Մեկնաբանություն

01.07.2013 11:45


Կղերա–օլիգարխիան և պետության վախճանը

Կղերա–օլիգարխիան և պետության վախճանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ տեղի ունեցած օֆշորային մեքենայությունները սխալ է դիտարկել զուտ որպես կոռուպցիայի կամ պաշտոնական դիրքի չարաշահման դեպք։

Գործարար Փայլակ Հայրապետյանին «քցելու» պատմությունը ցույց է տալիս, որ գործ ունենք պետական և եկեղեցական լծակների օգտագործման միջոցով սեփականության կոպիտ վերաբաշխման հետ։ Սա աննախադեպ բան է անկախ Հայաստանի պատմության մեջ։ Բոլոր իշխանություններն ել հեռու չեն եղել բիզնեսից, բայց որ օստապբենդերական ոճով փորձ արվի բիզնես ու սեփականություն խլել, նման բան չի եղել։ Սա, իրոք որ, «մտածողության հեղափոխություն» է։

Օֆշորային գործը շոշափում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են իշխանության և բիզնեսի սերտաճումը, եկեղեցու և բիզնեսի սերտաճումը, ինչպես նաև եկեղեցու և պետության սերտաճումը։ Այդ բոլոր սերտաճումները մահացու վտանգ են ներկայացնում պետության համար։ Խոսքը հատկապես վերաբերում է պետության և եկեղեցու սերտաճմանը, որը բերում է կղերա–օլիգարխիկ համակարգի ստեղծմանը։

Կղերա–օլիգարխիկ համակարգը քաղցկեղի պես մի բան է և քայքայում է պետության կենսական օրգանները։ Պատմությունը ցույց է տվել, որ որքան ընդլայնվում է եկեղեցու սեփականությունը, և որքան շատ է հոգևոր դասի ներկայացուցիչը մխրճվում բիզնեսի մեջ (այն էլ իշխանության հովանավորությամբ), այնքան թուլանում է պետությունն ու ի վերջո մահանում։

Ճիշտ է, Տիգրան Սարգսյանն իր տեսական դատողություններում մի փոքր այլ ճանապարհ էր նախատեսել պետության վախճանի համար, սակայն ակնկալվող արդյունքի տեսանկյունից նա կարող է հանգիստ լինել. եթե այսպես շարունակվի, ապա նա իր նպատակին կհասնի՝ «Հայկական աշխարհը» կկառուցվի։

Եկեղեցու կոմերցիալիզացիան, իշխանության «տերտերականացումը» և կոմերցիայի «կրոնականացումը» ուղիղ գծով տանում է պետությունը դեպի վախճան, ինչը բնականաբար թույլ տալ չի կարելի։ Իսկ թույլ չտալու համար պետք է «տաք» պահել այս թեման այնքան, մինչև որ կղերա–օլիգարխիայի դիրքերը չթուլանան ու վերջնականապես չզրոյացվեն։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի անդրադառնում օֆշորի գործին։ Պատճառը, թերևս, այն է, որ նա աստվածավախ մարդ է և չի ուզում նեղացնել հոգևոր դասի ներկայացուցչին։

Դե, իսկ Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը հավատում է այնպես, ինչպես ինքնախարազանման միջոցով բարձրյալին սեր խոստովանող ֆանատիկոսը։ Մանավանդ որ Սերժի հավատքն առ Տիգրան շատ եկամտաբեր է։

Այս խորագրի վերջին նյութերը