Մեկնաբանություն

29.06.2013 11:20


Վայ ձեզ փարիսեցիներ

Վայ ձեզ փարիսեցիներ

Օֆշորային սկանդալի «հերոսներից» մեկը տարածված տեղեկությունները հերքել-հաստատելու գործում այնքան է խճճվել, որ թերեւս արդեն ինքն էլ իրենից գլուխ չի հանում:

«Հետք» կայքը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկն, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:
Արարատյան Հայրապետական թեմի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը:
Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը»:
Այժմ տեղին է հիշեցնելը «նախկինում հնչող զրպարտությունների շարքը», որոնցից գոնե երկուսը նույն Կճոյանը հաստատել է:
Օրեր առաջ նշված կայքը տեղեկացրեց, որ օֆշորային եռյակը երեք անգամ եղել է Կիպրոսում:
Կճոյանը «պաուզան» ձգեց մի քանի օր, իսկ հետո «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ստիպված եղավ խոստովանել, որ օֆշորային գործընկերոջ եւ եկեղեցու խաչքավորի հետ եղել է Կիպրոսում. «Վերադառնալով Աշոտ Սուքիասյանին՝ ասեմ, որ նա եղել է Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորը, և այդ շրջանակներում ես նրա հետ, իրոք, բավականին մտերիմ եմ եղել: Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով»:
Որքան հասկանում ենք, ազգությամբ բելառուս «ոմն Սերգեյը» նույն ինքը՝ Սերգեյ Տրյուկազյուկն է, որի հետ (ինչպես նաեւ վերը նշված երկու գործարարների հետ) Նավասարդ Կճոյանը, Տիգրան Սարգսյանը եւ Աշոտ Սուքիասյանը 2010-ին հանդիպել եւ միասին ճաշել են «Նոյան տապան» ռեստորանում:
Հաջորդ «զրպարտությունը» վերաբերում է զենքի հետ կապված պատմությանը:
Տարիներ առաջ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Կճոյանը զենք ունի, Արարատյան Հայրապետական թեմը կտրականապես հերքեց այդ «ապատեղեկատվությունը»: Սակայն, երբ «Հետք»-ը կառավարությունից պահանջեց զենքով պարգեւատրված անձանց ցուցակը եւ այնտեղ գտավ նաեւ Սամվել Կճոյանի անունը, թեմը ստիպված եղավ հաստատել այդ տեղեկությունը: Քանզի Սամվել Կճոյանը նույն ինքը՝ Նավասարդ Կճոյանն է:

Այսքանից հետո մեզ մնում է նորից հիշել Աստվածաշնչում գրվածը. «Վայ ձեզ դպիրներ ու Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով: Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօէնութիւնով»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը