարածք է կամ «ատկատահեն» տնտեսություն կառուցելու միջոց։

Տիգրանից ոչ պակաս ծանր դրության մեջ է հայտնվել նաև Սուրիկ Խաչատրյանը։ Ճիշտ է, ի տարբերություն վարչապետի, նախկին մարզպետի պահով ուղղակի ապացույցներ չկան այն մասին, որ նա է կատարել հանցագործությունը (Ավետիք Բուդաղյանի սպանությունը), բայց ամեն դեպքում իր տան բակում է եղել դեպքը և հարուցված գործով անցնում է տղան։

Սերժ Սարգսյանն այս երկու թեմաներով էլ ծպտուն չի հանել, բայց դա աղմկոտ լռություն է։ Լռությունն ամեն ինչ ասում է։ Սերժը պարզապես չի կարող խոսել։ Խոսի, որ ի՞նչ անի։ Իր փոխարեն խոսում են «անկախ» լրատվամիջոցները, Տիգրանը, Սուրիկն ու իրավապահ մարմնինները։ Սկանդալի «հերոսներն» արդարանում են, «անկախ» լրատվամիջոցները «քաղաքացիականության» դիրքերից արդարացնում են թալանը, դե իսկ իրավապահներն էլ սպասում են հրահանգի։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Տիգրան Սարգսյանն իր համար հանգիստ տանը նստած է եղել, իսկ ահա նրա չուզողներն, օգտվելով առիթից, օֆշորում կազմակերպություն են բացել ու չարամտորեն հարստացրել նրան։ Մութ ուժերի նենգությունն այն աստիճանի է հասել, որ հերիք չէ 10 միլիոն դոլարանոց վարկաբեկման օպերացիա կազմակերպեցին, դեռ մի բան էլ 100 հազ. դոլար ծախսել են, որպեսզի թեման «տաք» պահեն։

Սուրիկ Խաչատրյանի պահով էլ գրեթե պաշտոնական վարկած է դարձել այն, որ Բուդաղյան եղբայրների վրա կրակելը եղել է անհրաժեշտ պաշտպանություն (Լիսկան իր համար տանը քնած է եղել, իսկ ահա նրա չուզողները հարձակվել են տան վրա)։

Ահա սրանք են Սերժ Սարգսյանի մեսիջները հանրությանը, նախաքննության մարմիններին և իշխանական տարբեր թևերին։ Ուրիշ բան նրանից սպասել պետք էլ չէ։ Տվյալ դեպքում անհասկանալի են այն հայտարարությունները, թե նախագահը պետք է ուղերձով հանդես գա։ Հանդես գա, որ ի՞նչ անի։

Սերժն իր ներկայիս պահվածքով արդեն իսկ յուրօրինակ ուղերձ հղել է։ Սերժի համար թանկ են ինչպես Գորիսի Լիսկան, այնպես էլ Օֆշորի Տիկոն, քանզի առաջինի միջոցով նա տոկոս է «խփում», իսկ երկրորդի մջոցով՝ փող։

Սուրիկն ու Տիգրանը իշխանության երկու դեմքերն են՝ մեդալի երկու կողմերը, իսկ փողն ու տոկոսը Սերժի իշխանության խորհրդանիշներն են։ Այդ իսկ պատճառով էլ Սերժը չի ուզում հանձնել նրանց։ Նա բնազդաբար է զգում, որ խորհրդանիշների կործանումն իր հետևից կբերի իշխանական բուրգի փլուզմանը։ Ահա այդ իսկ պատճառով էլ Տիգրանին ու Սուրիկին ատամներով են պահում և նույնիսկ փորձում են նրանց ներկայացնել որպես զոհ։

«Սրբազան ավազակաորջում» մտածողության հեղափոխությունը նոր թափ է հավաքում։ Գնդակը հիմա մեր՝ հանրության դաշտում է։ «Կամ–կամ»–ի ժամանակը վաղուց եկել է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը