Մեկնաբանություն

29.06.2013 10:50


Բացահայտիչ, բացահայտյալ

Բացահայտիչ, բացահայտյալ

«Ֆոտոլուրի» թղթակիցն այս պահն անմահացրել է ՀՀ դատախազության գործունեության 95-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ: Երկուսն էլ փայլում են։ Այսինքն՝ կարողացել են թաքցնել ներքին լարվածությունը։

Նկատենք, որ վարչապետի ու գլխավոր դատախազի համատեղ նկարները յուրօրինակ խորհուրդ են պարունակում, քանզի միշտ չէ, որ «բացահայտիչն» ու «բացահայտյալը» իրար ինչ–որ բան են նվիրում կամ իրարից նվեր ստանում։

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանն օֆշորի գործի հետ կապված դիմել է դատախազություն, որպեսզի վերջինս բացահայտի, թե ով է փորձել 10 մլն դոլարի չափով վարկաբեկել իր հեղինակությունը։ Աղվան Հովսեփյանը, ահա, պետք է պարզի մի բան, որը պարզ է անգամ նախադպրոցական տարիքի երեխաներին։

Վարչապետի ու Աղվան Հովսեփյանի ճանապարհները հատվելու են նաև Վերահսկիչ պալատի բացահայտումների թեմայով։ Բանն այն է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Իշխան Զաքարյանի բացահայտումներն ուղարկել է գլխավոր դատախազություն։ Իսկ դա նշանակում է, որ Աղվանը պետք է ոչ միայն բացահայտի օֆշորներում Տիգրանի պատվի հետ խաղացողների անունները կամ անունը (Աշոտ Սուքիասյանը շտապել է հայտարարել, թե այդ «Խաչիկյանն» ինքն է), այլ նաև պետական բյուջեի միջոցները 70 մլրդ դրամի չափով անարդյունավետ օգտագործելու միջոցով նույն Տիգրանի բարի համբավն արատավորողներին։

Ի դեպ՝ և՛ օֆշորի, և՛ բյուջետային թալանի մասով Տիգրանը մեղադրում է բոլորին ու «սուխոյ ատկազ» կանգնում։ Թե ինչպես է այս պայմաններում աշխատելու դատախազությունը, մնում է միայն ենթադրել։

Ծանր, շատ ծանր գործ է բաժին հասել Աղվան Հովսեփյանին։ Նա պետք է բացահայտի, որ Տիգրանն իր կամքից անկախ դարձել է օֆշորային կազմակերպության համասեփականատեր՝ հընթացս հարստանալով մի քանի միլիոն դոլարով, ինչպես նաև այնպես ուսումնասիրի ՎՊ բացահայտած չարաշահումները, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ քյաբաբը։ Եվ այս ամենը Հովսեփյանը պետք է անի օրենքի շրջանակներում։

Մի խոսքով՝ Աղվանը շատ բարդ խնդրի առաջ է կանգնած։ Նրան հիմա հետևյալ խորհուրդը կարելի է տալ. եթե չգիտես ինչպես վարվել, վարվիր օրենքով։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը