Մեկնաբանություն

28.06.2013 09:45


Տիգրանի վերջին օրերի «սրբերը»

Տիգրանի վերջին օրերի «սրբերը»

Անկախ այն հանգամանքից, թե որքան կշարունակի վարչապետի պաշտոնում մնալ Տիգրան Սարգսյանը՝ որպես քաղաքական ու պետական գործիչ նրա էջն արդեն փակված է։ Իհարկե, վաղուց էր փակված այդ էջը (2009թ. Հայաստանում արձանագրվեց աշխարհի մակարդակով ամենամեծ տնտեսական անկումներից մեկը), բայց օֆշորն ու բյուջեի թալանի մասին ՎՊ նախագահի հայտարարությունը «հանդիսավոր» դարձրին փակման արարողությունը։

Նոր էջ Տիգրանի կյանքում կբացվի միայն ամբողջական իշխանափոխությունից հետո։ Խոսքս քրեական օրենսգրքի համապատասխան էջի մասին է, որը կբացվի օֆշորային «վոյաժների», ՀՀ պահուստային ոսկու վաճառքի, դոլար–դրամ խաղերի, միլիարդավոր դոլարների հասնող վարկային միջոցների փոշիացման, «ատկատների», «տենդերների», բիոզուգարանների և այլ «լվացքային» պատմությունների հետ կապված։

Իսկ առայժմ պարզապես պետք է զվարճանալ՝ կառավարության նիստերին հետևելով։ Պետք է նաև նայել Տիգրանի հակակոռուպցիոն ու հակաատկատային դեմքի արտահայտությանը և հասկանալ, թե մինչև ուր է հասնում նրա ցինիզմը։

«Հետքի» երկրորդ հրապարակումից հետո երևի արդեն գազանանոցի կապիկներին էլ հնարավոր չէ համոզել, որ վարչապետն ու Կճոյանը միամիտ–միամիտ օֆշորային պատմության մեջ են հայտնվել։ Հիմա նույնիսկ վարչապետի կուսակիցներն են նրանից խուսափում ինչպես բորոտից (թարսի պես էլ աղիքային սուր ինֆեկցիան գլուխ բարձրացրեց)։

«Խոխման» այն է, որ Տիգրանը դեռ շարունակում է դիմադրել։ Ճիշտ է, դա այնքան էլ հաջող չի ստացվում նրա մոտ, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ մի քանի «մահապարտների» նա, այդուհանդերձ, կարողացել է գտնել ու նետել մարտի դաշտ։

Վարչապետի հույսը հիմա «ընդդիմադիրի» պիտակի տակ փաստաբանություն անողներն են։ Այդ մարդկանց կարելի է համարել «Տիգրանի վերջին օրերի «սրբեր»» աղանդի անդամներ։

Տիգրանի վերջին օրերի «սրբերի» կողմից պատվիրատուին օգնելու համար կիրառվում է «Խի մենակ Տիգրան Սարգսյա՞նն է թալանչի, որ նրան եք վրա տվել» մարտավարությունը, ինչպես նաև «Գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին» հայտնի մեթոդը։

Այսպես, Տիգրան Սարգսյանին փաստերի ճշման տակ մեղադրում են ալան–թալանի մեջ, իսկ նա Հայկազն Ղահրիյանին պատկանող «Lragir.am»–ով պատասխանում է, թե Տիգրան Սարգսյանը օֆշորային սկանդալի արդյունքում ուժեղացավ, քանի որ հիմա նա արդեն լիովին «յուրային» է, անձեռնմխելի ու անպատժելի։ Եվ նման բաներ գրում է մի կայք, որը լրատվական դաշտում իրեն դիրքավորել է արևմտամետության և քաղաքացիականության հատվածում։ Փաստորեն, քաղաքացիականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է օֆշորային մեքենայությունների հարցով վարչապետի համար փաստաբանություն անելը։

Եթե «lragir.am»–ին ուրախություն է պատճառում այն, որ փողերի լվացման փաստով բռնված Տիգրանն ուժեղացել է, քանզի դարձել է անպատժելի, ապա նույն տրամաբանությամբ սույն կայքը պետք է նաև դառնա «Լիսկայի վկաներ» աղանդի մոլի հետևորդ, քանի որ Սյունիքի նախկին մարզպետն անպատժելիության քայլող մարմնավորում է անհիշելի ժամանակներից։

Հովիկ Աբրահամյանը խոսում է գործադիր մարմնում առկա թալանի մասին, իսկ Տիգրանը ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատող իր կադրի միջոցով հայտարարում է, թե Մխչյան գյուղում Հովիկի հարազատներն օգտվել են դիզվառելիքի պետական դոտացիայից։ Տխրահռչակ «lragir.am»–ն էլ շտապում է հավասարության նշան դնել դիզվառելիքի ձեռքբերման և բյուջետային միջոցների թալանի հետ։

Նախ նկատենք, որ պետական դոտացիայով դիզել գնելով՝ Հովիկի հարազատները օգուտ են տվել Տիգրան Սարգսյանին ու նրա գործընկերոջը՝ «Ֆլեշի» ղեկավար Բարսեղ Բեգլարյանին, քանի որ վաճառված յուրաքանչյուր լիտրի դիմաց «Ֆլեշը» դոտացիա է ստացել պետբյուջեից՝ ապահովելով սեփական ապրանքի իրացում։ Բացի այդ՝ եթե նույնիսկ Հովիկի հարազատները «ղալաթ» են արել ու «Ֆլեշին» են հարստացրել, ապա մի՞թե դա իրավունք է տալիս Տիգրանին պետական ռեկետով զբաղվել ու «քցել» Փայլակ Հայրապետյանին։ Մի՞թե ԱԺ խոսնակի շրջապատի սերն առ էժան գնով դիզվառելիք կանաչ լույս է վառում Տիգրանի առաջ՝ բյուջետային միջոցներն «ատկատելու» համար։

Տիգրան Սարգսյանին ասում են, թե փաստով ապացուցված է, որ ինքը ներգրավված է եղել Փայլակ Հայրապետյանի «քցման» գործընթացում և օֆշորային այն կազմակերպությունը, որին «Ամերիաբանկից» գումարներ են փոխանցվել, հանդիսանում է նաև իր սեփականությունը, իսկ վարչապետը, օգտվելով «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի «պասից», հայտարում է, թե «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային կազմակերպության գրանցման օրը եղել է Պրահայում։ Ասենք Պրահայում է եղել, հետո ի՞նչ։ Չէ՞ որ նույն Տիգրանի խոսքերով՝ օֆշորում հնարավոր է գրանցվել նաև առանց ֆիզիկական ներկայության։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում։ Հնարավոր է գրանցվել։ Կճոյանի «Բենթլին» վկա։

Նիկոլը մեկ այլ հարցում էլ է «դոշ» տալիս վարչապետի համար՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումներից հետո շրջանառության մեջ դնելով վերջինիս առանձնատան թամաշան։ Փաստորեն, Իշխանը խոսում է վարչապետի կոռուպցիոն ռիսկերից, իսկ Տիգրանն էլ Նիկոլի միջոցով թե «դու հլա քո դղյակին նայիր»։ Այն որ Իշխանը մի բարի պտուղ չէ, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն Իշխանի՝ բարի պտուղ չլինելը չի լեգիտիմացնում Տիգրան Սարգսյանի 200 միլիոն դոլարանոց կոռուպցիոն ռիսկերը, որքան էլ որ լեգիտիմացման փորձ անի Նիկոլ Փաշինյանը։

Անցնենք առաջ։

Տիգրան Սարգսյանին փաստերի օգնությամբ մեղադրում են 10 միլիոն դոլար օֆշորներում «լվանալու» մեջ, իսկ նա «փչացած պատեֆոն» հիշեցնող իր նախկին կուսակից Արշակ Սադոյանի շուրթերով հայտարարում է, թե օֆշորի հարցը գալիս է դեռևս վաղնջական ժամանակներից, այն է՝ Լևոն Տեր–Պետրոսյանից ու Ռոբերտ Քոչարյանից։ Լավ, ենթադրենք օֆշորային գործարքների հիմնադիր նախագահը Լևոնն է, իսկ նրա գործի շարունակողը՝ Ռոբերտը։ Դա թո՞ւյլ է տալիս Տիգրան Սարգսյանին օֆշորներում փողեր լվանալ։ Կարո՞ղ է մի օր պարզվի, որ վարչապետի օֆշորային արկածները ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների «նավսի» հետևանք է։ Կարո՞ղ է Տիգրանի վերջին օրերի «սրբերի» շարքին դասված Սադոյան Արշակը մի օր հայտարարի, թե Տիգրանին մութ ուժերը 90–կաններին թուղթ ու գիր են արել և այդ իսկ պատճառով է նա սկանդալի կիզակետում հայտնվել։ Դատելով ամենից՝ նմանատիպ մարազմատիկ բաները չեն բացառվում։

Տիգրան Սարգսյանին ասում են, թե օֆշորի հարցում ծիծաղելի են իր հակափաստարկները, իսկ նա Արամ Աբրահամյանի «Առավոտ» թերթի միջոցով տարածում է, թե օֆշորի թեման «տաք» պահելու համար որոշ շրջանակներ 100 հազ. դոլար փող են ներդրել։ Ա՛յ մարդ, ինչո՞ւ 100։ Միգուցե 500 հա՞զ. դոլար են ներդրել, իսկ Արամն էլ, որպես սկզբունքային լրագրող, չի մտել այդ խաղի մեջ ու ձգտել է ամեն կերպ «սառը» պահել օֆշորի թեման։ Դա ազատու՞մ է վարչապետին քրեական ու քաղաքական պատասխանատվությունից։ Իհարկե՝ չի ազատում։ Հետևաբար՝ ի՞նչ կարիք կար «փուռը» տալ «Առավոտին» և նմանատիպ լուրեր տարածելու միջոցով «փչացնել» «ո՛չ նալին, ո՛չ մեխին» հայեցակարգով մի կերպ դեմքը պահող այդ թերթին։

Կործանվելիս չի կարելի բոլորին հետևիցդ քարշ տալ, պարո՛ն վարչապետ։ Հետո ինչ, որ փաստաբաններդ «Տիգրանի վերջին օրերի «սրբեր»» աղանդի անդամներ են։ Մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք։ Այնպես արեք, որ ձեզ «պերեդաչի» բերող լինի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը