Լրահոս

13.07.2009 14:34


ԲՀԿ–ի օրակարգում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը չկա

ԲՀԿ–ի օրակարգում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը չկա

-Արտգործնախարարի հրաժարականի հարցը մեր քաղաքական օրակարգում այս պահին չկա,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստայնը՝ անդրադառնալով ԼՂՀ-ում կազմակերպված ՀՅԴ խորհրդաժողովի մի շարք մասնակիցների կողմից բարձրացված՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի մասին պահանջին։

Խ. Գալստյանը նաև նշել է, որ ղարաբաղյան հարցը միակն է, որի կապակցությամբ իշխանական վերնախավում կա լիակատար համաձայնություն։

-Ո՛չ մի իշխանություն ո՛չ մի գնով ի վնաս Ղարաբաղի ժողովրդի շահերի՝ որևիցե համաձայնագիր չի կարող կնքել։ Սա մեր ժողովուրդը պետք է հասկանա, վստահի իշխանություններին և հանգիստ լինի։ Որևիցե մարդ այս երկրում ի վնաս մեր ժողովրդի, մեր ազգային պետական շահերի՝ ԼՂ-ի հարցում որևիցե զիջում որևիցե ուժի չի պատրաստվում անել,- ասել է Խ. Գալստյանը՝ հավելելով, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց հայտնի չեն, բայց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի մատնանշած այն կետերը, որ Հայաստանը ԼՂ-ի հետ պետք է ցամաքային սահման ունենա, լինեն անվտանգության երաշխիքներ, և կարգավիճակի հարցն առաջնային լինի, «Բարգավաճ Հայստանին» բավարարող սկզբունքներ են.

-Մեզ համար սկուզբունքային է, որ ԼՂ-ի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Ես կարծում եմ, որ մեր նախագահի բանակցություններն էլ հիմնականում միտված են՝ նպաստելու ԼՂ-ի միջազգային ճանաչմանը։

Խ. Գալստյանի խոսքերով՝ այսօր հասունացել է որպես բանակցային կողմ ԼՂ-ին ներգրավելու անհրաժեշտությունը, և հիմնարար սկզբունքների շուրջ երկու երկրների նախագահների համաձայնությանից հետո հաջորդ հարցն էլ դա պետք է կլինի։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը, ապա, ըստ Խ. Գալստյանի, տրամաբանական է, որ Հայաստանն այս պահին չի ճանաչում այն.

-Մենք պետք է նայենք նախադեպերը։ Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ։ Այլապես, մենք կհայտնվենք Թուրքիայի կարգավիճակում, որը միակ երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թրքական հանրապետությունը։ Թե դա ի՞նչ է տվել թուրքական դիվանագիտությանը, կարծում եմ, զրո միավոր։ Եվ այդ զրո միավորը Հայաստանը չի պատրաստվում ստանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը