Լրահոս

13.07.2009 15:45


Շուշիում տեղի է ունեցել «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի ցուցահանդես-վաճառքը

Շուշիում տեղի է ունեցել «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի ցուցահանդես-վաճառքը

Շաբաթ օրը, հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում կայացել է Թաթուլ Հակոբյանի' «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի ցուցահանդես-վաճառքը: Գրքի հեղինակը ներկաներին ասել է, որ Շուշիում նման միջոցառում անցկացնելը արդարացված է գոնե երեք պատճառով' հայոց բերդաքաղաքը եղել է հայ գրքի, մամուլի եւ տպագրության կարեւորագույն օջախներից, երկրորդ' Շուշին եղել է արցախյան ազատամարտի փառավոր էջերից, եւ երրորդ' 600 էջանոց այս գրքում բավականին մանրամասն ներկայացվել է Շուշիի հերոսական, երբեմն' ողբերգական անցյալն ու այսօրվա վիճակը:

Շուշիի շրջանային վարչակազմի աշխատակազմի ղեկավար, հերոսական Քարինտակ գյուղի երկար տարիների գյուղապետ եւ արցախյան ազատամարտի մասնակից Գրիշա Հովհաննիսյանը ներկաներին ասել է, որ գրքի հեղինակին ճանաչում է նախ եւ առաջ որպես լրագրողի, ով բազմաթիվ անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, հանդիպել շարքային արցախցիների հետ, Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակիչների մասին հրապարակումներ պատրաստել հայկական մամուլի համար:

Գրքի հեղինակը ասել է, որ ինքը ղարաբաղյան պատերազմը, բանակցային գործընթացը եւ ավելի քան 15 տարի շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը գրքում ներկայացնում է մարդկային ողբերգությունների, խեղված ճակատագրերի ու տառապանքների ենթատեքստում ոչ այն պատճառով, որ չարժեր ու անիմաստ էր այդքան թանկ գին վճարել արցախյան ազատամարտի դիմաց, այլ ընթերցողին կրկին հիշեցնելու, որ այդ հաղթանակների հետ պետք է վարվել խնամքով, չփոշիացնել ավելի քան վեց հազար հայերի արյան գնով ձեռք բերված նվաճումը:

Շուշիում «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի ցուցահանդես-վաճառքի ընթացքում գնվել է 19 օրինակ:

Գիրքը 1000 օրինակով հրատարակվել է 2008 թ. սեպտեմբերին: Անցնող 10 ամիսների ընթացքում սա գրքի 11-րդ շնորհանդես-վաճառքն էր: Մինչ այդ նման միջոցառումներ են կազմակերպվել Ստեփանակերտում, Երեւանում, Բեյրութում, Այնճարում (Լիբանան), Հալեպում (Սիրիա), Հադրութում, Գյումրիում (երկու անգամ), Մարտակերտում եւ Մարտունիում: Առաջիկայում տեղի կունենա «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի երկրորդ հրատարկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը